Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԶԱՐԳԱՑՆԵԼՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ»

Մայիս 10,2007 00:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան.

 \"\"Հայաստանում շուտով տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 2004 թվականին, ունի ավելի քան 370 հազար անդամ: Հարցումները

ցույց են տալիս, որ կուսակցությունը գալիք ընտրությունների առաջատարներից մեկն է: Հայաստանում նախընտրական իրավիճակի եւ կուսակցության ծրագրի մասին «Բարգավաճ Հայաստանի» նախագահ

Գագիկ Ծառուկյանի հետ զրուցել է «Իզվեստիայի» թղթակից Վլադիմիր Սուկոնկինը:

– Ինչպե՞ս է ձեզ հաջողվել այսքան կարճ ժամանակահատվածում ունենալ կողմնակիցների այսպիսի թիվ:

– Կուսակցությունը աշխուժացել է 2006 թվականի գարնանից։ Մենք ունենք 524 տեղական կազմակերպություն՝ Հայաստանի բնակավայրերի մեծ մասում: Մենք իսկապես երկրում ամենախոշոր եւ զանգվածային հասարակական-քաղաքական կազմակերպություններից մեկն ենք: Քաղաքագետները սա համարում են ֆենոմեն եւ գտել են դրա բացատրությունը. մենք ներկայացրել ենք պահանջարկված գաղափարախոսություն, որը ստացել է բնակչության լայն խավերի աջակցությունը, գումարած՝ հզոր կազմակերպչական աշխատանքը, որը մեր թիմը իրականացրեց այս ընթացքում: Ավելացնեմ, որ ես քաղաքականություն եմ եկել ոչ այն բանի համար, որ կորցնեմ վստահության, հարգանքի եւ հեղինակության այն պաշարը, որը գոյացել է իբրեւ գործարարի, հասարակական գործիչ եւ բարերարի՝ վերջին 15 տարիներին իմ կատարած աշխատանքի արդյունքում: Վստահության, հարգանքի ու հեղինակության այդ պաշարի պահպանումն ու բազմապատկումը ինձ համար պատվի գործ է:

– Ընտրությունների նախօրեին քաղաքական իրավիճակը լարվում է: Ոչ այնքան վաղուց պայթեցվեցին ձեր կուսակցության երկու գրասենյակները: Ո՞ւմ է դա ձեռնտու: Ինչպես եք Դուք, ընդհանուր առմամբ, գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:

– Իրադրությունն ընդհանուր առմամբ մենք գնահատում ենք հանգիստ, իսկ մրցակցությունը քաղաքական ուժերի միջեւ՝ կառուցողական: Մեր գրասենյակները իսկապես պայթեցվեցին եւ մենք դա գնահատում ենք որպես վախի մթնոլորտ ստեղծելու եւ հիմնական խաղացողներին միմյանց բախելու փորձ: Մեր ռազմավարությունը ոչ թե ուրիշի վրա կեղտ լցնելն ու նրանց անիվների մեջ փայտեր խրելն է, այլ ընտրողներին հասցնել մեր նպատակներն ու խնդիրները, երկրի զարգացման համադրույթը. մենք շատ լավ գիտակցում ենք քաղաքական դաշտում մեր կշիռը: Փակելով պայթյունների թեման, ասեմ, որ իրավապահ մարմիններից մենք անհամբեր սպասում ենք հետաքննության արդյունքներին:

– Ինչպե՞ս եք Դուք տեսնում հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ունի՞, արդյոք, կուսակցությունը դրանց զարգացման ծրագիր:

– Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Մենք ձգտում ենք զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական, ռազմական: Մենք ունենք համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային կառույցներում: Անհրաժեշտ է պահպանել եւ ըստ արժանվույն զարգացնել հայ-ռուսական կապերի հարուստ ավանդույթները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այսօր պաշտոնական Երեւանի կողմից վարվող քաղաքականության առաջնահերթություններից են: Ինչպես տեսնում եք, մեր մոտեցումներն այս հարցում շատ համահունչ են:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հարաբերությունների հեռանկարը Եվրամիության, ԱՄՆ-ի, մերձավոր հարեւանների՝ Իրանի եւ Թուրքիայի հետ:

– Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն արտաքին տնտեսական գործընկերներից մեկն է եւ մենք հանդես ենք գալիս նոր եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ի հետ բազմաբնույթ համագործակցության զարգացման օգտին: Եվրամիության երկրներում բնակվում են հարյուր-հազարավոր էթնիկ հայեր:

ԱՄՆ-ում բնակվում են ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցներ, որոնք նույնպես սերտ կապեր են պահպանում պատմական հայրենիքում բնակվող ազգականների եւ մտերիմների հետ: Անկախ հայկական պետականության կայացման գործընթացում ԱՄՆ-ն ցուցաբերել է շատ նշանակալի մարդասիրական, տեխնիկական եւ տնտեսական օգնություն: Մենք դա գնահատում ենք եւ ձգտում ենք զարգացնել մեր համագործակցությունը ԱՄՆ-ի հետ: Իրանը մեր հարգված հարեւանն է եւ հուսալի տնտեսական գործընկերը: Մեր կուսակցության ծրագրում մենք ներառել ենք նոր համատեղ նախաձեռնություններ, որոնց թվում է երկաթգծի շինարարությունը, որը կմիավորի մեր երկաթուղային ցանցերը: Մենք անհանգստացած ենք Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածությամբ եւ հույս ունենք, որ դա կարելի կլինի հարթել դիվանագիտական ճանապարհով, հնարավոր է՝ միջազգային միջնորդության պայմաններում:

Հիմա Թուրքիայի մասին. մենք հանդես ենք գալիս մեր պետությունների միջեւ նորմալ միջպետական հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների: Մենք նաեւ կողմնակից ենք հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, որը փակվել է 1992 թվականի գարնանը՝ թուրքական կառավարության կողմից:

ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում մենք ունենք հստակ եւ միանշանակ դիրքորոշում. մենք համոզված ենք, որ հաջորդ քայլը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն է եւ նրա ինտեգրումը միջազգային հանրությանը: Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում մնացած հարցերը կարելի է քննարկել եւ լուծել:

– Հարցումները ցույց են տալիս, որ խորհրդարանական մեծամասնություն, ըստ ամենայնի, կկազմեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստանը»: Պատրա՞ստ եք Դուք խորհրդարանում համատեղ աշխատանքի:

– Մենք ծանոթ ենք բոլոր հարցումների տվյալներին եւ կատարում ենք նաեւ հասարակական տրամադրությունների սեփական հետազոտություններ: Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին եւ պատրաստ ենք համագործակցել ցանկացած ձեւաչափով, որը հնարավորություն կտա իրականացնել մեր ծրագրային նպատակները: Սակայն խոսել կոալիցիայի մասին նախընտրական պայքարի ամենաթեժ պահին՝ համարում ենք վաղաժամ: Եկեք սպասենք ընտրությունների արդյունքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել