Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐԻՆ ԵՆ ԳԱԼԻՍ»

Մայիս 10,2007 00:00

\"\"Վստահ են Արթիկի բնակիչները, որոնցից մի քանիսը հանդիպման ժամանակ գրկախառնվել էին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, իսկ այլ հանդիպումներում իշխանափոխություն էին պահանջում ընդդիմադիրներից:

Քարոզարշավի վերջում շեշտակի ավելացավ հանդիպումների խտությունը: Եվ մայիսի 2-ին, երբ առանց որեւէ կուսակցության ուղեկցության այցելել էինք Արթիկ՝ պարզելու մարդկանց տրամադրվածությունը, քաղաքում նոր էր ավարտվել «Օրինաց երկրի» ղեկավարների հետ հանդիպումը, եւ սպասում էին Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին: Եվ այստեղ բացահայտեցինք, որ այդ ու նաեւ մնացած բոլոր հանդիպումներին մասնակցում են հիմնականում նույն մարդիկ: Շարքային քաղաքացիների մասին դեռ կխոսենք, սակայն նախ անդրադառնանք կուսակցություններին:

ՀԺԿ Արթիկի տարածքային խորհրդի նախագահ, ՀԺԿ քաղխորհրդի անդամ Համլետ Ջալոյանն իր կողմնակիցների հետ նոր էր վերադարձել ՕԵԿ-ի հետ հանդիպումից, ու պատրաստվում էին մասնակցել նաեւ Կարապետիչի հետ հանդիպմանը: Հաշվի առնելով ՀԺԿ-ի եւ նրա ղեկավարի հասցեին ԱԼՄ-ի եթերից արվող արտահայտությունները, զարմացած հետաքրքրվեցինք՝ մի՞թե Արթիկի ՀԺԿ-ականները նրա երկրպագուն են: «Հա, բա ո՜նց: Եթե Տիգրան Կարապետիչին ինքը՝ կաթողիկոսն է շքանշան տվել, մենք ո՞վ ենք, որ նրան չերկրպագենք»,- կատակեցին ի պատասխան:

Համլետ Ջալոյանը հարցին, թե ինչպե՞ս ընթացավ քարոզարշավը՝ պատասխանեց. «Առայժմ հիմնականում նորմալ է, առանց որեւէ միջադեպի: Որեւէ արտառոց բան չենք նկատել»: Արթիկում արձանագրված միակ միջադեպը հայտնի է. թիվ 36 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու Մուշեղ Պետոյանի թիմակիցներն ապրիլի 11-ին ծեծի էին ենթարկել պատգամավորության մեկ այլ թեկնածուի՝ Մխիթար Վարագյանի շտաբի ներկայացուցիչներ Վահան Մանուկյանին եւ Սմբատ Պողոսյանին:

Մեր հարցին, թե չե՞ն եղել ընտրակաշառքի կամ անձնագրեր հավաքելու մասին ահազանգեր, ՀԺԿ Արթիկի տարածքային խորհրդի նախագահը պատասխանեց. «Ո՛չ մեր ընտրազանգվածը, ո՛չ մեր ակտիվիստներն առայժմ մեզ որեւէ բան չեն հաղորդել ընտրակաշառք բաժանելու մասին»:

Որքան էլ զարմանալի թվա՝ նման լուրեր հասել էին իշխանությանը մաս կազմող կուսակցությանը: ՄԱԿ-ի Արթիկ-Անի տարածքային կազմակերպության նախագահ Վարդան Ղոսալմյանը թեեւ նույնպես նշեց, որ քարոզարշավը բավական հանդարտ անցավ, բայց հարցին, թե անձնագրերի հավաքման կամ նման արատավոր երեւույթների մասին ահազանգեր ունե՞ն՝ պատասխանեց. «Դե, լսում ենք: Բայց ավելի շատ՝ օդի մեջ են այդ խոսակցությունները: Այդ կարգի որոշակի բաներ լսում ենք կենցաղային զրույցների մակարդակով»:

ՄԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավարին խնդրեցինք կանխատեսել թիվ 36-ում ընտրությունների արդյունքները: Վստահ պնդեց. «Առաջին ցուցանիշը կունենա ՄԱԿ-ը: Երկրորդ տեղում՝ հավանական է, ՀՀԿ-ն: 3-րդը երեւի կլինի «Օրինաց երկիրը»: Դե, այդ կուսակցության ծնունդը մեր տարածաշրջանից է եղել. Արթուր Բաղդասարյանը Սպանդարյան գյուղից է: Սամվել Ֆարմանյանն էլ է նույն գյուղից: Այստեղ բավական ամուր կառույց ու կորիզ ունեն»:

«Օրինաց երկրի» մի ներկայացուցչի մենք հանդիպեցինք Տիգրան Կարապետյանի հանրահավաքի ժամանակ: Սա էլ էր զարմանալի, հաշվի առնելով ՕԵԿ ղեկավարի եւ ԺԿ նախագահի՝ միմյանց հասցեին տրված որակումները ապօրինի գաղտնալսված զրույցում ու հրապարակավ:

Միջանկյալ նշենք, որ այս հանդիպման ընթացքում կենտրոնամետ Կարապետիչն, առանց անուններ տալու, իշխանական ուժերին էր խիստ քննադատում՝ խոսելով պարտադրված հանդիպումների մասին, թե երեխեքին դպրոցից կտրում՝ դրոշակները տալիս են ձեռքները, կամ սպառնում են, որ եթե ձայն չտան՝ «Փարոսից» կզրկեն, պաստառներ են փակցնում, որոնց արժեքով կարելի էր բազմաթիվ ծերերի կերակրել. «Ես 4 տարի բարեգործություն էի անում՝ ասում էին, թե դա քաղաքական գործոն չի: Իսկ իրենք այս 1 ամսվա ընթացքում կաշառել են ողջ Հայաստանը՝ դա քաղաքական գործո՞ն է»:

Մայիսի 6-ին Արթիկ էր այցելել վարչապետ Սերժ Սարգսյանը, որի հետ հանդիպումը բազմամարդ է եղել, քանի որ, սովորականի պես, բերել էին կրթական եւ այլ հաստատություններից: Սակայն կորիզը էլի նույն զանգվածն է եղել, որը, փոխանցիկ դրոշի պես, անցնում է հանդիպումից հանդիպման: Տիգրան Կարապետյանի հավաքի ժամանակ ինձ մատնացույց արեցին 2 տարեց կանանց, որոնք այժմ գոռում էին, թե Կարապետիչն է միակ մարդը՝ մեծատառով, իսկ Սերժ Սարգսյանին էլ օրհնանքի խոսքեր էին ասել, ասում են՝ անգամ կարողացել էին գրկախառնվել նրա հետ: «Բոլորն էլ կուգան, կլսենք, բայց դա գաղտնիք է արդեն՝ ում կընտրենք: Որպես քաղաքացի՝ բոլոր եկողներին էլ մեծ սրտով կընդունենք: Մենք պարտավոր ենք՝ քաղաքի համար»,- մեր զրույցի ընթացքում ասացին այդ կանայք: Իսկ հարցին՝ իսկ որեւէ մեկը կա՞, որին չեն ընդունում՝ պատասխանեցին. «Բոլորն էլ նույն լեզուն կթափեն, բոլորն էլ ժողովրդին օգնություն չեն… խոսալու տեղ չունի՛նք մենք, կո՛ւշտ ենք: Մենք գիտենք ու մեր թոշակը՝ վե՛րջ»: Ըստ այդմ՝ պիտի համակրեն ՀՅԴ-ին, որը խոստանում է 3 անգամ ավելացնել թոշակները: Այս ենթադրությանս կանանցից մեկը վրդովված պատասխանեց. «5 տարվա մեջ ինչ-որ մի անգամ չեն գա, հիմա կուգա էս ընտրության օրը՝ նոր կուգան կըսեն»: Նույն տեսակետը հայտնեց նաեւ հանդիպմանը մասնակից մեկ այլ կին. «Մենակ ընտրությունների ժամանակ կճանչնան ժողովրդին: Բայց ես հե՛չ մեկի ըսածին չեմ հավատա: Կհավատամ միայն էն ժամանակ, երբ որ իրականացված խոստումներ կտեսնեմ՝ թեկուզ ընդդիմադիր դաշտից, թեկուզ իշխանամետ»: Այս բոլոր զրույցները ձայնագրված են, սակայն ի տարբերություն մեր մյուս զրուցակիցների՝ Սամվել Աբրահամյանը նաեւ համաձայնեց, որ հրապարակենք անունը: «Բոլորն էլ միայն խոսքեր են ասում,- ասաց նա:- Բոլորի խոսքերն էլ մեկ են: Բայց գործով… ոչ մեկն էլ չեն էնե»:

Այս ընտրություններում Մխիթար Վարագյանի կարգախոսն է. «Ովքեր խոսքով, մենք՝ գործով»: ԱԺ-ում նա իրոք ձայն չի հանել, իսկ ինչ վերաբերում է գործին… Համենայնդեպս, Արթիկի վիճակից դատելով՝ չի կարելի ասել, թե արդյունավետ է եղել այս պատգամավորի գործունեությունը՝ բյուջետային միջոցները դեպի իր ընտրատարածք ուղղորդելու հարցում: Քաղաքի ճանապարհներն ուղղակի քարուքանդ են: Որոշ տեղերում, ասֆալտապատելու հեռանկարի վրա խաչ քաշած, ուղղակի տուֆապատել են երթեւեկելի մասը: Անգամ հարեւան Փանիկ գյուղը, որի համայնքապետն արմատական ընդդիմադիր Պետրոս Մակեյանի եղբայրն է՝ անհամեմատ ավելի բարեկարգ վիճակում է, քան Արթիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել