Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց խախտում ընտրություն չի լինում

Մայիս 10,2007 00:00

Վստահեցնում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը

«Ռեգնում» գործակալությունը երեկ հյուրընկալել էր Դավիթ Հարությունյանին, որը նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պատասխանատուներից է: Եվ նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին քարոզչության ընթացքում ՀՀԿ-ի թույլ տված խախտումներին, որոնցից մեկին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ի վերջո ասաց, թե բոլոր քաղաքական ուժերն էլ թույլ են տվել խախտումներ, սակայն դրանք չունեն էական որեւէ նշանակություն. «Առանց խախտումների հնարավոր չէ ընտրություն իրականացնել, քանի որ միշտ լինում են մանր-մունր խախտումներ»:

Սակայն ներկայացնենք «Առավոտի» հարցերին նրա պատասխանները: Հայտնեցինք, որ լուսանկարել էինք այն ավտոբուսները, որոնցով մարդիկ բերվել էին Քանաքեռ-Զեյթունի համայնքում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Իսկ Մալաթիա-Սեբաստիայում հանդիպումից առաջ տոնավաճառի աշխատակիցներն իրենք էին բողոքել ԶԼՄ-ներին, որ իրենց թույլ չեն տալիս հեռանալ տարածքից՝ հարկադրելով մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը: «Արդյոք ՀՀԿ-ին հետաքրքի՞ր չէր պարզել իր իրական լսարանը, թե քանի՞սը կգային հանդիպումներին, եթե չլիներ նման պարտադրանք»,- հարցին պրն Հարությունյանը պատասխանեց. «Ավտոբուսներով բերելուն դեմ չենք, անկեղծ ասած, քանի որ դրանք ընդամենը կազմակերպչական հարց են լուծում՝ ապահովել տրանսպորտով այն բոլոր անձանց, ովքեր գալիս են մասնակցելու: Իսկ եթե որեւէ մեկին պարտադրվում է ներկայանալ, իհարկե, մենք դրան կտրականապես դեմ ենք: Ավելին՝ մենք դրա դեմ պայքարում ենք»:

Կարելի էր շնորհակալություն հայտնել Դավիթ Հարությունյանին, որ չփորձեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանի պես պնդել, թե մարդիկ իրենք են գալիս, քանի որ «հետաքրքիր է երկրի վարչապետին մոտիկից տեսնելը»: Մայիսի 4-ի ասուլիսում Աշոտյանն ասել էր. «Մարդիկ ուղղակի փորձում են բարեւել, փորձում են հաղորդակից լինել եւ հասկանալ, որ այո՛, մարդ է, մսից ու արյունից մարդ է, ինչպես յուրաքանչյուրս»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանն էլ նույն օրը մամուլում հայտարարել էր. «Եթե ընտրությունների ժամանակ տեղի ունենան այնպիսի խախտումներ, որոնք ստվերեն կամ կասկածի տակ դնեն քվեարկության արդյունքները՝ հետընտրական զարգացումներում առաջամարտիկներից մեկը կլինի Դաշնակցությունը»: Մեր հարցին, թե գուցե ՀՀԿ-ն է՞լ հայտարարի, որ խախտումների դեպքում դուրս կգա փողոց՝ արդարադատության նախարարը պատասխանեց. «Մենք փողոց դուրս չենք գա: Մենք ուղղակի թույլ չենք տա, որ խախտումներ լինեն: Լինելով իշխանության մեջ ամենալայն ձեւով ներկայացված քաղաքական ուժը՝ մենք ստանձնել ենք պատասխանատվությունն այս ընտրությունների համար: Եվ ոչ միայն ստանձնել ենք եւ ամպագոռգոռ հայտարարություններ արել, թե մենք թույլ չե՜նք տա, կպայքարե՜նք, եթե նման բաներ լինեն, այլ նաեւ փորձել ենք քայլեր ձեռնարկել, որ նման բաներ տեղի չունենան՝ սկսած ուսումնառությունից, մեթոդական նյութերից, վերջացրած ֆիլմերի նկարահանմամբ»: 2 մասանոց այդ ֆիլմը այսօր եւ վաղը ժամը 20:50-ին ցուցադրվելու է Հ2-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել