Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՎ ԱՆՀՆԱՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Մայիս 10,2007 00:00

\"\"Իրենց ընտրողներին կուսակցությունները հույսով են անում, թե աշխատատեղեր կբացեն, բյուջեն կլցնեն, աշխատավարձերը կավելացնեն:

«Ստվերային տնտեսության գերակշիռ մասը բերելու ենք օրինական դաշտ եւ դրա հաշվին 2008-ին պետբյուջե հավելյալ կմուտքագրվի 800 մլն դոլար». իր նախընտրական ծրագրում այսպես է խոստանում «Ժառանգություն» կուսակցությունը: Նկատենք, որ եթե ստվերի գերակշիռ մասը Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությանն իսկապես հաջողվի բերել հարկման դաշտ, ապա բյուջե պետք է մուտքագրվի ոչ թե 800 մլն, այլ առնվազն 1 մլրդ դոլար, որովհետեւ, տարբեր հաշվարկներով՝ մեր տնտեսության 80 տոկոսը ներկայումս ստվերում է ու եթե 50 տոկոսն էլ օրինականացվի՝ բյուջեն կկրկնապատկվի:

Իր նախընտրական ծրագրում անտրամաբանական խոստումներ է տալիս Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ), որն առաջարկում է լիովին հրաժարվել ցանկացած տիպի մաքսային տուրքերից: Ըստ ՄԻԱԿ-ի, դա կխթանի ներքին շուկայի մրցակցության աճին: Սակայն ցանկացած տիպի մաքսերը հանելը ենթադրում է նաեւ Հայաստան ներկրվող ապրանքները մաքսազերծումից ազատելը, ինչը կբերի նրան, որ տեղական արտադրանքն անգամ մեր ներքին շուկայում կդառնա անմրցունակ, իսկ ներկրվող ապրանքները շուկայից կհանեն հայկական արտադրանքները: ՄԻԱԿ-ը նաեւ մեր տնտեսության ապագան տեսնում է նրանում, որ պետությունը նվազեցնի իր դերը տրանսպորտային ենթակառուցվածքներում, էներգետիկայում եւ մի շարք այլ շուկաներում, թույլ տա, որ շուկա մտնեն այլ տնտեսվարողներ, որպեսզի մրցակցություն լինի: Հաշվի առնելով, որ առանց այդ էլ պետությունն այս տարիներին էներգետիկայի եւ մի շարք այլ կարեւոր շուկաներում վաճառել է իր «ունեցած-չունեցածը», ուստի այստեղ պետության դերի է՛լ ավելի նվազեցման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդուհանդերձ, ՄԻԱԿ-ը դա դիտարկում է որպես տնտեսական «բարեփոխում»՝ առաջարկելով նաեւ հրաժարվել դրամավարկային քաղաքականությունից եւ հիմնվել դրամական բազայի ավտոմատ կարգավորման վրա: Հաշվի առնելով, որ մեր երկրում «ավտոմատ» ոչինչ չի կարող կարգավորվել, առավել եւս՝ փոխարժեքը, երբ դրանից որոշ խավեր հսկայական «ձախ» եկամուտներ են ապահովում, այսպիսի առաջարկը նույնպես անիրատեսական կարելի է համարել, մանավանդ որ՝ մեր ֆինանսական շուկան շատ փոքր է, եւ փոխարժեքի ցանկացած տատանում հսկայական ալիք է բարձրացնում շուկայում, ուստի ԿԲ-ի դերը՝ կարգավորելու այդ տատանումները, խիստ մեծ է եւ այստեղ չի կարող գործել ավտոմատ ռեժիմը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2007-2012թթ. ընթացքում խոստանում է ՀՆԱ-ի եւ արտահանման աճը կրկնապատկել, ներդրումների աճը եռապատկել, կրկնակի բարձրացնել աշխատավարձերը: Այս ամենին հասնելու համար ՀՀԿ-ն նախատեսում է տնտեսական դաշտում հավասար եւ արդարացի պայմաններ ապահովել, բացառել արհեստական տնտեսական մենաշնորհների առաջացումը եւ մենաշնորհների չարաշահումը: Բացի այդ, ՀՀԿ-ն ծրագրում է, որ մարզերում շատ արտադրական ձեռնարկություններ կստեղծվեն, որոնք կլուծեն գյուղատնտեսության խնդիրները, մինչդեռ մեր մարզերը ներդրումների համար շատ անհրապույր են, վերջին 5 տարում մատների վրա կարելի է հաշվել այն ձեռնարկությունների թիվը, որոնք մարզերում են ստեղծվել, ուստի առաջիկա տարիներին թե ինչպե՞ս պետք է ՀՀԿ-ն ներդրողներին գրավի, որպեսզի ռիսկի դիմեն ու «մեռյալ» մարզերում բիզնես անեն՝ հարց է: Հանրապետականները ենթակառուցվածքների զարգացման առումով խոստանում են «Շիրակ» եւ «Զվարթնոց» օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները մեծացնել, սպասարկումն էլ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: «Շիրակի» դեպքում խոստումը հասկանալի է, բայց «Զվարթնոցը» կառավարման է հանձնվել Էդուարդո Էռնեկյանին եւ նա, պայմանագրային պարտավորության համաձայն, օդանավակայանում իր միջոցներով ներդրումներ կատարում է՝ թե՛ տեխնիկական հնարավորությունները մեծացնելու, թե՛ սպասարկումը բարելավելու ուղղությամբ, ուստի թե ՀՀԿ-ն Էռնեկյանի հաշվին ինչու է խոստումներ տալիս՝ անհասկանալի է:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ իր նախընտրական ծրագրում նշում է. «Սեփականության պետական հատվածը պետք է լինի ուժեղ եւ ընդգրկի ռազմավարական նշանակություն ունեցող, շահութաբեր ձեռնարկությունները, կապը, ջուրը, էներգետիկան: Պետությունը պետք է իր ձեռքում պահի վերահսկող ծրարը, այսինքն՝ բաժնետոմսերի կեսից ավելին՝ առնվազն 51 տոկոսը»: Նկատենք, որ պետությունն իր ձեռքից վաղուց արդեն բաց է թողել վերահսկող ծրարը, եւ կապը, ջուրը, էներգետիկան ու մյուս շահութաբեր ձեռնարկությունները վաճառել է ֆրանսիացիներին, ռուսներին, լիբանանցիներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ պետք է սոցիալական ապահովագրության վճարներից հրաժարվել: Այդ վճարներից է կազմվում կենսաթոշակային ֆոնդը, ուստի թե ինչի հաշվին բնակչությանը թոշակ պետք է տան՝ անհասկանալի է: ԲՀԿ-ն ուզում է նաեւ շահութահարկի նվազագույն պարտադիր վճարների կիրառման պրակտիկայից հրաժարվել, որովհետեւ, կուսակցության համոզմամբ՝ բյուջետային դեֆիցիտը պետք է կրճատել ոչ թե հարկերի հավաքագրման միջոցով, այլ՝ բյուջեի հաշվին չհիմնավորված ծախսեր չանելով:

ԺՈՒԿ-ը նույնպես շահութահարկից հրաժարվելու առաջարկ է անում, բայց՝ միայն ներդրողների համար, այն էլ՝ պայմանով, որ նրանք նոր երկարաժամկետ ներդրումներ կատարեն:

ՀՅԴ-ն ընդհանրապես առաջարկում է կրճատել հարկատեսակները, որպեսզի լինեն ոչ թե 10 տեսակ, այլ մի քանի հարկ, բայց գործեն արդյունավետ: Կուսակցությունը խոստանում է 2008-ից աշխատավարձերը սահմանել նվազագույնը 50 հազար դրամ, իսկ որպեսզի դա ապահովվի՝ ամբողջ բեռը բարդել է Կենտրոնական բանկի վրա, որն իբր պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որ գնաճը զսպվի, տնտեսական աճ ապահովվի, գործազրկությունը նվազի, հայրենական արտադրությունը եւ արտահանումը խրախուսվի:

«Նոր Ժամանակները», որպես տնտեսության զարգացման գրավական, առաջարկում է նավթամուղ կառուցել ու Մեղրիում կամ Կապանում նավթավերամշակման գործարան կառուցել՝ նավթամթերքի ներքին պահանջարկը բավարարելու նպատակով:

Միավորված աշխատանքային կուսակցությունը խոստանում է պետբյուջեի ծախսերը կրճատել եւ երկրում ձեւավորել միջին խավ: Հիշեցնենք, որ նախկինում միջին խավ խոստացել էր ձեւավորել նաեւ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ կուսակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել