Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԻԵՐ ԼԵՐՄԻՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԻԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ

Մայիս 10,2007 00:00

\"\"Ֆրանսիացի հայտնի կենոդերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Պիեր Լերմիտն ընտրվեց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի (ՀՁՖ) պատվավոր անդամ:

Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը տեղեկացրեց, որ պարոն Լերմիտը, լինելով ձիասպորտի մեծ սիրահար, սերտ կապեր է հաստատել մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի հետ, Փարիզում բացված ձիասպորտի «Արարատ» ակումբի լավագույն բարեկամներից է, ունի իր անձնական ձիերը եւ աջակցում է այնտեղ մարզվող մեր նժույգորդներին եւ հանրապետության հավաքականի անդամներին: Ստանալով ՀՁՖ պատվավոր անդամի հավաստագիրը, պարոն Լերմիտն ասաց, որ իրեն հպարտ է զգում դրա համար եւ կանի ամեն բան, որպեսզի «Արարատ» ակումբը, ՀՁՖ-ն բարգավաճեն: «Ես Հայաստանում ձիասպորտի զարգացման արագ տեմպերի, մարզաձեւի նկատմամբ հատկապես երեխաների մեջ մեծ սիրո եւ այդ ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատանքների մասին լսել եմ իմ լավ բարեկամ Հարություն Օլիվյե Շիշլիյանից,- ասաց նա:- Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Ցավոք, Պրահա-Երեւան չվերթը մոտ տասներկու ժամ հետաձգվեց ու ստիպված ձեր երկրում կարող եմ մնալ ընդամենը մեկ օր: Բայց հուսով եմ, որ սրանից հետո ավելի հաճախակի կգամ: Ես լավ եմ ճանաչում Շիշլիյանին, Սմբատ Համբարձումյանին: Նրանք բարձրակարգ մարզիկներ են, լավ նժույգներ ունեն եւ լավ մարզվելու դեպքում կարող են օլիմպիական ուղեգրեր նվաճել: Եթե հայաստանցիները երբեւէ մասնակցեն օլիմպիական խաղերին՝ ես նրանց ամեն բանով կօգնեմ»:

«Առավոտի» հարցին, թե արդեն որպես ՀՁՖ պատվավոր անդամ, գործնական ի՞նչ աջակցություն է պատրաստվում ցուցաբերել, Պիեր Լերմիտը պատասխանեց. «Դեռ եղած պայմանները, ձեր ունեցած սարքավորումները չեմ տեսել: Միայն տեսնելուց հետո պարզ կլինի»:

Ասուլիսի ավարտին տողերիս հեղինակը ֆեդերացիայի նախագահի եւ ֆրանսիացի հյուրի հետ գնաց Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն: Պարոն Լերմիտը հիացած էր: «Միջազգային չափանիշներին համապատասխանող մարզաբազա է,- ասաց նա:- Հատկապես ծածկած մանեժը: Կենդանիները լավ պայմաններում են պահվում, նրանց խնամողները բանիմաց են, հոգատար: Հիմա իսկապես հավատում եմ, որ ձիասպորտը Հայաստանում շատ առաջ կգնա»: Պարոն Լերմիտը հաճույքով փորձարկեց «Կովբոյ» մականունով նժույգը՝ ցուցադրելով կենդանու հետ շփվելու եւ նժույգավարության մեծ հմտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել