Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՏԱՐ ԵՐԿԻՐԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՄԵՐԸ ԿՇԵՆԱՑՆԵԻՆՔ»

Մայիս 10,2007 00:00

Իսպանիայի Թագավորությունում հնաբնակ համարվող հայերն ունեն 7-8 տարվա իսպանական «կենսագրություն»: Հայաստանի Ազգային ժողովի եւ նախագահական նախորդ ընտրություններին նրանք չէին մասնակցել, քանի որ Թագավորությունում Հայաստանը չուներ ո՛չ դեսպանատուն, ո՛չ էլ հյուպատոսություն: Այս անգամ էլ չեն մասնակցելու, թեպետ բոլորն էլ պահպանել են ՀՀ քաղաքացիությունը, եւ հյուպատոսություն էլ ունենք: Պատճառը հայտնի է՝ «Ընտրական օրենսգրքի» նոր փոփոխություններով ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի տարածքում: Այդ պատճառով էլ փորձեցինք փոքրիկ հարցախույզ անցկացնել Վալենսիա քաղաքի հայ բնակիչներից մի քանիսի հետ: «Ինչպե՞ս է ընթանում ընտրարշավը, ու եթե Հայաստանում լինեին՝ ո՞ւմ կընտրեին». հարցերից առաջինի համար ստացանք միօրինակ պատասխան. «Մենք միայն Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվածն ենք տեսնում, դրանից ենք տեղյակ: Ու եթե հենց դրանով էլ դատենք՝ դեռեւս լուրջ ընդհարումներ տեղի չեն ունեցել, բոլոր թեկնածուներին եթերով հանդես գալու իրավունք տրված է: Բայց դա դեռ չի նշանակում, որ ընտրությունների արդյունքն արդար կլինի: Հայաստանում ի՞նչն է արդար, որ ընտրությունը լինի»: Երկրորդ՝ նախընտրելի թեկնածուի մասին հարցը փոքր-ինչ ալիքներ առաջացրեց։ Հարցմանը մասնակցած շուրջ 10 քաղաքացիների գերակշիռ մասը Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցն էր՝ այն հիմնավորմամբ, որ «կիրթ ընտանիքից է, տեսած, հորից մի բան վերցրած կլինի, թալանելուց էլ ավելի զուսպ կլինի»: Մեկական կողմնակից ունեին Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արամ Կարապետյանը: Հարցախույզին մասնակցածները, սակայն, անիմաստ էին համարում ընտրություններն էլ, որեւէ մեկից որեւէ բան սպասելն էլ: «Ես տեղամասային հանձնաժողովի նախագահ եմ եղել ու պետք է ասեմ՝ խիղճս ինձ տանջում է, որովհետեւ արդյունքները կեղծված ենք ներկայացրել: Ես լռել եմ հանուն երկրի ներքին խաղաղության, հանուն Ղարաբաղի». սա էլ հրաձգության մասնագետ, ավագ մարզիչ Գագիկ Սարգսյանի խոսքն էր: Հայաստանը ոչ շատ վաղուց թողած մեր քաղաքացիները բողոքում էին անարդարություններից, ինչի պատճառով հեռացել են երկրից ու ստիպված են ապրել երկփեղկված՝ «մարմնով՝ այստեղ, հոգով՝ այնտեղ» վիճակում: Բոլորն էլ, համենայնդեպս, իրենց ասելով, պատրաստ էին հենց հիմա վերադառնալ, եթե երկրի ապագան գոնե փոքր-ինչ հուսադրող լիներ. «Օտար երկիրը շենացնելու փոխարեն մերը կշենացնեինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել