Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ

Մայիս 09,2007 00:00

Երեկ «Առավոտն» ահազանգ ստացավ, որ կրակել են Արարատի մարզի Դալար գյուղի անցյալ տարվա օգոստոսի 30-ին սպանված գյուղապետի՝ Տիգրան Պետրոսյանի գերեզմանի վրա: Մենք եղանք տեղում: Պարզվեց, որ Պետրոսյանի գերեզմանաթմբի կողքին գտնվող, 11 տարի առաջ մահացած նրա քրոջ գերեզմանաքարի վրա կա կրակոցի 5 հետք: Մեր աղբյուրի պնդմամբ, այն կատարել էր օրերս ազատազրկման վայրից դուրս եկած, նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանի եղբայրը՝ Հայրապետը: Այդ տեղեկությունը նույնպես փորձեցինք ճշտել: Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Սյուզի Սիմոնյանը պաշտոնապես հայտնեց, որ Հայրապետ Բադալյանը տուբերկուլյոզ ախտորոշմամբ ներկայումս գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում եւ չի ազատվել: Հետեւաբար, իրավապահների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վրա:Այն կատարվել է այն ժամանակ, երբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շարունակում է ընթանալ Տիգրան Պետրոսյանի սպանության գործով մեղադրվող Գեղամ Բադալյանի դատաքննությունը: Ի դեպ, մայիսի 7-ին «Առավոտ» եւ «Նովոյե վրեմյա» թերթերի լրագրողներին չթույլատրեցին մեկուսարանում ընթացող «դռնբաց» դատավարությանը մասնակցել, երբ թերթերը 20 օր առաջ ստացել էին արդարադատության նախարարի թույլտվությունը՝ մեկուսարանում դատաքննությանը մասնակցելու համար: Արարատի մարզի դատավոր Լեւոն Արազյանն ասաց, որ իրեն որեւէ մեկը տեղյակ չի պահել եւ որ իր ցուցակում մենք չկանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել