Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինավոր լինելը՝ իշխանությունն իրենից պետք է սկսի»

Մայիս 09,2007 00:00

Երեկ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգության» կենտրոնական գրասենյակում երեկ ասուլիս էր հրավիրել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բոլորին շնորհավորելով մայիսյան հաղթանակների առիթով՝ ասաց, որ հայ ժողովրդին մնում է մայիսի 12-ին գրանցել եւս մեկ հաղթանակ: Հարցին, եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն, «Ժառանգությունը» կմիանա՞ արմատական ընդդիմությանը («Իմպիչմենտ», «Հանրապետություն», «Նոր ժամանակներ»), Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մայիսի 12-ին մենք գրանցելու ենք «Ժառանգության» առաջատարությունը՝ ընտրական արդյունքներում: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ հարաբերական մեծամասնությունը քվեարկելու է մեր օգտին: Եվ եթե ԿԸՀ-ն իր կոչման համաձայն գրանցի իրական տվյալներ, կունենանք հայ ժողովրդի առաջին հաղթանակը 1991 թվականից այս կողմ: Իսկ եթե տեսնենք, որ հայտարարված արդյունքները չեն արտացոլում իրականությունը եւ խախտումների հանրագումարում եզրակացնենք, որ հերթական անգամ ընտրությունները կեղծված են, ապա ոչ թե մեկը մյուսին պիտի միանա, այլ Հայաստանի քաղաքացիները՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, պիտի միանան իրար եւ հետապնդեն իրենց իրավունքները… Այստեղ կլինեն նրանք, ովքեր ընդդիմության մեջ են, նաեւ նրանք՝ ովքեր իշխանության մաս են կազմում, որովհետեւ նժարի վրա է մեր երեխաների ապագան, ժառանգությունը, պետության հեղինակությունը, ազգային անվտանգությունը… Այնպես որ՝ կարեւոր չէ՝ ով ում է միանում, ով քանի տոկոս հավաքեց, կարեւորն այն է, որ միասին կանգնած լինի ողջ ազգը»: Այնուամենայնիվ, «Ժառանգության» լիդերը չի կարծում, թե ընտրությունները կկեղծվեն, որովհետեւ. «Մենք չենք կարող թույլ տալ, որ ազգի հպարտություն հանդիսացող զինվորները, ոստիկանները, երիտասարդները, ուսանողները, աշակերտները մեղսակից դառնան ազգային իրավախախտման եւ խայտառակության»: Ր. Հովհաննիսյանի հավաստիացմամբ, իրենց կուսակցությունը դեմ է ամեն տեսակ կեղծիքի, անկախ նրանից՝ ում օգտին է այն արվում. «Եթե որեւէ կեղծիք լինի անգամ մեր օգտին, ես ուղղակի կմերժեմ այդ քվեն»: Ր. Հովհաննիսյանի համոզմամբ, այս ընտրություններին միջազգային դիտորդներն անաչառ են լինելու եւ բացառվելու է աշխարհաքաղաքական շահեր հետապնդելը: Չնայած, ըստ «Ժառանգության» առաջնորդի, «ՌԴ իշխանությունները որոշ առումով կանխակալ են, որովհետեւ ինչ-որ տեղ փոքր միջամտություններ կան Հայաստանի ներքին գործերին»: Ըստ Ր. Հովհաննիսյանի, դա ճիշտ պահվածք չէ ռազմավարական գործընկերոջ կողմից՝ ռազմավարական գործընկերությունը նշանակում է փոխադարձ հարգանք եւ հարգանք տվյալ երկրների ժողովուրդների որոշումների նկատմամբ:

Երեկվա ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման լիդեր Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությանը՝ ասելով. «Իշխանությունը օրինավոր լինելը հենց իրենից պետք է սկսի: Պետության անվստահության եւ անիրավության օրինակ է, որ ընտրությունների նախաշեմին գործեր են հարուցվում, ձերբակալություններ, խուզարկություններ լինում՝ քաղաքական աստառով… ժամանակի ընտրությունը, քաղաքական աստառը, ընտրովի մոտեցումը ցուցադրում է ներկա իշխանության ոչ պետականավայել քաղաքականությունը… Այս բռնության մթնոլորտը ահավոր բիծ է բոլորիս համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել