Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԵԺԽՆԴԻՐ ԿԼԻՆԵՆ 13-ԻՑ ՀԵՏՈ

Մայիս 12,2007 00:00

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ մեր զրույցը տեղի էր ունեցել մինչեւ մայիսի 9-ին ցուցարարների եւ ոստիկանության բախումը:

Եվ նա իր ունեցած հանդիպումներից ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համոզվածություն հայտնեց. «Մայիսի 12-ից հետո իշխանությունների եւ օլիգարխների կողմից լինելու են քաղաքական հետապնդումներ: Մասնավորապես այն մարդկանց նկատմամբ, որոնց 2003-ից մինչ այսօր հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու համար տարել, պահել են քաղմասերում, ու մինչեւ հիմա հաթաթա են տալիս, որ մայիսի 13-ից հետո վրեժխնդիր են լինելու»: Հետաքրքրվեցինք, թե հստակ ահազանգե՞ր ունի, որ չնայած այժմ իրավապահները միջոցներ չեն ձեռնարկում ցուցարարների հանդեպ, բայց այն բանից հետո, երբ միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից՝ կլինեն ձերբակալություններ: «Այո,- պատասխանեց Տիգրան Տեր-Եսայանը:- Կլինեն հետապնդումներ ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած անձանց նկատմամբ: Եվ դրանք կլինեն ոչ միայն ձերբակալությունների, այլ նաեւ ավազակային հարձակումների, բռնությունների եւ տարբեր պատահարների տեսքով: Այս անգամ կփորձեն սկզբում բիրտ ուժ կիրառել ոչ թե շարքային կուսակցականների կամ համախոհների նկատմամբ, այլ հենց առաջնորդների: Քաղաքական հետապնդումները պայմանավորված չեն լինի նրանով, թե մայիսի 12-ի ընտրություններն արդա՞ր են անցել, թե՞ ոչ: Միեւնույն է՝ բռնություններ ու հետապնդումներ տեղի կունենան մինչեւ 2008-ի նախագահական ընտրությունները: Գործի են դրվելու ողջ պետական եւ օլիգարխիկ ուժերը: Արդեն իսկ կան տարբեր չինովնիկների եւ օլիգարխների կողմից որոշ գործողություններ՝ զգուշացումներ, թե մայիսի 12-ից հետո հաշվեհարդար կտեսնենք եւ այս անգամ արդեն չեք պրծնի վարչական կալանքով: Իշխանությունների եւ օլիգարխների նպատակն է եւս մեկ անգամ հասարակության մեջ վախի մթնոլորտ ստեղծելով՝ ժողովրդին դարձնել խոնարհ, պատասխանատու ձայնազուրկ: Այս ամենի դեմն առնելու միակ ճանապարհն ընդդիմության համախմբումն է եւ պայքարելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել