Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐ՝ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

Մայիս 10,2007 00:00

\"\"Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր եւ թիվ 18 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը Լեռնային Ղարաբաղի իշխանության կողմից արժանացել է «Շուշիի ազատագրման համար» մեդալի:

Սա Մանվել Ղազարյանի երկրորդ մեդալն է. առաջինը՝ «Արիության մեդալ», ստացել է ԼՂ իշխանության կողմից: Ըստ «Առավոտի» աղբյուրի, Մանվել Ղազարյանին մեդալ կտրվի նաեւ ՀՀ կառավարության կողմից՝ «Երկրապահի» առաջարկով: Այս պարգեւները, բնականաբար, պատահական չեն տրվում: 1988-ի Շարժման սկզբից նա մասնակցել է համաժողովրդական շարժմանը, 1989-ից՝ զինվորագրվել արցախյան պատերազմին: 1992-ին մասնակցել է Շուշիի ազատագրմանը, եղել է Հորադիզում, Երասխում, Ասկերանում: Տեսել է պատերազմի բոլոր արհավիրքները եւ վայելել հաղթանակների բերկրանքը:

– Պարոն Ղազարյան, մեր երկիրը, որի պատիվը պաշտպանել եք ազատամարտում, դարձա՞վ ձեր երազածը:

– Նախ ես ուզում եմ շնորհավորել իմ մարտական ընկերներին՝ հաղթանակի տոնի կապակցությամբ, իմ ժողովրդին մաղթում եմ, որ միշտ հաղթանակներ ունենանք, չմտածենք պարտության մասին, միշտ պատրաստ լինենք ցանկացած իրավիճակում պայքարելուն, եթե անհրաժեշտ լինի, ինչու չէ, նաեւ կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին: Մենք հին ազգ ենք եւ պարտավոր ենք մեր պետության անկախությունը ամուր պահել, հետեւողական լինել մեր արյան կանչին: Դրա համար անհրաժեշտ է, առաջին հերթին՝ դաստիարակել հայրենասեր սերունդ: Ես իմ էությամբ պահպանողական եմ եւ ուզում եմ, որ մեր ազգային դիմագիծը չկորցնենք եւ չխառնվենք օտար բարքերին:

– Ըստ ձեզ, Եվրոպային ինտեգրվելը չի՞ խոչընդոտում մեր ազգային դիմագիծը պահպանելուն: Չէ՞ որ օտար բարքերն այս պարագայում ավելի հեշտությամբ են ներթափանցում մեր կենցաղ:

– Ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Ինձ շատ են զայրացնում եթերից հեռարձակվող այն անճաշակ եւ հակադաստիարակչական հաղորդումները, որոնք ուղղակի սերունդ են փչացնում: Հաճախ են եթերից հնչում հայհոյանքներ՝ առանց բառերը կոնկրետ ասելու, բայց ենթատեքստը հասկանալի է: Այդ մարդիկ թող գնան իրենց տներում այդպես խոսեն: Եթերով այդ անեկդոտները թող չմտցնեն ուրիշի ընտանիք: Կամ շատ հաճախ ցույց են տալիս ամերիկյան ֆիլմեր, թե ինչպես են թմրադեղեր օգտագործում: Գովազդի մասին օրենքի համաձայն, ոգելից խմիչքի գովազդի ժամանակ չի թույլատրվում խմելու պահը ցուցադրել, բայց թմրադեղերի օգտագործման ձեւը եթերից շատ ազատորեն թույլատրվում է: Էլ չեմ ասում մյուս անթույլատրելի բաները, որոնք ցանկացած ժամի կարող են տեսնել անչափահասները: Զարմանում եմ, թե թերթերն ինչու չեն քննադատում նման բաները, այլ քննադատում են, թե ինչու են գործարարները գնում խորհրդարան:

– Այո, ի դեպ, ինչո՞ւ են գնում:

– Եթե ուզում ենք զարգացած տնտեսություն ունեցող երկիր ունենանք, ապա պետք է տնտեսական ոլորտին վերաբերող օրենքները մշակեն այն մարդիկ, ովքեր լավատեղյակ են տնտեսության նրբություններին: Այն մարդիկ, ովքեր պատուհանից են նայում տնտեսությանը, չեն կարող դրա համար լավ օրենքներ գրել: Մենք առաջ ենք քաշում ոլորտի հարցերին վերաբերող նախագծեր: Բնական է՝ դժգոհողներ էլ կլինեն: Մենք էլ ենք որոշ հարցերում դժգոհում, բայց մեր տնտեսական դաշտը, պետք է ասեմ, որ բավականին լիբերալ է եւ ներգրավում է դրսի ներդրողներին: Գործարար պատգամավորի կերպարը շատերի մոտ նույնացվում է խորհրդարանում ոչինչ չանող մարդու կերպարին, ինչը ճիշտ չէ: Պարտադիր չէ դահլիճից պոպուլիստական ելույթներ ունենալ, որ մարդիկ տեսնեն, թե իրենք աշխատում են: Պատգամավորը կարող է աշխատել հանձնաժողովներում կամ իր աշխատասենյակում: Այդ դեպքում դահլիճում անելու քիչ բան է մնում: Ես սիրում եմ այդ աշխատաոճը: Մարդը պետք է բարեխիղճ լինի իր վրա դրված պարտավորությունների ստանձնման հարցում եւ ոչ թե ընկնի ձեւականությունների ետեւից:

– Սովորաբար՝ գործարար պատգամավորները խոցելի են լինում, մտավախություն ունենալով, որ եթե չքվեարկեն այնպես, ինչպես իրենց պարտադրվում է, կարող է վտանգվել իրենց բիզնեսը:

– Համամիտ չեմ: Ես ինքս հաճախ եմ կազմակերպել եւ մյուս գործարարների հետ օրենքներ ենք ձախողել, թեպետ մի փոքր, բայց գոնե մի սուր անկյուն կարողացել ենք տաշել եւ ինչ-որ բան դրականորեն փոխել: Հնարավոր է, որ եղել են ինչ-որ մասնավոր դեպքեր, որ մի չինովնիկ հակառակվի մեզ, փորձի ինչ-որ խոչընդոտներ ստեղծել: Բայց այդ չինովնիկը իշխանության մի մասն է ընդամենը, մի օղակը, որը չի կարող եղանակ ստեղծել:

– Ինչպե՞ս եք գնահատում երկրում նախընտրական վիճակը:

– Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ինչպես ասում են՝ «ծՈ ՉՏռվպ, ՍՈՍ վՈ ՉՏռվպ»: Բոլորը ուզում են իրենց տեսակետն առաջ տանել, ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, իշխանությունը՝ ընդդիմությանը, եւ դա նորմալ նախընտրական իրավիճակ է: Իմ հանդիպումների ժամանակ էլ երբեմն քննադատություններ են հնչում: Ես լսում եմ, վերլուծում եւ հետեւություններ անում հետագա աշխատանքի համար: Ոչինչ միանգամից չի լինում: Ես արել եմ հնարավորինը՝ ինչ կարողացել եմ: Իմ առաջարկությամբ այս տարի բյուջեից մոտ 80 մլն դրամի ներդրում է կատարվել մեր մարզում: Բնականաբար, դա սիրուն աչքերի համար չի տրվել, դա աշխատանքի հետեւողականության եւ անհրաժեշտությունը ներկայացնելու արդյունք է, եւ այդ ամենը գնահատվում է բնակչության կողմից: Ի վերջո, ես երրորդ անգամ եմ առաջադրվում: Իսկ նույն պատգամավորը երկրորդ անգամ պատահականորեն չի ընտրվում, այլ դա ժողովրդի վստահության ու հավատի արդյունք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել