Նրանցից յուրաքանչյուրը ազգի փրկությունը տեսնում է իր մեջ
Վերջին օրերին Գյումրիում ձրի համերգներն ու կրքոտ ելույթներն այնքան են շատացել, որ պարապ-սարապ գյումրեցիները չեն հասցնում հրապարակներից տուն գնալ: Նախորդ օրը Գյումրիում քարոզարշավի էր եկել միանգամից 3 կուսակցություն՝ ՕԵԿ-ը, Ժողովրդական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն: Վերջինս Գյումրի էր եկել կարմիր վերնազգեստներով ու մոտոցիկլետներով: Թեեւ երեքին էլ գյումրեցիները ջերմ ընդունեցին, սակայն նրանց համար ամենասպասվածը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր: Առանց ավելորդ հրավերների, գյումրեցիների մեծ մասը ինքնակամ ներկայացել էր Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն:
«Բռավո, կյանքիդ մեռնիմ Բաղդասարյան ջան, Արթուր նախագահ» ու այլ կրքոտ բացականչություններ էին հնչում թատրոնի բակում: Ընտրազանգվածը շրջափակել էր նրան՝ մի կերպ թողնելով բարձրախոսի մոտ հասնել: Թեեւ ՕԵԿ-ական բոլոր թեկնածուներին էլ խոսք տրվեց, բայց բնակչությանը հետաքրքրող միակ անձը Արթուր Բաղդասարյանն էր: Նշենք, որ վերջին շրջանում գյումրեցիների խոսակցության ամենաակտիվ թեման Քոչարյան-Բաղդասարյան փոխադարձ մեղադրանքներն էին: Ա. Բաղդասարյանն էլ անչափ լավ զգաց իրեն՝ հայտարարելով, որ թեեւ գյումրեցիներին հարկադրել էին հանդիպման չգալ, բայց հազարավոր մարդիկ են հավաքվել: «Սիրելի ժողովուրդ, էսօր հայ ազգը գտնվում է թշվառության, կարիքի մեջ: Ինչո՞ւ պետք է 21-րդ դարում մենք ապրենք նման պայմաններում, ինչո՞վ ենք ուրիշներից վատը: Ժողովրդից այնքան են լափել, գռփել ու թալանել, որ այսօր Մոնտե Կառլոյի կազինոներում միլիոններ են տարվում: Ինչպե՞ս կարելի է: Մենք սա համարում ենք հայ ազգի դեմ ուղղված դավաճանություն: Այսօր մեր երկրում կան երկրից հարուստ, միլիարդներ ունեցող մարդիկ, որոնք փորձում են ընտրակաշառքներ բաժանել, դա ողորմություն է: Մի՛ վաճառեք ձեր ձայները, սիրելի՛ գյումրեցիներ, մի՛ վաճառեք ձեր ապագան, այս ընտրությունները վերաբերում են առնվազն 4 հազար օրվա: Ես՝ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդս, պայքարում եմ մեր ցանկացած քաղաքացու համար՝ անկախ նրա քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից, ես պայքարում եմ յուրաքանչյուր ոստիկանի, ազատամարտիկի, թոշակառուի համար»,- ասաց Ա. Բաղդասարյանը՝ հայտարարելով, որ առաջիկայում ինքը մասնակցելու է նախագահական ընտրություններին:
Նույն օրը գյումրեցի ընտրազանգվածին չխաբվելու կոչ արեցին նաեւ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն ու գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:
«Եթե դուք լրջությամբ չվերաբերվեք, տեղի տաք փողին, վախին ու ճնշումներին, ժողովուրդը ձեզ չի ների եւ նրանք, ովքեր ձեզ ասում են՝ ինչ ուզում եք արեք, տեր ենք, սուտ են ասում, ոչ ոք ձեզ տեր չի կանգնի: Ամոթ չի՞ էս տեսակի ժողովուրդը ընտրակաշառքին խաբվի, նկատի ունեցեք, որ 5 տարով Ազգային ժողով են գնալու կիսագրագետ, լկտի, զոռբա մարդիկ, որոնք ուզում են ձեր ձայնը առնել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Ի դեպ, դաշնակցականները կեսօրից կարմիր վերնազգեստներով ու մոտոցիկլետներով, Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, երթ էին կազմակերպել Գյումրիով մեկ, իսկ երեկոյան՝ ճոխ համերգ: Ականատեսների վկայությամբ, համերգի ժամանակ գյումրեցիները հրմշտել են դաշնակցականների հրավիրած երգչին՝ Արտո Թունջբոյաջյանին: