Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն վճարում, բայց խոստանում են

Մայիս 10,2007 00:00

Կուսակցությունները թեեւ իրենք էլ սոցվճարումներից խուսափում են, բայց իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են կենսաթոշակը բարձրացնել:

ՀՅԴ կուսակցության այն խոստումը, թե ընտրվելու դեպքում 2008-ից կենսաթոշակները դարձնելու են 50 հազար դրամ՝ մեծ աղմուկ էր բարձրացրել

եւ հարուցել հատկապես ՀՀԿ-ի զայրույթը, ըստ որի, նման խոստում տալն առնվազն ծիծաղելի է եւ անիրատեսական: Նկատենք, որ կենսաթոշակային ֆոնդը կազմվում է գործատուների վճարած սոցվճարներով: Հաշվի առնելով, թե հենց ՀՅԴ-ի անդամ գործարարներն ինչպես են կատարում պետության հանդեպ սոցվճարների մուծման իրենց պարտավորությունները՝ կուսակցության խոստացած 50 հազար դրամ թոշակը կարելի է գրել սառույցին: ՀՅԴ ցուցակի 13-րդ տեղը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, որը «Ավշարի գինու գործարանի» սեփականատերն է, իր ընկերության համար ցույց է տվել ընդամենը 176 աշխատող, եւ աշխատավարձի չափն էլ այնքան քիչ ներկայացրել, որ նրա կատարած սոցվճարները 3 մլն դրամի չեն հասնում: Այդ մասին է վկայում Հարկային պետական ծառայության՝ վերջերս հրապարակած 2007-ի առաջին երեք ամիսներին 100 եւ ավելի աշխատողներ ցույց տված ապահովադիր կազմակերպությունների ցանկը: ՀՅԴ ցուցակի 15-րդ տեղը զբաղեցնող մեկ այլ գործարար՝ Կարեն Վարդանյանը, որը «Գրանդ Քենդի» ընկերության խորհրդի նախագահն է, ավելի բարեխիղճ է գտնվել եւ վճարել 60 մլն դրամ: Բայց միայն այդ 60 մլն-ով կենսաթոշակային ֆոնդը չի լցվի եւ 50 հազար դրամ թոշակ չի ապահովվի:

Տիգրան Կարապետիչն ամեն օր խոսում է կենսաթոշակառուներին օգնելու, թոշակները բարձրացնելու մասին, բայց նրա «ԱԼՄ» հոլդինգը 127 աշխատող է ցույց տվել ու վճարել 3 մլն դրամից էլ քիչ սոցվճար: Տ. Կարապետյանի Ժողովրդական կուսակցության ցուցակում 4-րդ հորիզոնականում գտնվող Արտակ Սարգսյանը («ՍԱՍ» սուպերմարքեթի ցանցի սեփականատեր) վերը նշված ցանկում ընդհանրապես չկա եւ շատ քիչ աշխատող է ցույց տվել:

ՄԱԿ-ը նույնպես խոստանում է կենսաթոշակառուների համար արժանապատիվ կյանք ստեղծել: Մինչդեռ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի «Արսօյլը» կենսաթոշակային ֆոնդին այնքան քիչ գումար է փոխանցել, որ նրա ընկերությունը ցանկում ընդհանրապես ընդգրկված չէ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չնայած հանրապետության ամենախոշոր գործարարներից է եւ մի շարք շուկաներում «բարգավաճած» բիզնեսներ ունի, բայց դրանցից միայն «Արարատցեմենտն» է ցանկում տեղ գտել. ցույց է տվել 1327 աշխատող եւ վճարել 109 մլն դրամ: ԲՀԿ անդամ Հայրապետ Հայրապետյանի «Հայաստան» հանրախանութն էլ Գ. Ծառուկյանի մյուս ընկերությունների պես ցանկից բացակայում է: Մինչդեռ մայրաքաղաքում գործող մյուս տոնավաճառները՝ «Հրազդանը», «Ռաֆայել-Տաթեւը» (Մալաթիայի տոնավաճառ), «Նարեկը» («Այրարատ կ/թ-ի տոնավաճառ»), 100-ից ավելի աշխատող են ցույց տվել:

Անցնենք ՀՀԿ-ի անդամների կատարած սոցվճարումներին: Հանրապետական Վազգեն Խաչիկյանը, որը ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի հետ բանավեճի ժամանակ պնդում էր, որ ՀՅԴ-ի խոստացած 50 հազար դրամ կենսաթոշակն անիրատեսական է՝ քաջ գիտեր, թե մեր գործարարները, այդ թվում՝ ՀՀԿ-ական, որքան անպարտաճանաչ են սոցվճարների կատարման առումով: Այսպես, ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) «Երեւանի ալրաղացը» ցույց է տվել ընդամենը 149 աշխատող, իսկ աշխատավարձի չափն էլ այնքան քիչ ներկայացրել, որ 3 մլն դրամի էլ սոցվճար չի կատարել: Հանրապետական մյուս թեկնածուի՝ Սամվել Ալեքսանյանի «Սալեքս գրուպը», ճիշտ է, 613 աշխատող է ցույց տվել՝ վճարելով 21 մլն դրամ, բայց նրա դեղերի բիզնեսը՝ «Նատալի ֆարմը», ցանկից դուրս է մնացել՝ անգամ 100 աշխատող ցույց չտալով: Սա այն դեպքում, երբ նույն շուկայում գործող «Ալֆա ֆարմը», որի սեփականատերերը գյումրեցի 2 եղբայրներ են, 188 աշխատող են ցույց տվել, ընդ որում՝ շուկայում ավելի քիչ տեղ զբաղեցնելով, քան «Նատալի ֆարմը»:

ՀՀԿ անդամ, «ՄԳ Հաուզինգ» ընկերության հիմնադիր Մելիք Գասպարյանը, որն առաջադրված է Սեւանի թիվ 23 ընտրատարածքում, ցույց է տվել 170 աշխատող, ՀՀԿ-ական Մանվել Ղազարյանի «Վեդի Ալկոն» էլ ցույց է տվել 156 աշխատող, բայց նրանք երկուսն էլ աշխատավարձն են քիչ ներկայացրել եւ ցածր սոցվճարումներ կատարել: Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում ՀՀԿ-ով առաջադրված Արկադի Համբարձումյանի «Դերժավան» ցանկում ընդհանրապես չկա, ՀՀԿ ցանկի 30-րդ հորիզոնականը զբաղեցնող Մանվել Բադեյանի «Եվրոստան Ույուտը»՝ նույնպես: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող Բարսեղ Բեգլարյանի «Արզնի թռչնաֆաբրիկան» 197 աշխատող է ցույց տվել՝ վճարելով ընդամենը 7.7 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ «Արաքս թռչնաֆաբրիկան», որի իրացման ծավալներն ավելի փոքր են, ցույց է տվել 285 աշխատող եւ կատարել 9 մլն դրամ սոցվճար:

Անկախ ամեն ինչից, Հանրապետականը միակ կուսակցությունն է, որը տեղ է զբաղեցնում սոցվճարների ցանկում եւ վճարել է 18 մլն դրամ սոցվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել