Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԱՊՐԵՆ

Մայիս 09,2007 00:00

\"\"Այսպես է կարծում ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մխիթարյանը

«Ուսումնասիրելով ԱՊՀ երկրների փորձը՝ տեսնում եմ, որ մեր երկրում անհրաժեշտ է մի նոր օրենք էլ ընդունել, որը պատերազմի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին եւ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածներին հնարավորություն կտա սոցիալապես ավելի ապահովված ու լավ ապրել»,- այսպես ներկայացրեց իր ապագա անելիքները ՀՀԿ խորհրդի անդամ, «Աֆղանական պատերազմի վետերանների միավորում» հ/կ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը։ Նա կարծում է, որ պատերազմի մասնակցի հոգսը պետությունը պետք է իր ուսերին վերցնի, այլ ոչ թե միայն պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունը կամ տարբեր հ/կ-ներ։ Նա կարծում է նաեւ, որ երկրի զարգացումից է կախված նրանց սոցիալական վիճակի բարելավումը. «Զարգացած երկրներում պատերազմի մասնակիցներն ու նրանց ընտանիքներն ավելի շատ են սոցիալական աջակցություն ստանում։ Ցանկանում եմ, որ զոհվածի կինը, երեխան չընկնեն այս ու այն կողմ՝ տարբեր տեսակի զեղչերի համար, այդ ամենը պետք է օրենքի ուժ ստանա, քանի որ երեխայի հայրը կամ կնոջ ամուսինը ամենաթանկ բանն է զոհել մեր երկրի համար: Մեր երիտասարդները տեսնում են, թե պատերազմի մասնակիցներն ինչ վիճակում են ապրում, էլ ինչո՞ւ պետք է նրանք մտածեն հայրենիքի սահմանները պաշտպանելու մասին»: Պարոն Մխիթարյանի խոսքերով՝ ԱՊՀ երկրներում ոչ մի պատերազմի մասնակից բնակարանի խնդիր չունի եւ որպես կիրառելի օրինակ՝ նշեց Մոսկվայի քաղաքապետարանի փորձը. «Քանի որ նոր կառուցվող շենքերի գումարի մոտ 30%-ը գնում է քաղաքապետարանի ֆոնդին, քաղաքապետի որոշմամբ այդ գումարի հաշվին բնակարաններ են տրամադրվում կարիքավոր ընտանիքներին: Մեզ մոտ էլ է դա հնարավոր իրականացնել»: Բայց նա անիրատեսական խոստումներ չցանկացավ տալ, քանի որ «պատգամավորի ձեռքում լծակներ չկան, որ վերելակ կամ տանիք նորոգի, գազ քաշի կամ տուն հատկացնի: Պատգամավորը օրենքներ է մշակում, որոնց կիրառության արդյունքում քաղաքացիների առօրյա կյանքը հեշտանում է»: Ա. Մխիթարյանը կարծում է, որ եթե անգամ Հանրապետական կուսակցության ծրագրերի կեսն էլ իրականություն դառնա, մենք մեծ արդյունքների կհասնենք։

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմադիրները նախընտրական շրջանում անցկացված սոցհարցումները կեղծված համարում ու քննադատում են՝ ասելով, որ դրանք պատվիրված են, պարոն Մխիթարյանը պատասխանեց. «Նրանք կարող են ցանկացած ընկերության խնդրել, որ իրենց համար սոցհարցում անցկացնի, ու հետո էլ այդ թվերը հրապարակեն։ Սոցհարցումներ անց են կացրել նաեւ մի քանի միջազգային կազմակերպություններ, անժխտելի փաստ է, որ ՀՀԿ-ն առաջատարն է»:

Արմեն Մխիթարյանը երկու անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Այս անգամ նա առաջադրվել է համամասնական ընտրակարգով եւ զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, իսկ դրանից առաջ՝ Աֆղանական պատերազմին, ինչպես եւ իր հ/կ-ի 3000 անդամները։ Նա ասաց, որ իր պատգամավոր լինելու ժամանակահատվածում տարբեր հարցերով օգնել է թե՛ շարքային քաղաքացիներին, թե՛ իր կազմակերպության անդամներին: Վերջում, օգտվելով այն առիթից, որ իր հարցազրույցը լույս է տեսնելու մայիսի 9-ին, պարոն Մխիթարյանը իր ջերմ շնորհավորանքներն ուղղեց բոլոր հայ զինվորներին՝ նախկին եւ ներկա, բոլոր նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են իրենց տան եւ ազգի պատիվը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել