Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ՄԵԿՆԱՐԿՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

Մայիս 09,2007 00:00

\"\"Հանրապետության հեծանվային սպորտի ֆեդերացիան օրերս անցկացրեց տարվա միջոցառումների ծրագրով նախատեսված երեք տարիքային խմբերի (մեծահասակներ, երիտասարդներ եւ պատանիներ) հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունները:

Մեծահասակների 80 շրջան 8 միջանկյալ վերջնագծով մրցաձեւում հաղթող դարձավ Սերգեյ Սարկիսովը: Երիտասարդների մեջ, ովքեր նույնպես պայքարում էին նույն մրցատարածությունում, հավասարը չունեցավ Դավիթ Մկրտչյանը: Իսկ ահա պատանիները հաղթահարեցին 60 շրջան 6 միջանկյալ վերջնագծով: Այստեղ մրցատարածությունն ամենից արագ անցավ եւ չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց մայրաքաղաքի թիվ 102 հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սուրեն Պետրոսյանը:

Առաջնության ավարտին հանրապետության հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության օլիմպիական հերթափոխի հեծանիվի մարզադպրոցի տնօրեն Աշոտ Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ մայիսի 16-20-ը կայանալու է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը: Դրա արդյունքներով կազմավորվելու են մեր հավաքական թիմերը, որոնց առջեւում պատասխանատու մեկնարկներ են սպասվում: Մասնավորապես, երիտասարդական հավաքականի երկրորդ թիմը հունիսին ամենայն հավանականությամբ կմեկնի Իրան եւ Թավրիզում կմասնակցի միջազգային ավանդական մրցաշարի: Իսկ նույն տարիքային խմբի առաջին եւ պատանեկան հավաքականները կմեկնեն Մոլդովա՝ հանդես գալու Մոլդովայի նախագահի մրցանակների խաղարկությանը: Այստեղ արդեն հայտնի են մեր հեծանվորդների անունները. երիտասարդներ՝ Արթուր Գրիգորյան, Գեւորգ Առաքելյան, Դավիթ Մկրտչյան, պատանիներ՝ Սուրեն Պետրոսյան եւ Արամ Մելիքյան: Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանն անցած տարի նույն մրցումներում շուրջ 150 պատանի հեծանվորդների մրցապայքարում գրավել էր 2-րդ տեղը՝ դառնալով Մոլդովայի նախագահի մրցանակների խաղարկության հայտնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել