Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Մայիս 10,2007 00:00

\"\"Գրեթե բոլոր կուսակցություններն էլ իրենց ընտրազանգվածին ավելի մարդասեր երեւալու համար նախընտրական ծրագրերում սոցիալական հատվածին մեծ տեղ են տվել:

Կուսակցությունները, ընտրվելու դեպքում, խոստանում են բնակչությանն առողջացնել, ազգը բազմացնել, մարդկանց կյանքը երկարացնել, կանաչ գոտիները վերականգնել: Հաշվի առնելով, որ հայ աղջիկներից շատերը, տղաների դեֆիցիտի պատճառով, «տանն են մնում», կուսակցությունները խոստանում են անգամ այս խնդիրը լուծել:

Օրինակ, Հայ հեղափոխական դաշնակցությունը Ազգային ժողով գալուց հետո պատրաստվում է «բնակչության սեռատարիքային կառուցվածքը» բարեփոխել, այսինքն՝ այնպես անել, որ այսուհետեւ տղաներն ու աղջիկները հավասար թվով ծնվեն: ՀՅԴ-ն ծնելիությունը խրախուսելու համար իր նախընտրական ծրագրում ընտանիքներին կոնկրետ առաջարկներով է ներկայանում. այն է՝ 1-ին եւ 2-րդ երեխաների ծննդյան դեպքում խոստանում է հատկացնել 200- հազարական դրամ, իսկ 3-րդ երեխայի դեպքում՝ 2 միլիոն դրամ, 4-րդ երեխա ունեցողները կխրախուսվեն 2,5 միլիոնով: Բնակարան կտրամադրվի, եթե ընտանիքում ծնվի 5-րդ երեխան: ՀՅԴ-ի ծրագիրը մեծ հույսեր է արթնացնում նաեւ թոշակառուների մեջ: Դաշնակցականները մտադիր են կենսաթոշակը հասցնել «առնվազն 50 հազար» դրամի, ներկայիս 13 հազարի փոխարեն: ՀՅԴ-ն առաջնահերթ խնդիր է համարում բնակչության թվի ավելացումը: Կուսակցության հաշվարկներով, 2012-ին բնակչությունը կհասցնեն «4 միլիոնի սահմանագծին»: Ընդ որում, այդ ամենին հասնելու համար դաշնակցությունը հիմնականում հույսը կապում է Սփյուռքի հետ:

Հաշվի առնելով, որ բնակչությանը հուզում է նաեւ աղբահանության հարցը, դաշնակցականները ծրագրում այս մասին էլ են խոսել. «Աղբահանության բնագավառում պետք է ներդնել կայուն կառավարման համակարգ»:

ՄԱԿ-ը մեր երկրի սոցիալական առաջընթացը պայմանավորում է ազատ շուկայական տնտեսությունով: Այս կուսակցությունը սոցիալական խնդիրներից հատկապես կարեւորում է ընտանիքի բարեկեցությունը: Ընտրվելու դեպքում ՄԱԿ-ը խոստանում է զոհված ազատամարտիկների ընտանիքների ու հաշմանդամների հարցերը մշտապես պահել պետության ուշադրության կենտրոնում: Շրջակա միջավայրը աղտոտվածությունից փրկելու համար ՄԱԿ-ը չի խոստանում «մեր տնտեսության համար այս դժվար ժամանակներում փակել էկոլոգիապես կեղտոտ գործարաններ կամ գտնել հսկայական գումարներ այդ գործարանների արտանետումների ֆիլտրացման համար», բայց փոխարենը մտադիր է օրենսդրական, քաղաքական, տնտեսական միջոցառումներով առաջիկա տարիներին այդ բնագավառում իրադրությունը փոխել:

Ինչ վերաբերում է առողջապահական հատվածին, ապա որոշ կուսակցություններ վստահեցնում են, որ 5%-ի արգելքը հաղթահարելու դեպքում առողջապահությունը կդարձնեն անվճար:

ՀՀԿ-ի կարծիքով, մարդկանց՝ բացառապես պետբյուջեի հաշվին բուժելն անհնար է: ՀՀԿ-ն մտադիր է առողջապահական ծառայությունները բոլորի համար նախեւառաջ դարձնել հասանելի: Հանրապետականի ծրագրով առաջին հերթին անվճար կլինեն այն բուժծառայությունները, որոնք ուղղված են ամբողջ ազգաբնակչության առողջության պահպանմանը, ինչպես, օրինակ՝ վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումները եւ այլն: Ըստ ՀՀԿ-ի, պետպատվերի շրջանակներում կբուժվեն միայն սոցիալապես անապահով անձինք: Կուսակցությունը առաջնահերթ է համարում պարտադիր բժշկական ապահովագրության, ինչպես նաեւ կենսաթոշակային համակարգերի ներդրումը: Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հարցը հանրապետականը լուծված է համարում, ՀՀԿ-ի համար այս պահին արդիական է Սեւանի ավազանի բնապահպանական խնդիրը:

ԲՀԿ-ն էլ խորհրդարան գալուն պես որոշել է «արմատական քայլեր ձեռնարկել աղքատության բարձր մակարդակի եւ բնակչության դրամական եկամուտների խիստ բեւեռացման» ուղղությամբ: Կուսակցությունը խոստանում է սահմանամերձ շրջանները փրկել արտագաղթից, պայքարել «բնակչության ծերացման» դեմ, պահպանել «մոր եւ մանկան» առողջությունը, ինչպես նաեւ մատչելի եւ որակյալ բժշկական օգնություն տրամադրել: «Բարգավաճ Հայաստանը» մտադիր է նաեւ կանանց, երիտասարդներին ու հաշմանդամներին աջակցել մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ աշխատանքի տեղավորման հարցերում: ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրի սոցիալական բաժնում շոշափել է նաեւ խնայբանկի ավանդների վերադարձման հարցը: Սակայն կուսակցությունը դեռեւս գործնական քայլեր չի ձեռնարկելու: Ավանդները վերադարձնելու ուղղությամբ ԲՀԿ-ն առայժմ մեխանիզմներ է մշակելու:

«Օրինաց երկիր» կուսակցությունն էլ միայն օրենսդրական բարեփոխումների ճանապարհով է պատկերացնում սոցիալապես անպաշտպան խավերի ու անաշխատունակ խմբերի համար անհրաժեշտ կենսամակարդակ ապահովելը: ՕԵԿ-ն իր 2007-ի նախընտրական ծրագրում էլ խոստանում է խնայբանկի ավանդների վերադարձման գործընթացը շարունակել: Հաշվի առնելով այն, որ ՕԵԿ-ի՝ իշխանությունից հրաժարվելուց հետո կառավարությունը հայտարարեց, որ խնայբանկի ավանդները չեն վերադարձվում, այլ պարզապես սոցիալապես անապահովներին փոխհատուցում են տալիս, փաստորեն, ՕԵԿ-ը պետք է ոչ թե շարունակի այդ գործընթացը, այլ՝ նորից սկսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել