Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԻԳ-ԱՊԱՐԱՆԸ» ՀԱՍԵԼ Է ԻՍՊԱՆԻԱ

Մայիս 12,2007 00:00

Իսպանիայում հայերը ոչ համայնք ունեն, ոչ թերթ, ոչ ռադիո, ոչ էլ հեռուստատեսություն

Սենյակներից մեկում տղամարդիկ նարդի են խաղում՝ խաշի, խորովածի «վրա», մյուս սենյակում էլ կանայք սուրճ են խմում ու խոսում առօրյա հոգսերից. տիպիկ հայկական այս միջավայրը Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող Իսպանիայի Թագավորությունում է, Վալենսիա քաղաքի Ռուայա 33 հասցեում: Մի քանի ամիս առաջ՝ դեկտեմբերին, այստեղ մեծ շուքով բացվեց հայ-իսպանական «Նիգ-Ապարան» միությունը: Կենտրոնի անունը պայմանավորվել է միության նախագահ, ծագումով ապարանցի Լեւոն Պետրոսյանի ընտրությամբ: «7-8 տարի առաջ, երբ սկսվեց հայերի հոսքն Իսպանիա, չկար որեւէ կազմակերպություն, որ համախմբեր մեզ մի տանիքի տակ: Ամեն մեկս յուրովի հաղթահարեցինք դժվարությունների մեր բաժինը ու հիմա, փառք Աստծո, արդեն ոտքի ենք կանգնել, շատ-շատերն ունեն տուն, հաստատուն աշխատանք ու արդեն մտածում ենք այսպիսի միություններ ձեւավորելով օգնել իրար եւ ստեղծել կազմակերպված իսպանահայ համայնք»,- «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց Լ. Պետրոսյանը: Հայ-իսպանական միություններ կան նաեւ Մադրիդում, Բարսելոնում եւ Վալենսիայի արվարձան՝ Միսլատա քաղաքում:

«Սառույցը սկսում է տեղից շարժվել՝ արդեն մտածում ենք միասնական ծրագրեր նախագծելու շուրջ։ Ավելին՝ ապրիլի 22-ին մեր միությունների համատեղ ջանքերով Մադրիդում կազմակերպեցինք բողոքի երթ՝ նվիրված Ցեղասպանությանը: Այնուհետեւ Բարսելոնում կայացավ գիտաճանաչողական սեմինար, որին մասնակցեցին իսպանացի պատմաբաններ, գրողներ, լրագրողներ, նաեւ՝ տեղական իշխանության ներկայացուցիչներ: Սա զուտ հերթական միջոցառում չէր՝ իսպանացիները ոչինչ կամ գրեթե ոչինչ չգիտեն հայ ազգի պատմության մասին»,- շարունակեց մեր զրուցակիցը: Մյուսներն էլ հավաստեցին, որ հիմա իսպանացիները շատ լավ տարբերում են հայերին՝ նախկին խորհրդային տարածքից եկած այլազգիներից ոչ թե արտաքինով, այլ աշխատասիրությամբ ու համեստությամբ, բարեկիրթ վարք ու բարքով. «Նույնիսկ Գերմանիայից, Հոլանդիայից ու եվրոպական այլ երկրներից եկած այն հայերը, որոնք տարիներ շարունակ ապրել են Կարմիր խաչի միջոցներով, իսկ շատերը նաեւ՝ գողությամբ, մեզ մոտ ապրում են միայն հալալ քրտինքով, ինչքան էլ որ իրենց համար դժվար լինի՝ ուրիշ ձեւ չունեն։ Եթե 1-2-ն էլ կան՝ ինչ-որ ժամանակ կբռնվեն, չէ՞, ու կզրկվեն աշխատանքի եւ բնակության իրավունքից: Իսկ դրան հասնելը հեշտ չէ»:

Կենտրոնի դպրոցում դասավանդում է ուսուցչուհի Անահիտ Նիկողոսյանը: Շուրջ 30 տարի նա աշխատել է Երեւանի թիվ 88 դպրոցում որպես դասվար: Իսկ 7 տարի առաջ՝ Իսպանիա ճանապարհվելիս, չի մոռացել իր հետ վերցնել Այբբենարանի եւ հայերեն տառուսուցման տետրի մեկական օրինակ. «Ես մտածում էի, որ մի օր դրանք պետք կգան, մեր երեխաների մեջ կլինեն փոքրիկներ, որոնք նոր պետք է դպրոց գնան եւ հայերեն լեզուն սովորեցնելու անհրաժեշտություն կառաջանա: Այդպես էլ եղավ: Այբբենարանն ու տետրը արտատպեցինք-բազմացրինք, ու հիմա բոլոր ցանկացողների համար մեր դպրոցի դռները բաց են»: Դպրոցում սովորում են ոչ միայն գրել-կարդալ, այլեւ հայ գրականություն ու պատմություն, որը դասավանդում է Էսթեր Ասլիկյանը: Արդեն 20-25 աշակերտ ունեն: Տանն ինտերնետ կապ ունեցողները պարբերաբար կարդում են նաեւ հայաստանյան օրաթերթերից մի քանիսը, հիմնականում՝ ընդդիմադիր դաշտի: «Մենք ուզում ենք տեղեկություններ հաղորդել ու ստանալ, բայց հայրենիքի հետ կապ չկա»,- ասաց միության նախագահը: Ամենասերտ շփումը, սակայն, իսպանախոս արգենտինահայ համայնքի հետ է՝ նորություններ են փոխանակում, այցեր էլ են լինում: «Մեր բոլոր ձեռնարկները լուսաբանվում են միայն Արգենտինայում՝ այնտեղ հայերն ունեն թերթ, ռադիո եւ հեռուստաալիք: Ցանկություն ունենք շփումն ամրապնդել հատկապես Հայաստանի հետ: Թե չէ այսպես կղզիացած ապրելով՝ հայություն չես պահպանի»,- նեղսրտեց Լ. Պետրոսյանը: Ավելին, Վալենսիայի հայերը դժգոհ էին, որ հատկապես տեղյակ չեն լինում, երբ որեւէ հայկական մշակութային խումբ է հանդես գալիս իրենց մոտ: Վերջերս, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում կազմակերպված փառատոնին Վալենսիայում մասնակցել է նաեւ «Բերդ» պարի համույթը, բայց «մինչեւ իմացանք՝ արդեն ուշ էր, եւ ոչ մի հայ դահլիճում չի եղել»:

Նկատենք, որ անցած 7-8 տարիների ընթացքում մեկիկ-մեկիկ եկել եւ արդեն նշանակալի թիվ են կազմում հայերը՝ շուրջ 45 հազար մարդ: Ապրում են հիմնականում մեծ կուտակումներով՝ Վալենսիայում, Բարսելոնում, Մադրիդում, Ալեկանտեում, Սեւիլիայում եւ այլուր: Ներքին կապի համար չունեն թերթ, ռադիո, նաեւ՝ եկեղեցի: Մի քահանա ունեն՝ տեր Մասիսը, Արգենտինայից է եկել, հարկ եղած դեպքում նրա ներկայությունն էլ է դժվար ապահովել, քանի որ ապրում է Մադրիդում: Իմ զրուցակիցները, սակայն, վստահ են, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում՝ իշխանությունները բարեհաճ են հայերի նկատմամբ, եւ ժամանակի ընթացքում իրենց կհաջողվի ստեղծել լավ կազմակերպված գործող համայնք: Իսկ այսօր իրենց միությունն ունենալն էլ մեծ մխիթարություն է՝ շաբաթ-կիրակի հավաքվում են, երբեմն՝ խաշ են ուտում, երբեմն՝ ծնունդ ու կնունք են անում։ Եվ ամեն հավաք սկսվում է սովոր մի հարցից՝ «Ի՞նչ կա Հայաստանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել