Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս 10,2007 00:00

\"\"Հայտարարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը

ԱԺ պատգամավորական ընտրությունների քարոզարշավը, ըստ ՀՀԿ-ի մամուլի քարտուղար, ՀՀ վարչապետի օգնական, «Ազգությունների երիտասարդական ասոցիացիայի» նախագահ Էդուարդ Շարմազանովի, անցնում է արդյունավետ: Նրա կարծիքով՝ այս քարոզարշավը բավականին կոռեկտ է եւ գրեթե բացակայում է սեւ PR-ը. «Չնայած մարաթոնի վերջում որոշ քաղաքական ուժերի նյարդերը տեղի տվեցին: Նրանք քննադատող, զգացմունքային արտահայտություններով ցանկանում են գրավել չկողմնորոշված ընտրողներին: Ասեմ նաեւ, որ հարցումների արդյունքներն ու մեր անմիջական շփումները ցույց են տալիս, որ ժողովուրդը տուրք չի տալիս քաղաքական պոպուլիզմին ու ավանտյուրային: Մենք հույս ունենք, որ ժողովուրդն իր ձայնը կտա գործի եւ գաղափարի կուսակցությանը»: Նրա խոսքերով՝ այս անգամ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն ոչ թե խոստումներ էր տալիս, այլ կուսակցության կողմից իրականացրած աշխատանքների հաշվետվությունն էր ներկայացնում, քանի որ նախորդ ընտրություններին ժողովուրդը վստահել է նրանց, եւ ՀՀԿ-ն ամբողջությամբ իրականացրել է տված խոստումները. «Այս անգամ մենք առաջարկում ենք երկրորդ սերնդի բարեփոխումներ, որոնք կհանգեցնեն նրան, որ բարեկեցիկ քաղաքացին էլ ավելի արժանապատիվ կյանք կունենա մեր հզոր Հայաստանում: Առաջին փուլում ՀՀ նախագահի եւ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության համատեղ աշխատանքը հանգեցրեց տնտեսական, սոցիալական, իրավական ու քաղաքական հիմքերի զարգացմանը, որն էլ բերում է մեր հանրապետության անցումային փուլի հեշտ հաղթահարմանը»: Իսկ թե ինչու է բոլոր հանդիպումներին վարչապետ Սերժ Սարգսյանը միայնակ գնում՝ Է. Շարմազանովը պատճառաբանեց. «ՀՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է ու մեր կուսակցության ղեկավարը կարիք չունի, որ իրեն մարզերում Երեւանից ժամանած մեծ շքախումբ ուղեկցի, քանի որ ՀՀԿ-ն մարզերում ունի հեղինակություն վայելող կուսակցական կառույցներ, որոնք էլ ակտիվ մասնակցում են քարոզարշավին»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե շատ կուսակցություններ այս ժամանակահատվածում ընդդիմադիր դիրք են բռնել ու քննադատաբար են վերաբերվում ՀՀԿ-ին, պարոն Շարմազանովը հակադարձեց. «ՀՀԿ-ն պետականամետ եւ ազգային կուսակցություն է, գործել է ազգի եւ հայրենիքի գաղափարական հիմնադրույթներից ելնելով՝ առաջնային համարելով պետականության, այլ ոչ թե կուսակցական շահը: Դրա վառ օրինակն է այն, որ այս կուսակցությունն իր վրա է վերցնում արվածի դրականն ու բացասականը ու չի փախչում պատասխանատվությունից: Իսկ այլ քաղաքական ուժերի մասին խոսելով ասեմ, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քարոզչության մարտավարությունը: Իմ կարծիքով՝ մի քանի կուսակցություններ որոշ ժամանակով հակառակ դիրք են բռնում այն պատճառով, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները գրավեն»: Մեր այն հարցին, թե արդար եւ ազատ ընտրությունների դեպքո՞ւմ էլ է ՀՀԿ-ն ակնկալում ԱԺ-ում մեծամասնություն կազմել, Է. Շարմազանովը պատասխանեց, որ առաջին հերթին իրենց կուսակցությունն է շահագրգռված ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. «Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքացիներն էլ պետք է անեն հնարավորը, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Ես կարծում եմ, տեսնելով ՀՀԿ-ի այս 7 տարիների արդյունավետ գործունեությունը, գնահատելով ՀՀԿ լիդերների ազգային գործունեությունը՝ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, հաշվի առնելով այն, որ մեր կուսակցությունը երբեք ընտրողներին կեղծ խոստումներ չի տվել, մեծամասնությունը իրենց ձայնը կտան հենց հանրապետականներին»: ՀՀԿ մամուլի քարտուղարը հավաստիացնում էր, որ իրենց կուսակցությունն իր առջեւ գերխնդիր չի դրել՝ ամեն գնով խորհրդարանում մեծամասնություն կազմել:

Մեր այն դիտարկմանը, թե մի շարք կուսակցություններ առաջարկում են պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, այնինչ ՀՀԿ-ն խոսում է էլ ավելի մարտունակ ու հզոր բանակ ունենալու մասին, պարոն Շարմազանովն ասաց. «Կոնֆլիկտներով լի մեր տարածաշրջանում պրոֆեսիոնալ բանակի անցնելն անհեռանկարային է եւ չի բխում մեր ազգի ու պետության անվտանգության շահերից, իսկ առանց պետության եւ քաղաքացիների անվտանգության ապահովման հնարավոր չէ տնտեսական, քաղաքական, իրավական եւ սոցիալական զարգացման հասնել: Բացի այդ, դա չի բխում մեր կուսակցության պահպանողական գաղափարախոսությունից. պահպանողականները ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում ուժեղ եւ անվտանգ պետության ջատագովներ են, իսկ առանց հզոր բանակի հնարավոր չէ ունենալ ուժեղ պետություն: Համոզված եմ, որ սրա արդյունքում 5 տարի անց մենք կունենանք էլ ավելի զարգացած ու հզոր պետություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել