Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱՐԳԻ ՉԲԵՐՎԵՑԻՆ

Մայիս 12,2007 00:00

Երեկ էլ մարդիկ ահազանգում էին ընտրացուցակների վերջնական տարբերակում եղած աղաղակող անճշտությունների վերաբերյալ:

Մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ դրանք արդար անցկացնելու կարեւոր պայմաններից մեկն էլ, որը շեշտվել է նաեւ միջազգային հանրության կողմից, ընտրացուցակները պատշաճ տեսքի բերելը պետք է լիներ: Այդ ցուցակները վերջնական «տեսքի են բերվել» արդեն երեկ՝ մայիսի 10-ին, եւ փակցվել են ընտրական տեղամասերում: Սակայն, ինչպես երեւում է դրանց շատ չնչին մասի ուսումնասիրությունից, պատկան մարմիններն այնքան էլ շահագրգիռ չեն եղել ընտրացուցակների ճշգրտմամբ, որքան հայտարարում են դրա մասին: Արդյունքում՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ ընտրացուցակները ոչ միայն «քրիստոնեական» տեսքի չեն բերվել, այլեւ ավելի են այլանդակվել կամ ընտրատեղամասերի պատերին են փակցվել նույն խայտառակ վիճակում, ինչպիսին եղել էին «նախնական» տարբերակում: Այսպես, դեռ մայիսի 3-ին թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Մուշեղ Սաղաթելյանի լիազոր ներկայացուցիչը դիմել էր ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս. Թովմասյանին, նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը՝ տեղեկացնելով, որ «թիվ 36 ընտրատարածքի Արթիկ քաղաքի ընտրացուցակներում առկա են բազմաթիվ անճշտություններ, որոնք զանգվածային բնույթ են կրում: Ընտրացուցակներում բազմաթիվ ընտրողների հաշվառման վայրի հասցեները չեն համընկնում անձնագրերում նշված հասցեների հետ, ընտրացուցակներում առկա են նաեւ ընտրողներ, որոնց հասցեները բացակայում են: Կոնկրետ հասցեներում, բացի հասցեատերերից, առկա են նաեւ այլ անձանց անուններ, որոնք այդ հասցեում չեն բնակվում եւ չեն բնակվել»: Դիմումատուն այս անճշտությունների վերաբերյալ շատ կոնկրետ ու փաստացի օրինակներ էր մատնանշել՝ ոստիկանապետին ուղղված գրությանը կից ներկայացնելով Արթիկ քաղաքի ընտրացուցակներում առկա այն հասցեների մի մասը (62 էջ), որոնցում առկա են վերը նշված խախտումները, ու այն ընտրողների ցանկը, որոնց բնակության հասցեները նշված չեն:

Այս գրությանն ի պատասխան՝ Արթիկի ոստիկանապետը հաջորդ օրն եւեթ, իբր, օպերատիվորեն ստուգելուց հետո արձագանքել է շատ խուճուճ ու անհեթեթ նախադասություններով՝ միաժամանակ փաստացի չհերքելով ընտրացուցակներում առկա անճշտությունների փաստը: Կարճ ասած՝ գնդապետն ուղղակի «ջրել» է թեկնածուի մատնանշած փաստերը ու փորձել դրանք արդարացնել մի դեպքում՝ անհատական նոր բնակելի տների կառուցմամբ պայմանավորված՝ «փողոցներում նախկին եւ նոր բնակելի տների հասցեների համարակալմամբ», անհատական բնակելի տների համարների փոփոխությունների ժամանակ որոշ սեփականատերերի կողմից իրենց տների սեփականության վկայագրերում համապատասխան փոփոխություններ չկատարելով, որի «հետեւանքով էլ նույն փողոցում առաջացել են հին ու նոր բնակելի տների համարների համապատասխանելիություն»: Ոստիկանապետն իրեն ներկայացված ընտրողների ցուցակներում «մյուս անհատական բնակելի տների հասցեների անհամապատասխանելիությունը նույնպես վերը նշվածի հետեւանք» է համարել, իսկ սեփականաշնորհված պետական բնակելի առանձին շենքերի բնակարանների համարների կրկնվող համապատասխանելիությունը, ըստ նրա՝ «արդյունք է յուրաքանչյուր շենքում առանձին մուտքերի բնակարանների միատարր համարակալման», եւ նման երկար-բարակ բաներ: Մի խոսքով, գնդապետի ասելով, «ընտրացուցակները կազմված են ՀՀ ԸՕ-ի 11 հոդվածի 1-ին կետի պահանջի համաձայն՝ ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների։ Ապահովվել է քաղաքացիների ընտրական իրավունքը»: Իսկ թե ինչպես է պատահել, որ միայն թիվ 36-ում երեկ տեղամասերում փակցված ընտրացուցակներում ընդգրկված անհասցե ընտրողները մի քանի տասնյակ են՝ միայն Մարալիկի 36/34 տեղամասում՝ թվով 70, Արթիկի 36/1-ում՝ 4, իսկ 36/4 տեղամասում՝ 7 հոգի, անհայտ է: Բայց փաստ է՝ դրա պատասխանատուն ոչ միայն լիազոր մարմնի ղեկավար տիկին Ալվինա Զաքարյանն է, այլեւ՝ ԿԸՀ նախագահը:

Վիճակն ավելի բարվոք չէ նաեւ Երեւանում: Օրինակ՝ Կենտրոնի Հյուսիսային պողոտայի օտարված եւ արդեն քանդված տների հասցեներն ընդգրկած թիվ 10/26 ընտրատեղամասում փակցված ցուցակները վերջնական տեսքի են բերվել ակնհայտորեն խտրական եւ ընտրանքային մոտեցմամբ: Այստեղ ընտրողների նախնական ցուցակից հանվել են Բուզանդի փողոցի 9 եւ 25 հասցեներում դեռեւս հաշվառված եւ երեկ այդ փաստը Հանրապետական հասցեների բյուրոյի տվյալներով հաստատված տեղեկանք ստացած տասնյակից ավելի բնակիչներ, ովքեր ԾԻԳ-ի հետ պայմանագիր չեն կնքել եւ համարվում են իշխանություններից «դժգոհ տարրեր», ուստիեւ՝ ընդդիմության օգտին պոտենցիալ քվեարկողներ: Փոխարենը՝ ե՛ւ նախնական, ե՛ւ «տեսքի բերված» ցուցակներում հայտնվել են մարդիկ, ովքեր պետության եւ ԾԻԳ-ի հետ «լեզու են գտել», պայմանագիր են ստորագրել եւ սահմանված կարգով դուրս են եկել այդ հասցեների հաշվառումից: Նրանց թիվը ավելի քան 100 է. Բուզանդի 13 հասցեում՝ թվով 12 հոգի, Բուզանդի 15-ում՝ 6, Բուզանդի 17-ում՝ 2, Բուզանդի 21-ում՝ 7, Պուշկինի 2 հասցեում՝ 10 եւ այլն: Կամ՝ Ե. Կողբացու 28 շենքի օտարված տան 10 բնակիչներ, ովքեր նույնպես պայմանագրեր չեն կնքել եւ շարունակում են հաշվառված մնալ այդ հասցեում, ընտրացուցակում չկան, բայց ահա նույն հասցեում պայմանագիր կնքած 27 բնակիչ ընդգրկված են վերջնական ընտրացուցակներում: Վերջիններս եւս, չնայած պատկան մարմիններին ուղղված ահազանգերի, շարունակում են մնալ ընտրացուցակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել