Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԵՆԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԱՆՏԵՐԸ

Մայիս 09,2007 00:00

Իսկ այն, որ Տիգրան Ստեփանյանը իր քաղաքին՝ Մասիսին եւ տարածաշրջանի մյուս գյուղերին նայում է տանտիրոջ սրտացավությամբ, վկայում են նրաb կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը:

Ապրելով եւ աշխատելով Մասիսում, Տիգրան Ստեփանյանը քաջատեղյակ է այնտեղ առկա եւ երկար տարիներ լուծում չստացած հիմնախնդիրներին: Նրա նախաձեռնությամբ եւ անձնական միջոցներով լուծվել են շատ հարցեր՝ կապված քաղաքի բակերի բարեկարգման, ոռոգման եւ խմելու ջրերի ջրագծերի անցկացման, մանկապարտեզների եւ դպրոցների վերանորոգման, խաղահրապարակների բարեկարգման եւ շատ այլ խնդիրների հետ: Հովանավորվել են բազմաթիվ միջոցառումներ, բնակչության սոցիալական շատ խնդիրներ լուծում են ստացել: Սակայն վաղուց արդեն հասունացել է պահը, որ այդ խնդիրները հիմնավոր լուծում ստանան, ասել է թե՝ գործի գլխին տեր է պետք: Իսկ մասիսցիներն այդ սրտացավ տիրոջը տեսնում են ի դեմս Տիգրան Ստեփանյանի՝ թիվ 16 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված ԲՀԿ անդամ թեկնածուին: Նա այդ վստահությանն արժանացել է իր ապրած կյանքով ու կատարած գործերով: Դա են վկայում նաեւ Մասիս քաղաքում բնակչության հետ կատարած մեր հարցումները: Մարդկանց խոսքերից երեւում էր, որ նրանք հոգնել են սին խոստումներից: Նրանց նոր խոսք է պետք, նոր մարդիկ, նոր մոտեցումներ:

– Պարոն Ստեփանյան, սովորաբար, թեկնածուները ընտրություններից առաջ մարդկանց սարեր են խոստանում, բայց երբ դառնում են պատգամավոր, մոռանում են թե՛ իրենց խոստումների, թե՛ ծրագրի մասին եւ, կարծես, անէանում են: Ձեր ընտրողները ինչպե՞ս համոզված լինեն, որ դուք նույնպես այդպիսին չեք լինի:

– Ես այս քաղաքում ապրել եմ եւ շարունակելու եմ ապրել, այստեղ իմ եւ իմ երեխաների տունն է, եւ ես իմ ընտրողներին տեսնելու եմ ամեն օր՝ տնից դուրս գալիս, աշխատանքի գնալիս: Ես չեմ կարող այնպես ապրել, որ ամաչեմ նրանց աչքերին նայել: Երբեք կտրված չեմ եղել իմ քաղաքի բնակիչներից եւ այդպես էլ շարունակելու եմ իմ հարաբերությունները: Ես կունենամ գրասենյակ, որի միջոցով կպահպանեմ կապը բնակիչների հետ, իսկ երկու ամիսը մեկ անգամ պարտավոր եմ լսել նրանց:

– Իսկ որո՞նք են այն առաջնակարգ խնդիրները, որոնց մասին դուք կբարձրաձայնեք խորհրդարանում:

– Այն ծրագրերը, որոնք ներկայացրել է ԲՀԿ-ն, իրականացնելու դեպքում կարող ենք երկիրը դուրս բերել այս իրավիճակից եւ ստեղծել բարգավաճ երկիր: Ուստի, ես լինելով այդ կառուցողական կուսակցության անդամ, կյանքի եմ կոչելու նրա ներկայացրած ծրագրերը եւ իմ կուսակցության հետ միասին նախաձեռնողը կլինեմ օրենսդրական այնպիսի նախագծերի, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել մեր ծրագրերը: Իսկ դրանք բազմաոլորտ են ու խորքային, չկա մի ոլորտ, որը մեր ուշադրությունից դուրս մնացած լինի: Իսկ կոնկրետ իմ առաջադրված ընտրատարածքի հետ կապված ծրագրերի մասին ես ոչ թե նախապես կխոսեմ, այլ կգործեմ ընտրությունից հետո: Եվ դա բոլորդ կտեսնեք:

– Ի՞նչ եք մտածում ձեր մրցակցի ընտրության հավանականության մասին:

– Ես հարգում եմ իմ մրցակցին: Իսկ նրա ընտրության հավանականության մասին կխոսեն ընտրողները՝ մայիսի 12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել