Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻՆ ԾԱՂԿՈՒՄ Է

Մայիս 10,2007 00:00

Քանի որ «Վալլեքս գրուպը» ընդլայնվելով՝ նոր աշխատատեղեր կստեղծի

\"\"«Վալերիկ Մեժլումյանից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, որ մեզ հիշում է ու գնահատում, կարեւորը վերաբերմունքն է, ես սենց վերաբերմունք տեհալ չեմ»,- այսպես արտահայտեց իր երախտագիտությունը Հայրենական մեծ պատերազմի վետերան Զարմաիլ պապը Հաղթանակի օրվա կապակցությամբ «Վալլեքս գրուպ» ընկերության կողմից կազմակերպված միջոցառման համար:

Պատերազմի վետերանների պատմելով, նախկինում էլ Մայիսի 9-ին իրենց հիշում էին, սիմվոլիկ գումար տալիս, բայց այս տարվա կազմակերպած տոնախմբությունը, նրանց գնահատմամբ՝ «շատ ավելի լավն է»:

\"\"Միջոցառման մասնակիցներ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանը, Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, Տեր-Սեպուհ Չուլջյանը եւ այլ հյուրեր ծաղկեպսակներ դրեցին Հաղթանակի հուշարձանի մոտ: Նրանք, շնորհավորանքներից եւ շնորհակալական խոսքերից բացի, վետերաններին երկար տարիների կյանք եւ առողջություն մաղթեցին: «Այս տոնախմբությունը կարեւոր է ոչ միայն վետերանների, այլ նաեւ նոր սերնդի համար: Առանց այն էլ մեր սիրելի վետերանները օր օրի պակասում են, այդ պատճառով նրանց նվիրված միջոցառումները շատ անհրաժեշտ են»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Ալավերդիի քաղաքապետը: Նրա խոսքերով՝ վերջին տարիներին «Վալլեքս գրուպ»-ի աշխատանքները շոշափելի են ու տեսանելի: Այս ընկերությունը քաղաքապետարանի հետ պարբերաբար մշակութային եւ սպորտային միջոցառումներ է կազմակերպում եւ չի եղել այնպիսի մի միջոցառում, որ ընկերությունը չհովանավորի եւ մասնակցություն չունենա: «Բացի միջոցառումներից, մեր տնտեսական հիմնական զարգացումները տեսնում ենք «Վալլեքս գրուպի» հետ: Այս ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ ոչ միայն Ալավերդիում, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղում: Ալավերդիում, ըստ էության, աշխատատեղերի խնդիրը գրեթե լուծված է»: Վ. Մեժլումյանի խոսքերով՝ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում է 1000-ից ավելի մարդ, «ԷՅ ՍԻ ՓԻ»-ում էլ՝ մոտ այդքան, Թեղուտի հանքավայրում աշխատանքները սկսելու դեպքում աշխատողների քանակը 2.5 անգամ կավելանա: «Ալավերդիում այսօր արդեն աշխատում է լեռնահանքային կոմբինատը, իսկ նախկինում նման բան չկար: Մենք ուզում ենք առաջիկայում Թեղուտի եւ հայկական այլ ընկերությունների հետ ստեղծել հումքի բազա եւ ունենալ ժամանակակից պղնձաձուլական արտադրություն: Եթե Հայաստանը կարողանա կոնցենտրատներով պղինձ արտադրել, դա հիմք կլինի, որպեսզի տարեկան մոտ 800-100 հազար տոննա արտադրություն տանք եւ իսկապես կունենանք պղնձի էկոլոգիապես մաքուր արտադրություն: Շատ լուրջ զբաղվում ենք նաեւ երկրորդական արտադրատեսակների արտադրության եւ արտահանման խնդրով: Խոսքը 500-600 մլն դոլարի արտահանման մասին է. եթե խնդիրը լուծվի, առաջիկայում Հայաստանը տարածաշրջանում կդառնա ամենահզոր պետությունը»,- մեզ հետ զրույցում նշեց «Վալլեքս գրուպի» նախագահը: Նրա ներկայացմամբ, ընկերության տնտեսական համախոհներից է Հանրապետական կուսակցությունը, որը ծրագրերի իրականացման գործում իրենց աջակցում է: «Առավոտի» այն հարցին՝ հնարավո՞ր է Վ. Մեժլումյանը դառնա ՀՀԿ անդամ, նա պատասխանեց. «Ես առայժմ Հայաստանի քաղաքացիություն չունեմ, եթե երկքաղաքացիության մասին օրենքն ընդունվի, եւ ես դառնամ ՀՀ քաղաքացի, ապա՝ այո»:

\"\"Երեկ նաեւ կատարվեց «Վալլեքս գրուպի» հովանավորությամբ ստեղծված քանդակների օծումը: Քանդակները հիմնականում թումանյանական թեմաներով էին, եւ Վ. Մեժլումյանի հավանությանն է արժանացել Ռաֆիկ Ջավախքյանի «Հառաչանք» քանդակը: Այս առնչությամբ քաղաքապետարանի աշխատակիցները տեղեկացրին, որ առայժմ չեն որոշել, թե որտեղ կտեղադրեն քանդակները: Քաղաքում գործող միակ եկեղեցին եւս կառուցվել է «Վալլեքս գրուպի» հովանավորությամբ: «Երբ ես որոշել էի կառուցել եկեղեցին, ինձ շատերն ասում էին, որ ավելի լավ է էդ փողը տաս՝ մարդիկ ուտելու բան առնեն, բայց գտնում եմ, որ առանց հավատի անհնար է ապրել, հոգեւոր սնունդն ավելի կարեւոր է: Այսօր ալավերդցիները ամեն օր կարող են գալ եկեղեցի եւ աղոթք անել»,- «Առավոտի հետ զրույցում պատմեց պարոն Մեժլումյանը: Նրա նախաձեռնությամբ Ալավերդին հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն, քանի որ նախատեսվում է նաեւ Ալավերդիի հրապարակը բարեկարգել եւ ընդլայնել:

Տիկին Անահիտը, ով իր ամբողջ կյանքում ապրել եւ աշխատել է Ալավերդիում, այսպես արտահայտվեց Վալերի Մեժլումյանի մասին. «Հալալ է էդ տղուն: Գնացել է ռուսաստաններում ապրել, լավ գործի եղել, բայց էսօր եկել է ու իրա հայրենիքն է ոտի կանգնացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել