Երեկ արձանագրեցին ՀՀՇ վարչության երկու անդամները
Մայիսի 6-ին ՀՀՇ վարչությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանին ծեծի ենթարկելու, նաեւ ԱԱԾ կողմից մայիսի 7-ին ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, «խրթին պատճառաբանությամբ» հիմնավորված, ձերբակալության փաստերը: ՀՀՇ-ն իշխանություններից պահանջել է «վերջ տալ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումներին»՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված «իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն իշխանափոխության միջոցով»։ Տեղի ունեցած դեպքերը ՀՀՇ-ն որակել է որպես «մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախաշեմին բացահայտ բռնությունների» իրականացում։ ՀՀՇ-ի մատուցմամբ, «վարչախումբը համոզված է իր անխուսափելի պարտության մեջ», եւ «ակնհայտ է, որ իրենց իշխանությունը պահպանելու համար վարչախումբը փորձում է ֆարսի վերածել խորհրդարանի ընտրությունները»։
Երեկ ՀՀՇ վարչության անդամներ, ՀՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Հովհաննես Իգիթյանն ու Արամ Մանուկյանը մամուլի ասուլիս էին հրավիրել կուսակցության այս հայտարարությունը հրապարակելու, նաեւ որոշակի պարզաբանումներ տալու նպատակով: Երկու բանախոսներն էլ արձանագրեցին, որ տեղի ունեցած դեպքերը վկայությունն են այն բանի, որ իշխանությունները սաստիկ վախեցած են մայիսի 12-ից հետո ներքաղաքական իրադարձությունների հնարավոր ծավալումից եւ փորձում են այս ձեւերով չեզոքացնել այն մարդկանց, ովքեր կարող են հետընտրական գործընթացների ժամանակ որեւէ դերակատարում ունենալ՝ միաժամանակ «խելքի գալու» մեսիջ ուղարկելով ընդդիմությանն ու հասարակությանը: Ա. Մանուկյանի դիտարկմամբ՝ «մեղք է այն իշխանությունը, որը կարծում է, թե Հայաստանում իշխանափոխություն կարելի է իրականացնել 50 հազար դոլարով: Իրոք, իշխանությունը ահաբեկված է եւ շատ խեղճ վիճակում է գտնվում»: Իսկ Շ. Պետրոսյանի հետ կատարվածը Հովհ. Իգիթյանը համարեց երկրում առկա անպատժելիության մթնոլորտի հետեւանք:
Բանախոսը միաժամանակ ասաց, թե չի կարծում, որ մայիսի 13-ին որեւէ իրադարձություն է լինելու, որը կարող է փոխել այս երկրի անտրամաբանական զարգացումը: «Բայց, չգիտես ինչու, իշխանությունները շատ ավելի են վախենում մայիսի 13-ից: Ես այդպես եմ գտնում ոչ թե այն պատճառով, որ հասարակությունը կամ քաղաքական ուժերը պատրաստ չեն, այլ, իրոք, համարում եմ, որ ընդդիմության մեջ առայժմ չկա հզոր մի թիմ, որը կարող է լուրջ հայտ ներկայացնել: Բայց ես հույս ունեմ, որ մինչեւ ՀՀ նախագահական ընտրությունները Հայաստանը կվերադառնա զարգացման բնականոն հուն»: Այս կարծիքի հետ համաձայն չէր Ա. Մանուկյանը. «Ես ձեզ հավատացնում եմ, որ իշխանությունը հասկանում է ստեղծված իրավիճակը եւ գիտի, որ ամբողջ պետական ռեսուրսը, շանտաժը, վախը, վարչական մեխանիզմները, կաշառքն էլ գումարած, 10 տոկոս ձայն չունի: Ուստի՝ նրանք իրենց պարտքն են համարում դրա դեմն առնել իրենց հարազատ ձեւերով: Եթե ընդդիմությունը խելոք լինի եւ կեղծվելիք ընտրություններից հետո կարողանա ուղղորդել հասարակության 90 տոկոսանոց հակաիշխանական զանգվածը, ապա դրա դեմ իշխանությունն արդեն ոչինչ անել չի կարող: Իշխանությունները խիստ պրկված, լարված վիճակում են այսօր, եւ դա կարող է դառնալ փոփոխությունների հիմք»:
Հովհ. Իգիթյանն անդրադառնալով առաջիկայում նոր ձերբակալությունների հնարավորության մասին հարցադրմանը՝ ասաց. «Դա կախված է մայիսի 13-ից: Կարելի է կանխատեսել, որ մի քանի օլիգարխ է ձերբակալվելու, բայց դա լինելու է մի 2-3 ամիս հետո, երբ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակը իշխանություններին կթելադրի վերաբաշխել եկամտաբեր ոլորտները: Ու այդ ժամանակ կարող է պարզվել, որ այն օլիգարխները, որոնք իրենց համարում են իշխանության կողքին կանգնած մարդիկ, կդադարեն այդպիսին լինելուց եւ կհայտնվեն Հակոբ Հակոբյան-«Ճոյտի» կարգավիճակում»:
Մեր առանձնազրույցի ժամանակ Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ա. Մանուկյանն անդրադառնալով այդ համայնքում ծավալվող նախընտրական զարգացումներին՝ արձանագրեց, որ թիվ 4-ում «ընտրակաշառք» կոչվող երեւույթը բացահայտ եւ զանգվածային բնույթ է կրում, եւ դա իրականացվում է ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՀՀԿ-ի թեկնածուների կողմից: «Ինձ տրվող ձայները Քոչարյանի դեմ ձայներ են, եւ դրանք բավականին շատ են»,- արձանագրեց ՀՀՇ թեկնածուն, որի համոզմամբ՝ «այդ ընտրատարածքում ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն 5 տոկոս քվե էլ չունեն՝ անգամ իրենց վարչական ռեսուրսների եւ կաշառքի, սպառնալիքի, ճնշման եւ շանտաժի կիրառման պարագայում: Ես մեկ ամսվա ընթացքում իմ քարոզչական բուկլետներն անձամբ եմ բաժանել, թակել եմ 3000 տան դուռ, խոսել եմ մարդկանց հետ ու հավաստիացնում եմ՝ Արաբկիրում ընտրողների 1/3-ը պասիվ ըմբոստներ են, որոնք բողոքում են իրենց տան պատերի ներսում: Մեր խնդիրն է այդ պասիվ ըմբոստներին պոկել իրենց բազկաթոռներից եւ համոզել գնալ տեղամաս՝ քվեարկելու: Ում ուզում են՝ թող ձայն տան, բայց դրսեւորեն քաղաքացիական կեցվածք: Ես դիմում եմ Արաբկիրի եւ ՀՀ մյուս ընտրողներին՝ գնացեք քվեարկության եւ ընտրեք ում ուզում եք, բայց անպայման գնացեք: Ընտրություններին մասնակցելը քաղաքական դիրքորոշում է, իսկ դա ավելի կարեւոր եւ մնայուն արժեք է»: