Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվում քաղաքական դաշտում

Մայիս 10,2007 00:00

2007 թ. մայիսի 12-ին ԱԺ ընտրություններն են: Յուրաքանչյուր ընտրող ընտրացուցակում կտեսնի 22 կուսակցություն եւ մեկ բլոկ, ինչպես նաեւ 41 մեծամասնական ընտրատարածքներից մեկական ընտրատարածքի համար պայքարողների:

Կուսակցությունների եւ բլոկների մեջ 4-ը ներկայիս իշխանական կուսակցություններն են եւ իշխանամետ են՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը: Կա եւս մի քանի կուսակցություն, որոնք իրենց իշխանամետ են համարում: Երկու կուսակցություն պայմանականորեն կարելի է դասել պոպուլիստականների շարքին: Դրանք են «Օրինաց երկիր» եւ Ժողովրդական կուսակցությունը:

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայումս համարվում են կառավարող կուսակցություններ եւ լիարժեք պատասխանատվություն են կրում երկրի վիճակի համար: Մասնավորապես, վերջին 4 տարիների կոռուպցիայի, ստվերային տնտեսության, տնտեսության մոնոպոլիզացիայի համար: Դրանք համակարգային ցուցանիշներ են, վկայում են տնտեսության ցածր մակարդակի մասին եւ մռայլ հեռանկար են խոստանում: Իսկ ինչպիսին է լինելու մեր տնտեսությունը 2009 թվականի հունվարի 1-ից հետո, երբ կդադարեցվեն գազի համար տրվող հավելավճարները, ինչն իր հերթին կբերի ապրանքների եւ ծառայությունների գնաճի: Այդ մասին իշխող կուսակցություններն առայժմ չեն խոսում: Դրա փոխարեն նրանք ապագայի ծրագրեր են կազմում՝ խոստանալով նորից անել այն, ինչ պարտավոր էին անել իշխանության մեջ եղած ժամանակ: Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավում ակտիվորեն օգտագործում է իր հարյուրամյա «բրենդը», երբեմն նաեւ հիշում է, որ ինքը սոցիալիստական կուսակցություն է եւ Սոցինտերնի անդամ: Այդքանով հանդերձ, անհասկանալի է այդ ձախ կուսակցության եւ աջ Հանրապետական կուսակցության տարօրինակ միությունը կոալիցիոն համաձայնության շրջանակներում:

ՄԱԿ-ը եւ «Բարգավաճը» ստեղծվել եւ կառավարվում են օլիգարխ-գործարարների կողմից, ովքեր ի սկզբանե չեն կարող ներկայիս իշխանությանը ընդդիմադիր լինել, քանզի, հակառակ դեպքում, մեր անօրինական պետության պայմաններում նրանք ի վիճակի չէին լինի գործարարությամբ զբաղվել, պահպանել իրենց ունեցվածքը, ինչպես նաեւ անձնական ազատությունը: ԲՀԿ-ն ջանում է ցույց տալ՝ իբր ներկա իշխանություններից որոշակի դիստանցիա է պահպանում, սակայն կուսակցության համամասնական ցուցակը «մատնում է» այդ կուսակցության իշխանամետ բնույթը: Բացի դրանից, չնայած ԲՀԿ-ն իրեն չի ներկայացնում որպես իշխանամետ, մյուս կողմից էլ իրեն չի դրսեւորում որպես ընդդիմադիր: Քաղաքագիտական տեսանկյունից դա նոնսենս է: Այս կուսակցությունը ակնհայտորեն իշխանամետ է, ստեղծված հստակ նպատակով՝ ընդդիմադիր կուսակցություններից խլել ներկա իշխանության քաղաքականությունից դժգոհ ընտրազանգվածի ձայները:

«Օրինաց երկիրը» նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ակտիվորեն հանդես էր գալիս որպես իշխանամետ եւ 3 տարի անցկացրեց իշխող կոալիցիոն կառավարության կազմում: Այժմ, կոալիցիայից հեռացվելուց հետո, անցել է ընդդիմության շարքերը: Այդ կարգավիճակով կուսակցությունը չի առաջարկում այլընտրանքային քաղաքական ուղենիշ, սահմանափակվում է միայն իշխանության թերությունների քննադատությամբ, որոնց համար, փաստորեն, ինքն էլ է պատասխանատու: Ժողովրդական կուսակցությունը, որ գլխավորում է ռուսաստանյան գործարար Տիգրան Կարապետյանը, նույնպես իրեն ներկայացնում է որպես «ոչ իշխանություն- ոչ ընդդիմություն»: Ըստ էության, դա պոպուլիստական պրոիշխանական կուսակցություն է, որը գոյատեւում է առաջնորդի միջոցներով եւ ժողովրդականություն է վայելում բնակչության չքավոր խավի շրջանում՝ բարեգործության եւ սեփական հեռուստաալիքով ինքնագովազդի շնորհիվ:

Ընդդիմադիր դաշտը ներկայացված է ավելի բազմազան: Այստեղ կուսակցությունները կարելի է բաժանել 3-4 խմբերի՝ կախված դրանց ծրագրերի արմատականության աստիճանից: Այստեղ, իմ կարծիքով, իրենց կառուցողական դիրքորոշմամբ առանձնանում է մի խումբ, որի մեջ մտնում են «Ազգային միաբանությունը», «Ժառանգությունը», ՀԺԿ-ն, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը:

Ինչպիսի՞ն կլինեն ընտրությունների արդյունքները քաղաքական դաշտի նման պատկերի դեպքում: Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանում Բալթյան Gallup ինստիտուտի կողմից կատարված սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ քաղաքացիների մեծամասնությունը չի պաշտպանում երկրի իշխանությունների կուրսը, հարցվածների 62%-ը գտնում է, որ երկիրը ճիշտ ուղիով չի զարգանում, 68%-ը դժգոհ է երկրում ժողովրդավարության զարգացումից: Հիրավի, դժվար թե իրենց վիճակից գոհ լինեն 530000 թոշակառուները, 150000 հաշմանդամները, մի քանի հարյուր հազար ընտանիքներ, որոնց հարազատները մշտապես կամ սեզոնային աշխատում են արտասահմանում եւ նյութապես օժանդակում են իրենց ընտանիքներին, մի քանի հարյուր հազար գործազուրկների եւ ցածր վարձատրվող քաղաքացիների ընտանիքներ եւ այլն:

Էլեկտորատի նման կազմի եւ տրամադրությունների պարագայում դժվար չէ կանխատեսել, որ քաղաքացիների մեծ մասը սկզբունքորեն հակված կլինի իր ձայնը տալ ընդդիմադիր կուսակցություններին: Սակայն պետք է նկատի ունենալ, որ իշխանական կուսակցությունները կոնսոլիդացված են, տիրապետում են հուժկու վարչական ռեսուրսների, բյուջեի գումարային միջոցներին, ստվերային կապիտալի, ամբողջովին վերահսկում են էլեկտրոնային եւ մասամբ՝ տպագիր ԶԼՄ-ները: Ընդդիմադիր ուժերը՝ ընդհակառակը, տարանջատված են, բավարար ֆինանսական միջոցներ չունեն, քանի որ գործարարները վախենում են նրանց հետ համագործակցել, ձայների մի մասն էլ իրենց կողմն են ձգում պոպուլիստական կուսակցությունները:

Ընտրություններին մասնակցում են ԱԺ ավելի քան 1200 պատգամավորության թեկնածուներ՝ կուսակցական ցուցակներով եւ մեծամասնական ընտրատարածքներից: Թեկնածուների մեջ կարելի է ընտրել հազիվ հարյուր մարդ՝ ԱԺ ներկայացնելու համար բոլոր անհրաժեշտ հատկություններով օժտված. ինտելեկտ, ճիշտ մոտիվացիա, հասարակական եւ քաղաքական գործունեության փորձ, կրթություն եւ այլն: Ցավոք, նման հատկություններ ունեցող գործիչների մեծամասնությունը գտնվում է «ոչ անցողիկ» կուսակցությունների ցուցակներում կամ «ոչ անցողիկ» տեղերում: «Անցնող» են հիմնականում իշխող էլիտայի անդամները, խոշոր գործարարները կամ կուսակցական ֆունկցիոներները: Դե, իսկ մեծամասնական ընտրատարածքների մասին խոսելն անգամ ավելորդ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել