Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 10,2007 00:00

Իրավական խնդիրները՝ տեսական հարթության վրա

Կուսակցությունների՝ մեր ուսումնասիրած ծրագրերում անպակաս էին «կոռուպցիա», «կլան», «իրավական դաշտ», «պայքար» բառերը:

Նոր Սահմանադրության ընդունումը Ազգային ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) ծրագրային դրույթներից է:

Անդրադառնալով իրավական փոփոխություններին, ԱԺԿ-ն, խորհրդարանական մաս կազմելու դեպքում, կողմ է անկախ եւ արդար դատական իշխանության կայացմանը, վարչական արդարադատության ինստիտուտի ստեղծմանը՝ օրենքներին հակասող իրավական ակտերն անվավեր ճանաչելու եւ պաշտոնյաների հակաիրավական գործողությունները դադարեցնելու նպատակով:

ԱԺԿ-ն երաշխավորում է ստանձնել տեղեկատվական բոլոր միջոցների ազատություն, այդ թվում՝ հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի այնպիսի իրավունքների ամրագրում, որոնք ուղղված են հեռարձակվող լրատվամիջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովմանը (իրավասու պետական մարմիններին եւ դատարան դիմելը՝ ոտնձգություններից պաշտպանվելու նպատակով, ոլորտում տիրող վիճակի մասին Ազգային ժողովում ամենամյա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հրատապ զեկույցով հանդես գալը):

ԱԺԿ-ն պնդում է, որ մատչելի պետք է լինի պետական կամ առեւտրային գաղտնիք չհանդիսացող եւ մարդու անձնական կյանքին չվերաբերող ցանկացած տեղեկատվություն:

«Դաշինք» կուսակցությունն իր «դատաիրավական համակարգ» քառատողային գլխում անդրադարձել է դատական համակարգի զարգացմանը, կարեւորելով «համակարգի ֆինանսական անկախության ապահովումը»: Իսկ լրատվամիջոցների դերը պայմանավորում է նրանց անվտանգության ապահովմամբ:

Ազատ խոսք, ազատ մարդ, ազատ երկիր

«Ժառանգություն» կուսակցությունը միակն է, որն իր ծրագրում կարեւորում է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի դերի բարձրացումը: Հավանաբար, այն պայմանավորված էր իր ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող առաջին օմբուդսմենի գործոնով: Կուսակցությունը արձանագրում է. «ՀՀ-ում կոռուպցիան կրում է պարտադրված եւ համակարգային բնույթ: Քաղաքական կոռուպցիայի հետեւանքով ՀՀ-ում իշխանությունը բռնազավթված եւ ազգային հարստությունը յուրացված է մի քանի կլանների կողմից: Վարչական կոռուպցիան դարձել է քաղաքացիներից համատարած դրամաշորթության միջոց, որը հանգեցրել է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակության քրեականացմանը: Ըստ նրանց, օրինականության հաստատման համար անհրաժեշտ է հասնել հետեւյալ պահանջի կատարմանը. անկախ դատախազության վերահսկողություն»:

Իսկ «Ժողովրդական ուղի կուսակցության» (ԺՈՒԿ) նախընտրական ծրագիրը ավելի շատ նմանվում է խորհրդային տարիների պատմության կամ հասարակագիտության դասագրքերից արված քաղվածքների: Մասնավորապես ծրագրում կա հետեւյալ բառարանը.

«Ազատություն-անձի ազատություն, երբ յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած ոլորտում ունի ընտրության եւ ինքնորոշման իրավունք:

Արդարություն-այնպիսի հասարակական հարաբերություններ, որոնք ապահովում են կենսագոյության հավասար պայմաններ:

Համերաշխություն-դեմ է դասակարգային հակամարտությանը եւ թշնամանքի բորբոքմանը, կողմ է սոցիալական արդարությանը, համերաշխությանն ու համագործակցությանը, քաղաքացիական համաձայնությանը»:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում «անհրաժեշտ է համարում վերափոխել երկրի իրավաքաղաքական համակարգը…»:

Իր ուղերձով դիմելով ընտրողներին, ՆԺ-ն ներկայացնելով երկրում առկա հիմնախնդիրները, եզրահանգում է. «Ելքը մեկն է. ազգովի ելնենք ի պաշտպանություն մեր իրավունքների, միասին կանգնենք կոռուպցիայի մեջ թաթախված վարչախմբի ապազգային գործողությունների դեմ հանդիման, մեզ վերադարձնենք սեփական երկրում արժանապատիվ ապրելու ի վերուստ մեզ տրված սուրբ իրավունքը»:

«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ծրագիրը համահունչ էր կուսակցության անվանը եւ հեքիաթասացի նկարագրությամբ ներկայացնում էր, թե ինչպիսին պետք է լինի օրենքի երկիրը. «Օրենքի երկրում ուժեղները արդար են, թույլերը՝ պաշտպանված: Օրենքի երկիր կարելի է կառուցել միայն մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու դեպքում»:

Իրավական բարեփոխումների, արդարադատական պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության իրականացման գործընթացում կուսակցությունը միակն է, որը անդրադառնում է փաստաբանների ինստիտուտի դերի բարձրացմանը:

ՕԵ-ն վճռական է կոռուպցիայի դեմ պայքարում, որն առկա է դատաիրավական ոլորտում:

Հակակոռուպցիոն

քաղաքականություն,

անգամ՝ գործակալություն

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) նախընտրական ծրագիրը հիշեցնում է տարեվերջյան հաշվետվության: Մանավորապես, «Իրավունքի գերակայություն եւ դատական համակարգ» ենթագլխում ծրագիրը ներկայացնում է արդեն սահմանադրական փոփոխությունների ենթարկված մարդուն՝ իր բարձրագույն արժեք համարվող ազատություններով եւ իրավունքներով, նաեւ մերօրյա անկախ դատական համակարգով:

Իսկ «Հայ հեղափոխական դաշնակցությունը» (ՀՅԴ) նախընտրական ծրագրում մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմ՝ ստեղծել ամբողջական լիազորություններով օժտված եւ հասարակության վստահությունը վայելող պետական անկախ գործակալություն:

«Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն»՝ առաջարկում է ՀՅԴ-ն: Առանձին գլուխ նվիրված է սպառողների իրավունքների պաշտպանությանը: Դաշնակցությունը գտնում է, որ նախ պետք է ապահովել սննդի անվտանգությունը, շուկայում արդար տնտեսական մրցակցությունը, նաեւ պետք է աշխատանքներ տարվեն սպառողների իրավունքների պաշտպանության, պետական մարմինների գործունեության թափանցիկության եւ հաշվետվողության ապահովման ուղղությամբ:

«Բարգավաճ Հայաստանն» իր նախընտրական ծրագրում, ի տարբերություն Հանրապետականի, երկու փոքրիկ կետով համաձայնել է, որ իրականում երկրում կոռուպցիա կա, ահա այդ կետերը. «Կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթի ընդունում»:

«Ազգային միաբանություն» կուսակցության (ԱՄԿ) հակաճգնաժամային համարվող ծրագիրը իր մեկնություններով նման է Լուսավորչի՝ «Վերք Հայաստանի» վեպին: Կուսակցությունը վերահսկելու է, որպեսզի օրենքները չխախտվեն, «մարդիկ պաշտպանված լինեն իշխանությանը սերտաճած կլանների, մի խումբ հանցագործների ու սրիկաների կամայականություններից»:

ԱՄԿ-ն նոր բառ է ներմուծում ի պատիվ «քրեամենաշնորհայնացված» իրավիճակում գտնվող դատական համակարգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել