Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենաթանկ ամուսինները

Մայիս 10,2007 00:00

\"\"Ամերիկյան «Forbes» հանդեսը տպագրել է վերջին քառորդ դարում հողագնդի ամենաթանկ ամուսնալուծությունների վարկանիշային տասնյակը:

«Պատվո պատվանդանի» առաջին աստիճանին բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն հանրահռչակ Մայքլ Ջորդանն է: Նրա կինը՝ Խուանիտա Վանոյը, 17 տարվա համատեղ կյանքից հետո ապահարզան տալով՝ յուրացրել է $150 միլիոն: Երկրորդ տեղում երգիչ եւ կոմպոզիտոր Նեյլ Դայմոնդն է: Նա արդեն 70-ական թվականների վերջին ամենահաջողակ երաժիշտներից մեկն էր, ում տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան $14 մլն: Մարսիա Մերֆիի հետ 25 տարի ամուսնական կյանքով ապրելուց հետո երգիչը 1994 թվականին որոշեց ամուսնալուծվել: Ազատությունն արժեցավ $150 միլիոն:

Երրորդը ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է, ով 1985 թվականին առաջին կնոջը հարկադրված եղավ տալ $100 միլիոն:

Մեկ աստիճան ներքեւ է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերից Հարիսոն Ֆորդը: Դեռ 1995 թվականից Ֆորդը մեկ ֆիլմի համար ստանում է առնվազն $20 մլն: Ամուսնուց բաժանվելով՝ Մելիսա Մաթիսոնը ոչ միայն $85 միլիոն սեփականացրեց, այլեւ յուրացրեց դեռ ամուսնացած ժամանակ նկարահանվող ֆիլմերում Ֆորդի ստանալիք եկամուտների մի մասը, դրան գումարած՝ DVD-ների վաճառքից գոյացող շահույթի տոկոսները:

Ցուցակում 5-րդը Ուիթնի Հյուսթոնի հանրահայտ «թիկնապահ» Քեւին Քոստներն է: Նրա կինը ամուսնալուծվելով՝ տիրեց դերասանի այն ժամանակվա կարողության զգալի մասին՝ $80 մլն:

Փոլ Մաքարթնիի եւ Հիզեր Միլսի միջեւ աղմուկ հանած եւ $60 միլիոն արժեցած ամուսնալուծությունը «The Beatles»-ի նախկին երաժշտին ցուցակում դրել է վեցերորդ տեղում: Այնուհետեւ գալիս է «Տիտանիկի» եւ «Տերմինատորի» հեղինակ Ջեյմս Քեմերոնը: Կնոջ՝ դերասանուհի Լինդա Համիլթոնից բաժանվելու համար նա զրկվել է $50 միլիոնից:

Ութերորդ տեղում կինոաստղ Մայքլ Դուգլասն է, ում 1998 թվականի բաժանության պատճառ համարվում է հաճախակի դավաճանությունը եւ սերը խմիչքի հանդեպ, ինչի համար նա զրկվեց $45 մլն-ից եւ Մայորկայում ու Բեւերլի Հիլզում ունեցած մի քանի բնակարաններից:

Իններորդ հորիզոնականը զբաղեցնող երաժիշտ Լեոնել Ռիչիի կինը՝ դերասանուհի Դայանան, 2004-ին դատարանով նախկին ամուսնուն պարտադրել է ամենամսյա նպաստ վճարել. հագուստի համար՝ $15 հազար, գեղեցկության սրահների ծառայությունների համար (մանիկյուր, մերսում եւ այլն)՝ $50 հազար, պլաստիկ վիրաբուժության համար՝ տարեկան $20 հազար… Ընդհանուր առմամբ Ռիչին ստիպված համակերպվել է $20 մլն կորստի հետ:

Տասնյակը եզրափակում է հանրահայտ «Rolling Stones»-ի աստղ Միկ Ջագերը, ումից նախկին կինը՝ տեքսասցի սուպերմոդել Ջերրի Հոլը «պոկել» է $15 միլիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել