Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կատարեց պատվերը

Մայիս 12,2007 00:00

Իսկ հասարակության ներկայացուցիչները բողոքում են

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Վազգեն Լալայան) դռնփակ նիստով «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ ընտրվեց երկու ամսով խափանման միջոց՝ կալանք: «Սա քաղաքական պատվեր է, որն իրականացնում է դատարանը: Ալիկ Արզումանյանի ձերբակալմամբ, որն ամբողջությամբ անհիմն է, իշխանությունները փորձում են երկրում գործող ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչներին ու ուժերին ահաբեկել: Եթե մի պահ ենթադրենք, որ հարուցված քրեական մեղադրանքը որոշակի հիմքեր էլ ունի, ապա անգամ այդ դեպքում էլ Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալումը անօրինական է, քանի որ նրա դեմ հարուցված 190 հոդվածը կալանք չի ենթադրում, եւ հենց այս ամենն էլ հուշում է, որ անպայման քաղաքական նկրտումներ կան, իսկ դատարանները սովորաբար իշխանությունների պատվերն են կատարում»,- լրագրողներին իր տեսակետը հայտնեց «Չորսի պաշտպանության խմբի» անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Ա. Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը լրագրողներին հավատացրեց, որ իրենք կդիմեն վերաքննիչ դատարան:

«Ժողովրդավարական Հայաստան» միավորումը նույնպես հրապարակել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Վերջին շաբաթվա իրադարձությունները՝ Վահան Շիրխանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի բնակարանների խուզարկությունները, առաջադրված մեղադրանքներն ու Արզումանյանի ձերբակալությունը, դրան հետեւած բռնությունների ողջ շղթայով ապացուցում են, որ Սարգսյան-Քոչարյան կլանը ընտրությունների քողի տակ բռնապետություն է հաստատում Հայաստանում: Դրան նպաստեց նաեւ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների երեսպաշտ կեցվածքը, որոնք, մասնակցելով անօրինական իշխանությունների նշանակած «ընտրություններին», ընդունեցին նրանց թելադրած խաղի կանոնները, պառակտեցին հասարակությունը՝ թուլացնելով նրա դիմադրությունը: Այլեւս պարզ է, որ կեղծ ընտրություններից հետո ժողովրդավար ուժերի ու գործիչների համար հաստատվելու են անտանելի պայմաններ: «Ժողովրդավարական Հայաստան» միավորումը վճռականորեն դատապարտում է իշխանությունների բռնարարքները, պահանջում է անհապաղ ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին»:

ՀՀ նախկին դիվանագետներ Արմեն Խարազյանը, Արսեն Գասպարյանը, Արման Գրիգորյանը, Հասմիկ Հարությունյանը եւ ուրիշներ հանդես են եկել հայտարարությամբ. «ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կալանման կապակցությամբ մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում հանրապետության իշխանություններին: Դատապարտում ենք տեղի ունեցողը՝ իբրեւ Հայաստանում անօրեն, անպատիժ կամայականության ծավալման բացառիկ դրսեւորում՝ երեւույթ, որ մեր հասարակության մեջ տասնամյակներ շարունակ գոյություն ունենալով հանդերձ՝ 1998-ից ի վեր աննախադեպ ծավալների է հասել եւ այսօր միանշանակ վտանգ է ներկայացնում Հայոց պետականության ուղուն ու արժեքներին: Կոչ ենք անում հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ հավատարմություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության սկզբունքներին եւ, անսալով բանականության ու բարոյականության թելադրանքին՝ ետ կանգնել երկիրը դեպի միջնադարյան բռնապետություն տանող այս եզերքից: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ընդդիմության եւ քաղաքացիների նկատմամբ բռնարարքներ կիրառելու, խրախուսելու, հրահրելու, մշակելու կամ կոծկելու գործելակերպը եւ վերադառնալ քաղաքակիրթ հասարակությանը հարիր վարքագծի: Միաժամանակ, մեր համակրանքն ենք հայտնում Ալեքսանդր Արզումանյանին ու նրա ընտանիքին՝ փորձության այս պահին ցուցաբերած զուսպ կեցվածքի ու քաղաքացիական արիության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել