Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ասլանյանի եղբայրը վաճառե՞լ է ՕԵԿ-ի տեղերը

Մայիս 10,2007 00:00

«Օրինաց երկիրը» պատրաստվում է այս փաստի կապակցությամբ դիմել իրավապահներին

Մայիսի 7-ին անդրադառնալով պատճառներին, թե ինչու «Օրինաց երկրի» նախկին փոխնախագահ Գագիկ Ասլանյանը հայտարարեց իր նախկին կուսակցության հետ այլեւս ճանապարհ չանցնելու մասին՝ ՕԵԿ ներկայիս փոխնախագահ Հեղինե Բիշարյանն «Առավոտին» ասել էր. «Օրերս մենք նրա եղբորն ազատեցինք Թալինի ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պարտականությունից, քանի որ մեր տեղերի մի մասը տվել էր ՀՀԿ-ին: Ունենք գրավոր բողոքներ ու փաստեր եւ այժմ քննարկում ենք դրանք իրավապահ մարմիններին փոխանցելու խնդիրը, սակայն կուսակցության նախագահը դեմ է այս մոտեցմանը»: Հաջորդ օրը Գագիկ Ասլանյանը թերթերից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով այս մեկնաբանությանը՝ ասել էր. «Բնական է, որ իմ հայտարարությունից հետո եղբայրս պետք է դուրս գար հանձնաժողովից։ Բայց ոչ հակառակը, ինչպես փորձում են ներկայացնել»։

Երեկ ՕԵԿ-ից մեզ փոխանցեցին թիվ 15 ընտրատարածքի մեջ մտնող այն բոլոր տարածքների ցուցակը, որտեղ տեղամասային հանձնաժողովներում իրենց կուսակցության տեղերը Գագիկ Ասլանյանի եղբայրը՝ Լեւոն Ասլանյանը, փոխանցել կամ գուցե վաճառել է հանրապետականներին: Ցանկում 25 տեղամասի անուն է՝ 1. Հացիկ, 2. Նոր-Կեսարիա, 3. Շենավան, 4. Արգինա, 5. Արտամետ, 6. Արեւադաշտ, 7. Բագարան, 8. Բաղրամյան, 9. Դալարիկ, 10. Երվանդաշատ, 11. Լեռնագոգ, 12. Հուշակերտ, 13. Մյասնիկյան, 14. Շենիկ, 15. Վանանդ, 16. Տալվորիկ, 17. Քարակերտ, 18. Ամասիա, 19. Արաքս, 20. Բերքաշատ, 21. Գետաշեն, 22. Խանջյան, 23. Աշնակ, 24. Ավթոնա, 25. Արեգ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ որեւէ պատասխանատվություն չի կրում թիվ 15 ընտրատարածքի վերոթվարկյալ տեղամասային հանձնաժողովներում ներկայացված այդ անձանց գործունեության համար»,- փոխանցեցին մեզ ՕԵԿ գրասենյակից: Նաեւ հայտնեցին, որ այս փաստերի կապակցությամբ դիմելու են իրավապահներին: Տեղեկացրին, որ ՕԵԿ-ը վստահված անձինք է ունենալու այդ բոլոր տեղամասերում եւ թույլ չի տալու, որ որեւէ ոտնձգություն լինի իրենց կուսակցությանը տրվելիք ձայների նկատմամբ՝ փորձեր արվեն պակասեցնել դրանք:

Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր տեղի ունենալիք ասուլիսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել