Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհի ժամանակակցին մեծարեցին

Մայիս 10,2007 00:00

Վիրահայերը հյուրընկալել էին «Գարեգին Նժդեհ» շքանշանակրին՝ թանկ հյուրի հետ անմիջական շփման համար:

Մայիսի 6-ին Հայկազ Մուրադյանին, որպես Գարեգին Նժդեհի ժամանակակցի, նժդեհական գաղափարների կրողի եւ մեծ հայրենասերի, պաշտպանության նախարարության կողմից շնորհվեց «Գարեգին Նժդեհի» անվան շքանշան: Այս գործում իր ներդրումն ուներ նաեւ Հանրապետական կուսակցությունը, քանի որ շքանշան ստանալու համար հենց այս կուսակցությունն էր Հ. Մուրադյանի թեկնածությունն առաջարկել: Հայկազ Մուրադյանն այժմ բնակվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Շքանշանի հանձնման հաջորդ օրը Հայաստանի վիրահայերի միությունն էլ շքանշանակիր Հայկազ Մուրադյանին հյուրընկալեց իր հարկի տակ: Վիրահայերի միության համանախագահ Տաճատ Վարդազարյանի խոսքերով՝ հրավերի պատճառն այն է, որ՝ «Ցանկացել ենք ունենալ այսպիսի թանկ հյուր: Մենք ենք նրան հրավիրել, ցանկանում էինք Նժդեհի ժամանակակցի հետ ծանոթանալ ու մեր հարգանքի խոսքն ասել: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց արդեն ուշ լիներ՝ նրան առերես տեսնելու եւ շփվելու համար: Հրավիրել ենք, որ ասենք՝ շքանշանդ շնորհավոր, արժանի ես ավելիին»: Մեծարման ցերեկույթին ներկա էին վիրահայեր, պատմաբաններ ու շարքային քաղաքացիներ, ովքեր առանց ընդհատելու լսում էին այն ամենը, ինչ ասում էր Հայկազ Մուրադյանը: Նա պատմում էր, որ Նժդեհն իրենց տան մշտական հյուրն է եղել եւ կերել է իր տատի թխած գաթան. «Մենք Նժդեհի հետ խոսում էինք հիմնականում Հայաստանի, մեր երկրի՝ Մշո դաշտի մասին եւ հայ մնալու մասին, ասում էինք՝ պետք է հայ աղջիկ առնենք, որ հայ մնանք, հայերի սերունդը շարունակենք»:

Այն հարցին, թե ինչ է զգում այդ շքանշանը ստանալուց հետո, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ արժանի չեմ այդ շքանշանին, բայց գիտեմ, որ Բուլղարիայում ինձ հաստատ կնախանձեն: Ես տեղյակ չէի, որ ինձ շքանշան են տալու, միայն գիտեի, որ պետք է գամ Երեւան: Ես չեմ հավատում, որ այս շքանշանին եմ արժանացել, ես ոչինչ մարդ եմ, ում բախտ է վիճակվել շփվել զորավար Նժդեհի հետ»: Պարոն Մուրադյանը պատմում էր, որ վերջին անգամ Հայաստան է եկել մոտ 30 տարի առաջ. «Հայաստանն այժմ շատ է գեղեցկացել: Ես շատ եմ սիրում մեր երկիրը եւ մեծ հաճույքով կգայի ու կապրեի այստեղ»: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու չի տեղափոխվում Հայաստան մշտական բնակության. «Քանի որ Սոֆիայում տուն ու ընտանիք ունեմ: Երկու մանչ ունեմ՝ Վահագնը ու Էդվարդը: Որդիներս կարգված չեն, չնայած 50 տարեկանի շեմին են մոտենում, իսկ ես թոռներ կուզիմ»: Բայց ամեն դեպքում խոստացավ մյուս ամսվա վերջին գալ. «Չգիտեի, որ այստեղ այսքան մեծ պատվի կարժանանամ: Ես հոգով, սրտով հոս եմ, ֆիզիկապես եմ այնտեղ: Չնայած արդեն 80 տարեկան եմ, սակայն ապրել եմ կյանքիս միայն մի կեսը»:

Վիրահայերի միությունը որպես պատվավոր հյուրի Հայկազ Մուրադյանին հուշանվեր՝ թուր նվիրեց: Տաճատ Վարդազարյանն էլ մաղթեց, որ այդ թրով մեծ հայրենասերի բազուկն ամրանա: Հ. Մուրադյանին նվերը հանձնելուց հետո ներկաները հղեցին իրենց մաղթանքները ու հնչեցրին սեւակյան հանրահայտ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» տողերը:

Հ. Գ. «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի վիրահայերի միության համանախագահ Տ. Վարդազարյանը մեկ անգամ եւս նշեց, որ իրենք սատարում են Հանրապետական կուսակցությանը. «Քանի որ նրանք միշտ էլ մեզ համակրել են եւ օգնել, ու նաեւ՝ Հայաստանի հզորացումը, տնտեսական զարգացումը տեսնում ենք հենց այս կուսակցության միջոցով: Կարծում եմ, մեր հետագա համագործակցությունն այս կուսակցության հետ շատ ավելի ջերմ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել