Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեւորված են ավագ ընկերներով

Մայիս 10,2007 00:00

Հունիսի 7-16-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին հաջող մասնակցելու լուրջ մտադրություն ունեն նաեւ մեր տարիքային այս խմբի ներկայացուցիչները:

Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, գերծանր քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը պատմեց հավաքականի նախապատրաստության ընթացքի եւ նպատակների մասին:

– Ըստ էության, մեր երիտասարդ ծանրորդները մրցաշրջան 2007-ի առաջին լուրջ փորձությունն անցնելու են Չեխիայում: Նրանք դրան պատրա՞ստ են:

– Տարվա անդրանիկ ուսումնամարզական հավաքն անցկացրել ենք դեռ հունվարին, որն ավելի շատ մարզիկներին մրցաշրջանին նախապատրաստելու նշանակություն ուներ: Այնուհետեւ, հավաքականի թեկնածուներն ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 1-ը մարզվեցին Աբովյան քաղաքի մարզահամալիրում, որը վերջին շրջանում, ինչպես ցույց են տալիս տարբեր մարզաձեւերի հանրապետության հավաքականների մրցելույթները միջազգային ասպարեզներում, արդյունավետ ազդեցություն է գործում մարզիկների վրա: Հավաքի ավարտին 11 տղաներից երեք-չորսն արդեն բավականին բարձր կիլոգրամներ էր ցույց տալիս, մի բան, որը լավատեսության լուրջ հիմքեր է տալիս: Ներկայումս ծանրորդները մարզվում են իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ: Հաջորդ հավաքը նախատեսում ենք սկսել մայիսի 14-ից: Հավանաբար, դրան կմասնակցեն միայն Չեխիա մեկնողները:

– Ո՞ր քաշային կարգերում մասնակից կունենանք եւ եթե արդեն հայտնի է, ովքե՞ր են նրանք:

– Եկեք առայժմ անուններ չտանք: Ամեն բան հայտնի կդառնա վերջին հավաքից հետո: Ասեմ միայն, որ, հավանաբար, Պրահայում մրցահարթակ կմտնի 4-5 ծանրորդ՝ 69, 77, 105 եւ +105 կիլոգրամ քաշային կարգերում:

– Մեդալներ կլինե՞ն: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներից հետո մարզասերները նոր նվաճումների են սպասում:

– Մեր մեծահասակների հաջողությունը բոլորինս է: Դա ոգեւորել է նաեւ երիտասարդներին: Երբ ասում էի ապրիլյան հավաքներում բարձր կիլոգրամների մասին, նկատի ունեի հենց մեդալներ նվաճելու հավանականությունը: Եթե ծանրորդները Պրահայում հաջող կատարեն իրենց մոտեցումները եւ կրկնեն արդեն ցույց տված կիլոգրամները, մեդալակիրներ անպայման կունենանք: Տղաները ցանկանում են, որ իրենց էլ նույն կերպ օդանավակայանում դիմավորեն:

– Թեեւ արդեն մեկ տարի է, ինչ երիտասարդական հավաքականի ղեկին եք, առաջին անգամ եք թիմը նման պատասխանատու մրցման առաջնորդում: Մարզչի դերում հուզվո՞ւմ եք:

– Իհարկե: Հույս ունեմ, որ առաջին փորձությունս հաջող կանցնի:

– Կրկին պիտի հարցնեմ դոպինգի մասին:

– Այստեղ՝ Հայաստանում, ծանրորդները պարբերաբար դոպինգ- ստուգում են անցնում: Վերջինը Պրահա մեկնելուց առաջ կանցկացվի Մոսկվայի լաբորատորիայում, որտեղի սարքավորումները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Բացի դա, հակադոպինգային համաշխարհային ծառայությունը՝ ՎԱԴԱ-ն, կրկին խստացրել է պայքարը խթանիչների դեմ եւ նրա մասնագետները ցանկացած պահի իրավունք ունեն այցելել ուզած երկիր եւ իրենց ընտրությամբ մարզիկի դոպինգ-ստուգում անցկացնել: Նույնիսկ խուսափողը պատժվում է այնպես, ինչպես դոպինգ օգտագործողը: Հավաքականի մարզիչները, ֆեդերացիայի, ՀԱՕԿ-ի եւ սպորտի պետական կառույցի ղեկավարությունը ծանրորդներին եւ նրանց անձնական մարզիչներին խստագույնս զգուշացրել են, որ ստուգման դրական արդյունք գրանցվելու դեպքում հավասարապես կպատժվեն թե մարզիկը, թե անձնական մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել