Երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ Սմբատ Այվազյանը
– Պարոն Այվազյան, ԱԺ ընտրությունների քարոզարշավն այսօր ավարտվում է: Ձեր կուսակցությունն ավելի քան մեկ ամսվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ մարզերում: Ինչպե՞ս եք գնահատում այսօր տիրող քաղաքական մթնոլորտը մեր երկրում:
– Նախընտրական քարոզարշավի առաջին օրն ու այսօրը տիրող մթնոլորտում դրական իմաստով բավականին եւ լուրջ տեղաշարժ է արձանագրվել: Կուսակցության բոլոր հանդիպումներն ապացուցում են, որ հասարակության մեջ կոտրվել է այն անտարբերությունը, որ մինչ այս կար քաղաքական պրոցեսների նկատմամբ: Մարդիկ սկսել են հավատալ երկրի ապագային, փոփոխություններ իրականացնելու հնարավորությանը: Առաջինը, ինչը մենք արձանագրեցինք, այն է, որ բոլորն են փոփոխություններ ուզում եւ այդ փոփոխությունները պայմանավորում են ներկայիս իշխանությունների՝ ղարաբաղյան կլանի հեռացմամբ: Սա մեր հասարակության համար թիվ մեկ խնդիր է: Մարդիկ հանդիպումների ժամանակ կուսակցության ծրագրի, թոշակների բարձրացման, ստվերային տնտեսության եւ նման որեւէ այլ բան լսել չեն ցանկանում: Ուզում են լսել միայն մեկ բան՝ պատրա՞ստ ենք ղարաբաղյան կլանին հեռացնել իշխանությունից եւ ինչպե՞ս: Բոլորը հասկացել են, որ իշխանությունների՝ երկիրը կառավարելու տեխնոլոգիան մեկն է՝ ունենալ աղքատ եւ սոցիալապես անապահով ազգաբնակչություն, որն ընտրությունների ժամանակ դառնում է ընտրող, որից ձայն են գնելու ճնշման տարբեր մեթոդներով, իսկ այդ քաղաքականությունը շարունակվելու է, եթե այս իշխանությունները շարունակեն կառավարել: Ես կարող եմ հավաստիացնել, որ մեր հասարակության ավելի քան 99 տոկոսն այս իշխանությունների հետ ապագայի հույսեր չի կապում: Քարոզարշավի մեր բոլոր հանդիպումները բացի այն, որ մարդաշատ էին լինում, հանդիպումից հետո էլ մարդիկ մեզ պատգամում էին մինչեւ վերջ պայքարել եւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
– Ձեր նշած 99 տոկոսի մեջ կան ե՛ւ ակտիվ, ե՛ւ պասիվ դժգոհներ: Ձեր դիտարկմամբ` ակտիվ զանգվածը, որը պատրաստ է հարկ եղած դեպքում ընդդիմության կոչով ոտքի կանգնել, որքա՞ն տոկոս է կազմում:
– Բավականին շատ, եւ նրանք հատկապես շրջաններում են: Կոնկրետ թիվ ասելը բարդ է: Մյուս կողմից, դժգոհողների տոկոսը քաղաքական գործընթացներում հարաբերական նշանակություն ունի: Ուկրաինայում, օրինակ՝ 50 հազար մարդը որոշիչ դերակատարում ունեցավ, Վրաստանում փոփոխություններ եղան մի քանի հազար հոգու ոտքի հանելով: Այսինքն՝ կարեւորը հասարակության ակտիվ հատվածի որակյալ լինելն է՝ ոչ թե քանակական, այլ՝ կամային, քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման իմաստներով:
– Ձեր դիտարկումներով իշխանական կուսակցություններն այսօր ՀՀ-ում քանի՞ տոկոս ռեալ քվե ունեն՝ ներառյալ վարչական լծակների, ընտրակաշառքի եւ ճնշումների գործոնները:
– Միանշանակ համոզված եմ, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը արմատական փոփոխություններ է ուզում եւ բացարձակապես հույսեր չի կապում ո՛չ Ռ. Քոչարյանի, ո՛չ Ս. Սարգսյանի եւ նրանց ներկայացնող ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ: Իսկ այն սոցիոլոգիական հարցումները, որոնք վկայակոչվում են իշխանության կողմից, հիմնականում պատվիրում են հե՛նց իրենք, ու հարցումներ՝ որպես այդպիսիք, վստահ եմ՝ չի էլ անցկացվում: Դրանք ընդամենը թվեր են՝ հասարակության մեջ մթնոլորտ ձեւավորելու համար:
– Ասում եք, թե մարդիկ հարցնում են՝ կարո՞ղ եք կանգնել մինչեւ վերջ, փոխել իշխանությունը: Իսկապես՝ կարո՞ղ եք: Թե՞ այս անգամ էլ, 2003թ. նման, ընդդիմության առաջնորդները կարող են որոշել գնալ թեյ խմելու:
– Մինչեւ վերջ գնալը, ընտրությունների արդար անցկացման դեպքում, պետք է լինի այն, որ ընդդիմությունը խորհրդարան մտնելով մեծամասնություն կազմի եւ իշխանությանն իմպիչմենտ հայտնի: Այդ դեպքում ԱԺ-ն կնշանակի ՀՀ նախագահի, հետո նաեւ` ԱԺ արտահերթ ընտրություններ, որին քաղաքական ուժերն արդեն կմասնակցեն իրենց ծրագրերով, ոչ թե փողի քսակով եւ ճնշման միջոցով: Իսկ արդար ընտրությունների երաշխավորը պետք է լինի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախագահը: Հակառակ դեպքում ընդդիմությունը պայքարը կշարունակի փողոցում, բայց դա միայն ընդդիմության խնդիրը չէ, եւ այդ գործընթացին ուղղակի մասնակից պետք է լինի նաեւ ժողովուրդը: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Եթե մայիսի 12-ին իշխանությունները գնացին խախտումների՝ վստահ եմ, որ ընդդիմության հանրահավաքների հարթակում էլ հավաքված գործիչների վճռականությունն այնքան մեծ է, նրանք այնքան կամք ունեն, որ կանգնած են լինելու ժողովրդի մեջ եւ նրա հետ: Որեւէ մեկը որեւէ տեղ չի գնալու, ժողովրդի հետ առաջին շարքերում ենք լինելու եւ պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի:
– «Հանրապետությունը», ձեր գնահատմամբ, որքա՞ն քվե կարող է ստանալ:
– Հայաստանում քաղաքացիների բավականին մեծ ակտիվություն կա, եւ կարծում եմ` մինչեւ 800 հազար ընտրող կմասնակցի ընտրություններին: Ընդդիմությունն այսօր, վստահ եմ, 80 տոկոսից ավելի քվե ստանալու ռեալ հնարավորություն ունի: Թե որքան քվե կստանանք՝ կանխատեսել չեմ ցանկանում, բայց որ այդ 80 տոկոսի մեջ լուրջ դերակատարություն կունենանք՝ համոզված եմ:
– Ընտրությունները կեղծելու իշխանությունների հիմնական «զենքը» ո՞րն է լինելու, ըստ ձեզ:
– Նկարչությունը՝ ընտրական հանձնաժողովներում: Սա է իշխանությունների միակ հույսը: Իսկ ընդհանրապես՝ երկրում իրականացվում է «Սերժ» օպերացիան` իր բազմաբնույթ կոմպոնենտներով: Դրանցից մեկը, օրինակ՝ ընտրացուցակների ձեւավորումն է, որն իրականացվում է Ս. Սարգսյանի բարեկամուհու՝ Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի միջոցով: Ընտրացուցակներն այսօր էլ խայտառակ վիճակում են. շենքեր կան, որ երկու մուտք ունեն, բայց ընտրացուցակներում 4 մուտքանոց են դարձել, բանակի ծառայողները գրանցված են ե՛ւ զորամասերում, ե՛ւ իրենց բնակության հասցեներում, մարդկանց տների վրա ընտրողներ են գրանցված, որոնք այդ հասցեի հետ որեւէ կապ չունեն: Միայն Զեյթուն համայնքում ԿԸՀ-ի ընտրողների ռեգիստրում ներկայացված եւ տվյալ ընտրատարածքի ընտրացուցակների մեջ 3000 ընտրողի տարբերություն կա: Մենք, իհարկե, երեք ընդդիմադիր ուժերով համատեղ ենք վերահսկելու իրավիճակը, կասեցնելու ենք լցոնումների եւ կեղծիքների դեպքերը, թեեւ դրա պատասխանատուն ՀՀ նախագահն է, եւ հե՛նց նա էլ այս ընտրությունների համար պատասխան է տալու: