Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի խնդիրներին հիմնավոր լուծումներ են պետք»

Մայիս 10,2007 00:00

\"\"Ասում է ԱԺ պատգամավոր եւ թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Սահակյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետ գործարարը, լինելով այս գումարման ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ, ըստ իր հավաստման, մասնակցել է տարբեր օրենսդրական նախաձեռնությունների եւ փոփոխությունների: Նա արդյունավետ է համարում խորհրդարանական ոչ թե այն աշխատաոճը, երբ պատգամավորը ելույթ է ունենում հեռուստադիտողներին հաճոյանալու համար, այլ նրա կոնկրետ օրենսդրական գործունեությունը: «Աշխատանքի ընթացքում, իհարկե, լինում են տարաձայնություններ, բանավեճեր, ինչը նորմալ աշխատանքային գործընթաց է եւ միայն բանավեճերի արդյունքում են մշակվում ռեալ եւ հստակ օրենքներ»,- ասում է թեկնածուն: Սամվել Սահակյանն այն կարծիքին է, որ ԱԺ-ում պարտադիր պետք է լինեն պրակտիկ գործարարներ, որոնք անմիջականորեն շփում ունենալով երկրի տնտեսության հետ, քաջատեղյակ են դրան առնչվող բոլոր խնդիրներին ու բարդություններին, եւ համարում է, որ թեորիայի վրա հիմնվելով, հնարավոր չէ պրակտիկ օրենքներ ստեղծելը: Երկրում գործարար դաշտին վերաբերող օրենքները Սամվել Սահակյանը գնահատում է ոչ կատարյալ. «Պայմաններ չկան փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Եթե սկսնակ գործարարը հումք եւ սարքավորում ներմուծելիս հենց սահմանի վրա 20% մաքսատուրք է մուծում պետությանը՝ գումարը սառեցվում է: Այնուհետեւ արտադրական փուլում, անկախ այն բանից՝ եկամուտ ստացել է, թե ոչ, մուծում է 20% ԱԱՀ: Փաստորեն, գործը դեռ չսկսած, նա գումարներ է վճարում, ինչը գործարարին կանգնեցնում է ֆինանսական լուրջ բարդությունների առջեւ: Գումարներ, վարկեր ձեռք բերելու համար նույնպես բարդություններ են առաջանում, քանի որ վարկերի տոկոսները շատ բարձր են»:

Թեկնածուն ասում է, որ ինքը Մասիսի տարածաշրջանում հաճախ է բարեգործական ակցիաներ նախաձեռնում: «Իմ նախաձեռնությամբ եւ ֆինանսական ներդրումներով մի շարք գյուղերում՝ Դարակերտ, Ձորակ, Հայանիստ, Սայաթ-Նովա եւ այլն, լուծվել է ոռոգման ջրի խնդիրը, իսկ Մասիս քաղաքում արդեն մի քանի տարի կառուցվում է եւ այս տարի կավարտվի միակ՝ Սուրբ Թադեւոս եկեղեցու շինարարությունը, որն ունի ուրույն ճարտարապետական նախագիծ: Սուրբ Թադեւոսը հաղթանակած ժողովրդի եկեղեցի է: Մասիսն իր շրջակա գյուղերով ինձ համար շատ հարազատ է, թե՛ մասիսցիների, թե՛ ինձ համար չկա տեղացի լինել-չլինելու խնդիրը, քանի որ Մասիս քաղաքում եւ իր շրջակա գյուղերում ես ունեմ իմ ղեկավարած կոլեկտիվի 1300 աշխատող, սա արդեն նման է մի մեծ ընտանիքի, որի հոգսը բոլորինս է: Իսկ կառուցվող եկեղեցին հավաստում է մեր հոգեւոր կապի մասին»,- ասում է Սամվել Սահակյանը՝ ով առաջադրվել է 1600 աշխատող ունեցող «Մասիս Տաբակ» ընկերության կոլեկտիվի կողմից: Նա կարեւորում է այն հանգամանքը, որ հանրապետության խոշոր հարկատուների առաջին տասնյակում գտնվող «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը, որն ունի ֆինանսական հզոր պոտենցիալ, սատարում է իրեն եւ ստանձնում է տարածաշրջանի խնդիրները լուծելու պարտավորվածություն եւ այդ ուղղությամբ ունի ծրագիր: Պատգամավորը կարեւորելով երկրում գյուղատնտեսության զարգացումը եւ գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծումը, օրենսդրական մի նախագիծ է պատրաստում, որը առնչվում է այդ ոլորտին եւ նախատեսում է հիմնադրամի ստեղծման միջոցով նպաստել սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսության, մասնավորապես՝ ծխախոտագործության եւ խաղողագործության զարգացմանը: «Մեր աշխատանքի բանաձեւն այն է, որ ձկնորսին պետք է ոչ թե ձուկ տալ, այլ ձուկ որսալու հնարավորություն: Երկրի խնդիրները պետք է հիմնավոր լուծում ստանան»,- ասում է թեկնածուն:

Սամվել Սահակյանը ասում է նաեւ, որ իր պատգամավորական գրասենյակը շարունակելու է գործել, որի միջոցով ապահովվում է կապը բնակչության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել