Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԷՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱԼ

Մայիս 10,2007 00:00

Սակայն Հայաստանի պատվիրակության՝ Բաքու կատարելիք այցը կազմակերպել էր խիստ գաղտնի

ՀԱՕԿ-ի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը իր մտքերը սիրով կիսեց «Առավոտի» հետ:

Երբ Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակցության հետ կապված մեր բազմաթիվ ահազանգերը հասան Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) եւ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) ղեկավարներին, նրանք, ըստ երեւույթին, մեր առաջարկները վերլուծելով՝ նպատակահարմար էին գտել, որ հանդիպում պետք է կազմակերպել: Ենթադրում եմ, որ ՖԻԼԱ-ի միջնորդները խնդրի շուրջ նախապես մանրամասն խորհրդակցել էին ադրբեջանական կողմի հետ, որից հետո պաշտոնական ֆաքսով մեզ տեղեկացրել, որ ձեռք է բերվել Բաքվում հանդիպելու համաձայնություն: Իսկ ինչո՞ւ հատկապես Բաքվում, երբ հնարավոր էր չեզոք երկրի տարբերակը, ասենք՝ Թբիլիսիում, կամ, որ ավելի խելամիտ կլիներ, Սոֆիայում, որտեղ վերջերս ընթանում էր ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Իմ կարծիքով, այստեղ հնարավոր է երկու տարբերակ: Կամ նրանք այնքան են Ադրբեջանին ընդառաջ գնացել, որ ընդունել են նրանց առաջարկը, կամ հարեւան հանրապետությունը այլ ճանապարհներով ՖԻԼԱ-ի ղեկավարությանը համոզել է հավաքվել իրենց երկրում, որպեսզի բանակցության մասնակից կողմերին ցույց տա, թե իրենք ինչպես կարող են հյուրեր ընդունել եւ ճանապարհել:

Խնդիրը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելուց հետո որոշվեց, որ հրաժարվելու դեպքում հարցականի տակ կդրվի մեր երկու առաջատար մարզաձեւերի ճակատագիրը օլիմպիական խաղերում, հետեւաբար, անպայման պետք է գնալ՝ ունենալով հարցադրումների եւ պահանջների հստակ փաթեթ: Բայց ինչպե՞ս գնալ, ո՞ր ճանապարհով: Կամ նրանք մեզ դիմավորում են սահմանի վրա (նման պրակտիկա կա՝ կապված «Կարմիր խաչի» գործունեության, գերիների փոխանակության հետ), կամ գնում ենք ամենամոտ քաղաքը՝ Թբիլիսի, եւ այնտեղից ինքնաթիռով մեկնում Բաքու: Այս տարբերակները նամակով ներկայացրել էինք ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիին: Ընդունելի համարվեց երկրորդ տարբերակը:

Թբիլիսիում պայմանավորված վայր հասանք նշանակված ժամից մի բան էլ շուտ, որպեսզի հանդիպումը չկայանալու դեպքում ադրբեջանական կողմը ՄՕԿ-ին եւ ՖԻԼԱ-ին չպատճառաբանի, թե իրենք սպասել են ու մենք չենք եկել: Մեզ մոտեցավ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության պատասխանատու աշխատակիցներից մեկը, բարեհամբույր ողջունեց եւ խնդրեց մի փոքր սպասել, ասելով, որ օդանավը պետք է ժամանի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ կմեկնենք Բաքու: Որոշ ժամանակ անց մեզ մոտեցավ նրանց անվտանգության ծառայության աշխատակիցը: Առաջին բանը, որ նա մեզ խնդրեց՝ օդանավում (դա սովորական չվերթ էր), ինչպես նաեւ Բաքվում միմյանց հետ հայերեն չխոսել: Այնուհետեւ վերցրեց մեր անձնագրերը եւ գնաց ձեւակերպումներն անելու: Մենք օդանավ մտանք, երբ ուղեւորներն արդեն զբաղեցրել էին իրենց տեղերը: Հավանաբար, ավելորդ ուշադրություն չհրավիրելու նպատակով մինչեւ օդանավ քայլեցինք առանց ուղեկցողի: Նստեցինք բիզնես կարգի սրահի ամենաառաջին շարքում: Այնտեղ այլ ուղեւորներ էլ կային: Ովքե՞ր էին՝ չեմ կարող ասել: Հիսուն րոպեից վայրէջք կատարեցինք Բաքվում: Հենց օդանավի մոտ մեզ դիմավորեց Ադրբեջանի երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալը: Մեքենաներով տարան VIP սրահ: Սպասում էինք, որ մեր փաստաթղթերը ձեւակերպեն: Երբ մեր անձնագրերը վերադարձրին, տեսանք, որ դրանցում երկիր մուտք գործելու կնիք չի դրվել: Զարմանալի էր, որ Բաքվում գտնվելու ամբողջ ընթացքում մեզ ոչ մի լրագրող չմոտեցավ: Գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունները մեր այցը գաղտնի էին պահել ե՛ւ լրատվամիջոցներից, ե՛ւ ժողովրդից:

Հանգրվանեցինք հարկային նախարարության «Բաքու» հյուրանոցային համալիրում: Շատ չանցած նկատեցինք, որ այնտեղ, բացի մեզնից, ուրիշ ոչ ոք չի բնակվում ու սպասարկող անձնակազմն էլ խիստ սակավաթիվ է: Անգամ ադմինիստրացիայում մեր ազգանունները չգրանցվեցին: Դժվար չէր ենթադրել, որ հյուրանոցում էլ չգիտեին, թե ում են ընդունել:

Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք Ադրբեջանի օլիմպիական կոմիտե, որտեղ սկսվեցին բանակցությունները: Դրան մասնակցում էին Ադրբեջանից վեց հոգի, այդ թվում՝ նրանց սպորտի նախարարը, օլիմպիական կոմիտեի փոխնախագահը եւ գլխավոր քարտուղարը, ՖԻԼԱ-ի նախագահ Մարտինետին, ՖԻԼԱ-ի գործկոմի անդամ, Ուզբեկստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, ՄՕԿ-ի կողմից երկու ներկայացուցիչ՝ ՄՕԿ-ի գործկոմի անդամ, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանի գլխավորությամբ, եւ մենք՝ Հայաստանի երեք ներկայացուցիչներս:

Մեր հարցադրումները, որոնք լիովին կազմված էին ՄՕԿ-ի խարտիայի եւ ՖԻԼԱ-ի կանոնադրության բոլոր պահանջների շրջանակներում, գրավոր ներկայացրինք բոլոր կողմերին: Դրանք էին. Հայաստանի պատվիրակության յուրաքանչյուր անդամի անվտանգության լիակատար ապահովում, մրցավայրում եւ հյուրանոցում մասնակից բոլոր երկրների դրոշների կողքին Հայաստանի եռագույնի առկայություն, ըմբիշների համար մարզումային ու հանգստի պայմանների ապահովում, մրցանակային տեղ գրավելու դեպքում մեր եռագույնի պարտադիր բարձրացում եւ օրհներգի հնչեցում: Տեղում մեր պատվիրակությունը առաջադրեց եւս մի առանցքային պահանջ: Բաքվում գտնվելու ընթացքում տեսանք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցման ոչ մի կապ չկա: Հասկանալի պատճառներով խնդիր բարձրացրինք, որպեսզի աշխարհի առաջնության ընթացքում Հայաստանի պատվիրակության բոլոր անդամների համար այդ հարցը լուծված լինի ինտերնետի եւ բջջային հեռախոսակապի միջոցներով:

Սկզբում հատկապես ՖԻԼԱ-ի նախագահը չէր պատկերացնում ստեղծված իրավիճակի բարդությունը եւ հայկական կողմի անհանգստության դրդապատճառները: Միայն դրանից հետո Ռաֆայել Մարտինետին մի քանի անգամ պաշտոնապես հայտարարեց, որ անկախ աշխարհի առաջնությանը մասնակցելուց, Հայաստանը 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը եւ վարկանիշային եւս երկու մրցաշարերում հանդես գալու իրավունք կունենա: Բայց դրանից առաջ նա մի քանի արտահայտություններ արել էր Ադրբեջանի օգտին, որոնց մենք հենց տեղում հիմնավոր կերպով պատասխանելով՝ հասկացրինք խնդրի բուն էությունը: Շատ եմ կարեւորում նաեւ այն, որ մենք բոլորին հասկանալ տվեցինք, որ այս ամենն արվում է ոչ կանխամտածված կերպով, ադրբեջանական կողմին լրացուցիչ կամ անտեղի հոգսեր պատճառելու համար: Աշխարհի առաջնության մասնակցելը մեզ համար հեղինակության խնդիր է: Մենք Բաքու մեկնում ենք օլիմպիական ուղեգրեր նվաճելու, ինչու չէ, նաեւ հաղթելու նպատակով: Դրա համար էլ պահանջեցինք նաեւ, որ աշխարհի առաջնության ժամանակ անպայման լինեն ՄՕԿ-ի հատուկ դիտորդ եւ անկախ լրագրողներ աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներից, ովքեր գլխավորապես կհետեւեն հատկապես մեր պատվիրակության հետ առնչվող խնդիրներին: Թամաշ Այանը խոստացավ, որ խնդիրը կներկայացնի ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին ու ամեն բան կանի հարցը լուծելու համար: Արդյունքում ստորագրվեց քառակողմ պայմանագիր, որի տակ ստորագրեցին թե Ադրբեջանը, թե ՄՕԿ-ը, թե ՖԻԼԱ-ն եւ թե Հայաստանը: Ճիշտ է, որոշ կետերում ձեւակերպումները ինչ-որ չափով խմբագրվեցին՝ կորցնելով հստակությունը: Օրինակ, անվտանգության երաշխիքների մասով գրվեց, որ Ադրբեջանը պարտավորվում է ապահովել բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների անդամների անվտանգությունը՝ առանց Հայաստան բառը հատուկ նշելու:

Ընդհանուր առմամբ մենք կատարեցինք մեր առաքելությունը: Ադրբեջանը կոնկրետ պարտավորություններ ստանձնեց, որոնք պարտավոր է ամբողջությամբ կատարել: Մի բան, որին խիստ կասկածում եմ: Իսկ թե ի՞նչ կլինի մինչեւ սեպտեմբեր, Հայաստանն ըստ իրավիճակի կողմնորոշվելու իրավունք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել