Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Մայիս 10,2007 00:00

\"\"Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետային»

Մայիսի 12-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Պատգամավորական 131 մանդատների համար պայքար կմղեն 24 կուսակցություն եւ մեկ կուսակցական դաշինք, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Ըստ փորձագետների կանխատեսումների, 5 տոկոսի շեմը կկարողանան հաղթահարել ութից ոչ ավելի կուսակցություններ: Քվեարկության նախաշեմին «Ռոսիյսկայա գազետա»-ի թղթակիցը հանդիպել է Հայաստանի կառավարության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:

– Սերժ Ազատովիչ, ներկա դրությամբ Հայաստանում գլխավոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն են: Դուք ինչպե՞ս կգնահատեիք դրանց մակարդակը:

– Ըստ իս, բոլոր ուժերը ընտրապայքարին մասնակցում են շատ կոռեկտ: Մենք շատ բան ենք արել, որպեսզի այս ընտրությունները դառնան լավագույնը անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Մասնավորապես, կատարելագործվել է Ընտրական օրենսգիրքը: Փորձագետների գնահատականներով, ներկայումս մեր ընտրական օրենսդրությունը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ մենք ամբողջովին բաց ենք միջազգային դիտորդների հետ համագործակցության համար: Մենք թաքցնելու բան չունենք եւ միայն ողջունում ենք միջազգային առաքելությունների աշխատանքը: Չէ՞ որ մենք նրանցից շատ ենք շահագրգռված, որ ընտրություններն անցնեն արդար եւ թափանցիկ: Դրանից է կախված ոչ միայն մեր երկրի միջազգային հեղինակությունը, այլ նաեւ ներքին կայունությունը: Հայաստանի իշխանությունների համար շատ կարեւոր է նվաճել իր քաղաքացիների վստահությունը: Առանց այդ վստահության ոչ մի կառուցողական աշխատանք, ոչ մի առաջընթաց լինել չի կարող: Այդ իսկ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս նրան, որ ընտրություններն անցնեն արդար, համաշխարհային չափանիշներին համապատասխան:

– Դուք ղեկավարում եք ոչ միայն կառավարությունը, այլ նաեւ Հանրապետական կուսակցությունը: Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում այդ կուսակցության հնարավորությունները:

– Եթե կողմնորոշվենք սոցիոլոգիական հետազոտություններով, ապա մենք, ներկա դրությամբ, առաջատարն ենք: Ես չեմ ցանկանում առաջ անցնել եւ որեւէ կանխատեսում անել, սակայն կցանկանայի իմ անձնական տպավորությունները կիսել: Ես շատ եմ այցելում մարզեր՝ ինձ համար գործնականում նորովի բացահայտելով իմ երկիրը: Հիմնական զգացումը, որ ես ունենում եմ այդ հանդիպումների ընթացքում՝ միասնության զգացումն է այն մարդկանց հետ, ովքեր սատարում են մեր կուսակցությանը: Կա ժողովրդական լայն աջակցության զգացում, զգացում, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, պայքարում ենք ընդհանուր գործի համար: Ինձ համար ամենակարեւորը դա է՝ միասնությունը ժողովրդի հետ: Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, ապա դա արդեն այնքան էլ կարեւոր չէ: Սակայն կարծում եմ, չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր կուսակցության ներկայացվածությունը խորհրդարանում բավականին մեծ կլինի:

– Ըստ Ձեզ, Հայաստանում հնարավո՞ր է «գունավոր» հեղափոխություն:

– Հայաստանում «գունավոր» հեղափոխություն քիչ հնարավոր է՝ մի շարք պատճառներով: Առաջին հերթին, բոլոր «գունավոր» հեղափոխությունները հակառուսական բնույթ են կրում: Այնինչ, Հայաստանում բնակչության մեծ մասը ռուսամետ տրամադրվածություն ունի: Այդ պատճառով մենք հասարակական հիմք չունենք հեղափոխության համար: Երկրորդ, նմանօրինակ հեղափոխություն իրականացնելու համար ուժեղ առաջնորդ է պահանջվում: Հայաստանի քաղաքական թատերաբեմում առայժմ այդպիսի առաջնորդ չկա: Բացի այդ, «գունավոր» հեղափոխությունների փորձը ցույց է տալիս, որ դա ոչ մի լավ բան չի տալիս հասարակությանը: Հայերը հակված են մեծ զգուշավորություն դրսեւորել եւ ավելորդ խնդիրներ չստեղծել իրենց համար: Հայաստանի բնակչությունը գնահատում է հանրապետությունում հաստատված կայունությունը: Պատահական չէ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի: Ի դեպ, Քոչարյանի բարձր վարկանիշը նույնպես պաշտպանություն է հեղափոխությունից. այն երկրներում, ուր հեղափոխություն է իրականացվել, նախագահները շատ քիչ ժողովրդականություն էին վայելում բնակչության մեջ: Սակայն չնայած նրան, որ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար լուրջ բազա չկա, առկա են որոշակի նախադրյալներ իրավիճակն ապակայունացնելու համար: Դա, առաջին հերթին, բնակչության դժգոհությունն է իր սոցիալ-տնտեսական վիճակից, գործազրկության հետ կապված լուրջ խնդիրը: Այդ պատճառով՝ հարկ է ավելի շատ ուշադրություն դարձնել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, որպեսզի հող չստեղծվի քաղաքական պայքարի ոչ սահմանադրական մեթոդների կիրառման համար: Հենց դրանով էլ մենք ակտիվորեն զբաղվում ենք:

– Հայաստանի կարեւորագույն առեւտրային գործընկերը Ռուսաստանն է: Ինչպե՞ս է զարգանում առեւտրա-տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

– Պետք է գոհունակությամբ նշեմ, որ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճում է, Ռուսաստանն ակտիվորեն ներդրումներ է կատարում Հայաստանում: Մեր հարաբերություններն ավելի ինտենսիվ կզարգանային, եթե չլինեին տրանսպորտային խնդիրները: Մենք փորձում ենք լուծել դրանք: Մասնավորապես, վերջերս գործարկվել է «Կովկաս-Փոթի» լաստանավը, որն ունակ է փոխադրել մինչեւ 50 երկաթուղային վագոն: Դա, իհարկե, բոլոր խնդիրները չի լուծում, սակայն մենք հետագայում եւս կշարունակենք տրանսպորտային հիմնախնդրի լուծման ուղիներ փնտրել:

– Իսկ ի՞նչ կասեք պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված ձեռնարկություններում ներդրումներ կատարելու մասին:

– Ցավոք, այդ հարցում առայժմ առաջընթաց չկա: Երբ առաջարկում էինք այս ծրագիրը, մենք հույս ունեինք, որ հանրապետություն լրացուցիչ ներդրումներ կներգրավենք: Սակայն մի շարք հանգամանքների բերումով դա տեղի չունեցավ: Վերջերս այցով Երեւան էր ժամանել Ռուսաստանի կառավարության առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Մենք նրա հետ միասին քննարկել ենք այդ խնդիրը, եւ հուսով եմ, ռուսական կողմը մոտ ապագայում կգտնի այդ խնդրի լուծման ճանապարհը:

– Վերադառնանք Հայաստանում քաղաքական իրավիճակին. Դուք պատրաստվո՞ւմ եք առաջադրվել Հայաստանի նախագահի պաշտոնում:

– Ես արդեն բազմիցս հայտարարել եմ, որ որոշում կընդունեմ խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե մեզ հաջողվի հասնել դրված նպատակին՝ խորհրդարանում մեծամասնություն կազմել, ապա դա կնշանակի, որ ժողովուրդը վստահում է մեր կուսակցությանն ու անձամբ ինձ: Այդ դեպքում ես, բնականաբար, կառաջադրեմ իմ թեկնածությունը: Սակայն առայժմ վաղ է կանխատեսել: Եկեք սպասենք այս ընտրությունների արդյունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել