Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքը հակաճգնաժամային ծրագիրն է»

Մայիս 10,2007 00:00

Նորհաճընցիք երեկ լսեցին եւ հավատացին Արտաշես Գեղամյանին

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ հանդիպեց Նոր Հաճընի բնակիչների հետ: Չնայած եղանակը ամենեւին հանրահավաքային չէր՝ անձրեւը թափվում էր անընդհատ, սակայն նոր հաճընցիները հավաքվել էին Մշակույթի տան հրապարակում եւ սպասում էին Արտաշես Գեղամյանին: Իզուր էր Սարգիս Մուրադխանյանը շարունակ խնդրում մարդկանց՝ մտնեն ներս, որպեսզի չթրջվեն, մարդիկ ուզում էին դիմավորել Արտաշես Գեղամյանին եւ սեղմել նրա ձեռքը: Եվ կատարվեց նրանց երազանքը՝ եկավ «Ազգային միաբանության» նախագահը եւ հատ-հատ սեղմեց մարդկանց ձեռքերը եւ հայտարարեց. «Սիրելի նորհաճընցիներ, այն, որ այս եղանակին եկել եք, այն, որ կանգնել եք այս հրապարակում, արդեն ապացուցել եք, որ մենք հաղթել ենք, որովհետեւ դուք ձեր հոժար կամքով եք եկել, որովհետեւ ձեզ ոչ ոք չի ստիպել հավաքվել այստեղ»: Այս խոսքերից հետո հավաքվածները մի մարդու պես վանկարկեցին՝ Գե-ղամ-յան, Գե-ղամ-յան, եւ ծափահարեցին: Տղամարդիկ մինչ հանդիպումը չէին թաքցնում, որ մեծ հույսեր են կապում հատկապես Արտաշես Գեղամյանի հետ: «Թե մի անի՝ էլի նա կանի»,- ասաց հաճընցի Ռաֆայելը: Իսկ 70-ամյա Հովհաննեսը նկատեց, որ իրենք «սրտանց» են եկել Գեղամյանի հետ հանդիպման. «Իսկ որ էն «Քեզ համարն» է գալիս, մեր երեխանցը, մեզ էլ զոռով են քշում հրապարակ, բա դա կա՞րգ է»: Արտաշես Գեղամյանի հետ հանդիպման էին եկել գործազուրկ, խեղճ, հուսահատ մարդիկ, ովքեր ասում էին, որ եթե մի քիչ հույս դեռ մնացել է, այն էլ կապում են ԱՄ-ի եւ ընդդիմադիր մյուս ուժերի հետ: Իսկ մարդկանց ուզածը մի բան էր՝ աշխատատեղեր, արժանապատիվ գործ եւ կյանք:

Արտաշես Գեղամյանը իր հ երթին հայտարարեց, որ այսօր իշխանություններն ամեն ինչ անում են, «որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը ծնկի բերեն, միտումնավոր բանկային համակարգով, բառիս իսկական առումով «ղումար» են խաղում, որ աշխատատեղերից զրկեն»: Այս ընթացքում ուղղակի տեղատարափ անձրեւ էր թափվում, բայց մարդիկ չէին հեռանում, իսկ մի տարեց մարդ ամեն կերպ փորձում էր իր անձրեւանոցը պահել Ա. Գեղամյանի գլխին, որ գոնե նա չթրջվի, բայց ԱՄ նախագահը հրաժարվեց «տանիքից» եւ ասաց. «Հայրիկ ջան, երբ իշխանությունները կգան՝ իրենց գլխին պահի, իմս ներսից էլ է տաք, դրսից էլ ջերմացնում եմ»:

Այս կարգի բաները հասարակությանը դուր էր գալիս, քանի որ թրջված եւ սառած մարդիկ ջերմորեն արձագանքում էին այս խոսքերին: Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ իշխանությունները միտումնավոր սնանկացնում են ձեռնարկությունները (խոսեց «Շողակնի» մասին- Մ. Ե.) եւ հետո չնչին գումարներով գնում են հենց իրենք եւ «հայ արհեստավորին, հայ հմուտ վարպետին բառիս իսկական առումով ստրուկի տեղ են օգտագործում: Ի՞նչ է, կարծում են չգիտե՞նք, թե Նամիբիայում ո՞ւմ սեփականությունն են այն գործարանները, որ այնտեղ աշխատում են, կարծում են չգիտե՞նք, որ նույնը բացելու են նույն Զիմբաբվեում կամ նույն Անգոլայում: Եվ ստացվում է՝ հարստանալու մոլուցքը արդեն սրանց ոչ մի բանի առաջ չի կանգնեցնում»: Ասաց, որ իր հեղինակած 78 էջանոց «մեղադրականի»՝ «Հակաճգնաժամային ծրագրի» մեջ կոնկրետ փաստեր են բերված. «Դե, թող որեւէ մեկը համարձակվի, հանդգնի ասել՝ այս կամ այն էջը իրականություն չի»: Ի դեպ, մարդիկ սրտատրոփ սպասում էին, թե երբ են ստանալու Գեղամյանի ծրագիրը:

Արտաշես Գեղամյանը ասաց, որ իր բոլոր ելույթներում մատնացույց է արել բոլոր «խոշորածավալ ալան-թալանի հասցեները», բաjց իշխանությունների կողմից՝ «Քար լռություն, ոչ մի արձագանք: Ի՞նչ, ինքնախոստովանեն, որ թալանի հետեւում իրե՞նք են կանգնած, ինքնախոստովանեն, որ 75 սպանությունները հիմնականում իրենց պատվերո՞վ է կատարվել, խոստովանեն, որ 3 տարի առաջ «ՏԷՑ-ի կրուգում» 4 երիտասարդի՞ սպանեցին, մարդասպանը 1 տարի 1 ամիս նստեց, որից հետո 200 հազար դոլարանոց «Համմեր»-ի բանալիները եւ մեքենան նվիրեցին»: Արտաշես Գեղամյանը նաեւ պատմեց, որ հենց իր դեմ «առանց անհարմար զգալու 4 դավ են նյութել՝ անցած 3-4 տարիների ընթացքում, միայն ինձ հետ կապված»: Նկատեց, որ իշխանական ուժերի հավաքներին մարդկանց զոռով են բերում եւ համերգներ են կազմակերպում: «Հիմա էլ մարդկանց աչքերին թոզ են ուզում փչել, աշխարհի ծայրից ավտոբուսներով դպրոցականների, մանկավարժների, բյուջետային աշխատողների՝ սպառնալիքներով բերում-լցնում են հրապարակ, որ օրը գնաս՝ համերգ է, սովածությունից ուշագնացության դեպքեր են լինում այդ համերգներին, Աստված ասես վերեւից պատժում է, ասում է՝ սոված մարդուն ինչքա՞ն կարելի է խաբել, քաղցած մարդուն ինչքա՞ն կարելի է այդ դատարկ համերգներով կերակրել: Զրկել են հույսից, զրկել են հավատից եւ հիմա սարսափում են, երբ այս հույսը արթնանում է: Այսօրվա մեր հանդիպմանը, երբ այս անձրեւի տակ այսքան մարդ հոժարակամ եկել է, հոժարակամ հավաքվել եւ լսում է, սա իրենց համար մահացու հարված է». Արտաշես Գեղամյանի այս խոսքերը եւս մարդիկ ծափերով ընդունեցին:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը մարդկանց խոստացավ, որ ստեղծված դժվարին իրավիճակից ելքեր կան եւ դրանք պետք է փնտրել իր «Հակաճգնաժամային» ծրագրում: Ինչպես եւ նախորդ հանդիպումների ժամանակ, Նոր Հաճընում եւս մարդիկ շտապեցին ձեռք բերել Արտաշես Գեղամյանի ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել