Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն լավը

Մայիս 10,2007 00:00

«Ազգային միաբանություն». Դժվար է պատկերացնել, որ հաջորդ ԱԺ-ում այլեւս չեն հնչի սահմռկեցուցիչ վիճակագրական տվյալներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, իսկ Ստրասբուրգում արժանի հակահարված չի տրվի թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների նկրտումներին:

Ժողովրդական կուսակցություն. Կարապետիչը կարողացել է շահել Հայաստանի ամենաչքավոր խավերի համակրանքը եւ նրանց վրա թողնել խելացի ու բանիմաց մարդու տպավորություն: Հետեւաբար, իրավունք ունի այդ խավերի շահերը ներկայացնել խորհրդարանում:

«Դաշինք». Պատերազմի հերոս Սամվել Բաբայանն իր ուրույն մոտեցումներն ունի թե՛ ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ թե՛ Հայաստանում տնտեսության զարգացման վերաբերյալ: Իսկ թարմ հայացք այսօր շատ է պետք:

ՄԱԿ. Միակ վառ արտահայտված ազատական ուժն է այս ընտրապայքարում: Չի վախենում առաջ քաշել ոչ պոպուլիստական գաղափարներ եւ արդեն իսկ դրական ձեւով դրսեւորվել է խորհրդարանում:

ՀԺԿ. Նրանք, ովքեր մնացել են այդ կուսակցության մեջ, անշուշտ, պարկեշտ մարդիկ են՝ իրենց լիդերի նման: Ստեփան Դեմիրճյանը զուսպ, հավասարակշռված, դաստիարակված մարդ է եւ բոլոր նախադրյալներն ունի խորհրդարանական խմբակցություն ղեկավարելու համար:

Տեղի սղության պատճառով բաց թողնելով մի շարք կուսակցություններ, որոնք, անշուշտ, նույնպես ունեն բազմաթիվ արժանիքներ, ուզում եմ կանգ առնել 4-ի վրա, որոնք հատկապես կցանկանայի տեսնել ԱԺ-ում:

ԱԺԿ. Ցավալի կլինի, եթե Շավարշ Քոչարյանը չհայտնվի խորհրդարանում՝ նախ այն պատճառով, որ նա պատգամավորի 16 տարվա փորձ ունի, երկրորդ՝ պարոն Քոչարյանը խորապես ընկալել է եվրոպական արժեքները եւ հստակ պատկերացում ունի, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր այդ արժեքները կիրառել Հայաստանում:

«Իմպիչմենտ», «Հանրապետություն», ՆԺԿ. Այստեղ իրավիճակը առավել դրամատիկ է, քանի որ մտավախություն կա, որ այդ ուժերը երեք մասի են տրոհելու արմատական ընտրազանգվածը: Ակնհայտ է, որ որպես մեկ միավոր, նրանք հեշտությամբ կհաղթահարեին դաշինքների համար նախատեսված 7 տոկոսանոց պատնեշը: Գուցե դեռ ուշ չէ, որ երկու կուսակցություններն իրենց կողմնակիցներին կոչ անեն սատարել երրորդին: Իհարկե, կողքից խորհուրդներ տալը հեշտ է, բայց, կարծում եմ, նպատակահարմար կլիներ, որ այդ երրորդը լիներ հենց «Իմպիչմենտը»: Տրամաբանությունն այն է, որ քաղաքականության մեջ նոր դեմքեր են պետք, իսկ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ նա ոչ միայն տաղանդավոր լրագրող է, այլեւ տաղանդավոր քաղաքական գործիչ եւ հռետոր: Եթե այս անգամ չստացվի, ընդդիմությունը գոնե պետք է հաշվի առնի այս ամիսների փորձը նախագահական ընտրությունների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել