Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՄՊԻՉՄԵՆՏ», «ՀԱՂԹԱՆԱԿ», «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»

Մայիս 10,2007 00:00

\"\"Երեկ այս բառերը հաճախ էին վանկարկում ընդդիմության հանրահավաքին ներկա մի քանի տասնյակ հազար մարդիկ

Երեկ նախնական պայմանավորվածության համաձայն, «Իմպիչմենտ» դաշինքն ու «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները համատեղ հանրահավաք անցկացրին, որին տարբեր հաշվարկներով՝ մասնակցում էր 20-30 հազար մարդ: Հանրահավաքն ուշացումով սկսվեց, ինչը «Իմպիչմենտի» ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը բացատրեց ոստիկանության կողմից փողոցները փակելու փաստով: Նրա մատուցմամբ, թեեւ ապրիլի 8-ին արդեն, այսպես կոչված՝ «Խաղաղության շրջանի» կազմակերպման կենտրոնական շտաբը հայտարարել էր միջոցառման հետաձգման մասին, սակայն իրավապահները ընդդիմությանը խանգարելու համար դրա անվան տակ փակել էին փողոցները: Վ. Խաչատրյանն արձանագրեց, որ քաղաքական երեք ուժերը մեկ ամսվա ընթացքում ցույց տվեցին, որ ունեն բազմահազարանոց համախոհների բանակ, որը պատրաստ է կանգնել հանուն իր ազատության եւ իրավունքների, ինչը, նրա մատուցմամբ, վախեցրել է իշխանություններին: «Սա է պատճառը, որ փորձում են մեզ վախեցնել ձերբակալություններով, բայց իշխանություններին լսող չկա, եւ նրանք աջակիցներ չունեն»,- ասաց Վ. Խաչատրյանը, ով իր խոսքում նաեւ հավելեց, որ ընտրություններից հետո իրենք կլինեն խորհրդարանում, թե ոչ՝ իմպիչմենտն իրականություն են դարձնելու: Նրա ասելով, երեք ուժերն անձերի դեմ չեն պայքարում, այլ ուզում են համակարգը փոխել, որի հիմքը կազմող մարդիկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Վ. Խաչատրյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն, ընտրություններին կարող է մասնակցել առավելագույնը 800 հազար մարդ, թեեւ իշխանությունները մտադիր են 1,4 մլն մասնակցություն «նկարել»: Եթե ընտրությունների արդյունքում 800 հազարից ավելի մասնակցություն գրանցվեց, ուրեմն, ըստ նրա՝ ընտրություններ չեն եղել, եղել է նկարչություն: Այդ դեպքում իրական ընտրությունները, Վ. Խաչատրյանի մատուցմամբ, տեղափոխվելու են հրապարակ:

Բանախոսներից Միքայել Հայրապետյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի արած մի հայտարարությունն այն մասին, թե ընդդիմությունը 30 հազար մարդ իր հանրահավաքին պետք է կարողանա հավաքել, որ իրավունք ունենա խոսել իշխանությունը վերցնելու մասին: «Հիմա մենք շատ ավելի շատ ենք եւ խոսում ենք»,- արձանագրեց Մ. Հայրապետյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երկրում սկսվել է ռոբոտազերծման, սերժանտազերծման, դոդազերծման գործընթաց: Երկիրը ձեռք է բերում տոկուն եւ համարձակ քաղաքացի: Մեր հաջորդ կանգառը իմպիչմենտն է, իսկ հաղթանակի բանաձեւը՝ «երբեք չկանգնել, չկասկածել եւ չերկմտել»: Այսօր չկան ոստիկաններ, լրագրողներ, պաշտոնյաներ: Այսօր հարցը մեկն է՝ քաղաքացի՞ ես, թե՞ ոչ»: Նա նաեւ ասաց, թե իշխանությունները սկսել են մարդկանց վախեցնել խուզարկություններով եւ ձերբակալություններով. «Ինչո՞ւ են մտածում, որ չի գալու նաեւ իրենց խուզարկվելու եւ ձերբակալվելու ժամը: Այսօր ասում են՝ մարդկանց բնակարաններից գումարներ են գտել: Եթե մենք Սերժ Սարգսյանի ոչ թե բնակարանը, այլ ընդամենը նրան խուզարկենք, կգտնենք այնքան գումարներ, որ չեն գտնվի ոչ մի քաղաքացու բնակարանի խուզարկությամբ»:

Վ. Խաչատրյանը, որպես հանրահավաքի վարող, նաեւ արձանագրեց, որ ընտրություններն արդեն կեղծված են, եւ եթե քվեարկության արդյունքն էլ փորձեն կեղծել՝ պատիժն անխուսափելի է լինելու: «Դրան վաղեմության ժամկետ չկա: Այս իշխանությունը, նորմալ ընտրության դեպքում, մի օր էլ չի դիմանա: Մենք ձայն չենք խնդրում, մենք պայքարում ենք, որ ձեր քվեն տեղ հասնի եւ որոշիչ լինի»:

Երեկ ընդդիմության հանրահավաքին էր եկել նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, ով վատառողջ էր եւ շարժվում էր կողմնակի օգնությամբ: Նա ելույթ ունեցավ եւ հայտարարեց. «Ես պատրաստ եմ իմ թույլ ուժերով օգնել ձեզ, մենք պարտավոր ենք փրկել երկիրը այս գիշատիչների ոհմակից: Նրանք մեր ապագայի եւ երեխաների ոխերիմ թշնամիներն են: Մի պաղատանք՝ մի՛ ծախեք ձեր ձայնը, խիղճը, արժանապատվությունը: Ձայն ծախողը փոքրիկ Հուդա է: Դուք այն ժողովուրդն եք, որի վրա 1988-ին զարմանում էր ողջ աշխարհը: Եթե իշխանությունը տեսնի ձեր ուղղված մեջքը՝ նա կծռվի»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ ընտրություններն ունեն երկու փուլ՝ «մինչեւ մայիսի 12-ը, մյուսը՝ հենց մայիսի 12-ը, եւ մենք այդ օրը կանգնելու ենք մինչեւ վերջ: Ձայն գնելն, այո, դավաճանություն եւ սրիկայություն է: Դավաճանություն է նաեւ մարդկանց վախեցնելով, գործից ազատելու սպառնալիքով ստիպել քվեարկել»: Ա. Սարգսյանի մատուցմամբ, «ժողովուրդը համոզվեց, որ իշխանություններին քշելու գործում ինքը միայնակ չէ՝ նույնն են ուզում մարզերում եւ մեր բոլոր երեք ուժերը»: Ա. Սարգսյանը նաեւ արձանագրեց, որ ընդդիմադիր մյուս ուժերն էլ են ասում, թե ընտրությունների կեղծման դեպքում դուրս կգան հրապարակ. «Մենք ասում ենք՝ եկեք եւ միացեք: Այս հարթակը մերը չէ, մենք կլինենք վերջինը: Եթե ժամանակին ընդդիմությունը միասնական ցուցակով հանդես գար, հիմա իշխանություններն այլեւս չէին լինի: Ով չմիացավ՝ արդարանալու խնդիր ունի, սակայն ճանապարհը փակ չէ եւ ժողովուրդը պատրաստ է ներել ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել