Լրահոս
Օրվա լրահոսը

Գրագողություն՝ նախընտրական ծրագրերից

Մայիս 09,2007 00:00

Եվ հայտնի չէ՝ ՕԵԿ-ի՞ց են գողացել, թե՞…

«Օրինաց երկրի» 2003-ի նախընտրական ծրագիրը վերընթերցելիս ամենաուշագրավը, վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ այդ կուսակցության հետեւյալ հիմնադրույթն էր. «Աշխարհի ուժային կենտրոնների հետ ամուր եւ արդյունավետ դիվանագիտական հարաբերություններ»:

ՕԵԿ-ի ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2007-ի ծրագրերում կայուն քաղաքական համակարգի ձեւավորման համար կարեւորված է ոչ միայն «ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը», այլ նաեւ աջակցությունը «իրապես անկախ մամուլի» ձեւավորմանը: Այս ամենը կուսակցությանն այնքան է հաջողվել, որքան 2003-ի ծրագրում ընդգրկված՝ «Սեւանի կոլեկտորի կառուցում եւ անտառների վերականգնում» դրույթը:

Սակայն հանգամանալից չենք անդրադառնա այս կուսակցության նախորդ ծրագրին, քանզի ՕԵԿ-ը դա արել է ինքնուրույն՝ առանձին հրատարակելով 2003-2007-ի ընթացքում իրենց ծավալած գործունեության հաշվետվությունը:

Առավել ուշադրության է արժանի նոր ծրագիրը, որն ընթերցելով՝ հասկանում ես, թե ինչու էր Հայաստան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունը ապրիլի 13-ին իր հայտարարության մեջ նշել. «Մի քանի վերապահումներով՝ պատվիրակությունը չկարողացավ հայտնաբերել շեշտված տարբերություններ ընտրապայքարի մասնակիցների քաղաքական ծրագրերում»:

ՕԵԿ-ի 2007-ի ծրագրի «Իրավունք եւ օրինականություն» բաժնում ընթերցելով «Օրենքի երկրում ուժեղներն արդար են, թույլերը՝ պաշտպանված» դրույթը՝ անմիջապես մտածում ես՝ «Բարգավաճ Հայաստանի» ականջը կանչի: Հիշեցնենք, որ վերոհիշյալ դրույթն այս կուսակցության կարգախոսն է:

Քիչ անց ստիպված ես լինում հիշել ՀՅԴ-ին, քանզի ՕԵԿ-ն էլ է իր նախընտրական ծրագրում խոստացել. «Կոռուպցիայի դեմ վճռական պայքար»: Նման են նաեւ այս երկու կուսակցությունների ծրագրային դրույթները սոցիալական ոլորտում՝ մասնավորապես այս մասով. «Յուրաքանչյուր ծնվող երեխայի, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի՝ պետությունը պետք է հատկացնի ֆինանսական աջակցություն»:

Ընդհանրություններ կան նաեւ ՕԵԿ-ի եւ ՄԱԿ-ի մոտեցումներում: Վերջինս կարեւորում էր դեռ մանկապարտեզից 2 օտար լեզուների ուսուցումը, իսկ ՕԵԿ-ը ցանկանում է այդ ուսուցումը սկսել առաջին դասարանից:

Անգամ նորաստեղծ ՄԻԱԿ-ի հետ ՕԵԿ-ն ունի ընդհանրություններ, քանի որ առաջարկում է. «Զինծառայության ժամկետի նվազմանը զուգահեռ՝ ավելացնել բանակում պրոֆեսիոնալ հիմունքներով զինծառայողների թվաքանակը՝ վերջնական նպատակ ունենալով լրիվ պրոֆեսիոնալ բանակի կազմավորումը»:

Եվ, վերջապես՝ ՀՀԿ-ի պես, ՕԵԿ-ն էլ է առաջարկում «ստեղծել սփյուռքահայության հետ կապերի ինքնուրույն մարմին»:

Բա լավ, կհարցնեք, չկա՞ որեւէ դրույթ, որն այս կուսակցությանը կառանձնացնի մնացածներից: Այն էլ ինչքա՜ն: Եվ խոսքը միայն «ավանդների վերադարձի շարունակականություն» դրույթը չէ: ՕԵԿ 2007-ի ծրագիրը հարուստ է բազմաթիվ խոստումներով,: Ասենք, նշված է՝ «վերսկսել Երեւանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը», «նորաստեղծ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման եւ ընտանիքի կազմավորման համար երկարաժամկետ հիպոթեքային վարկեր» տրամադրել եւ այլն: Սակայն այս ամենի իրականացման ռեսուրսներն այնքան էլ պարզ չեն, մանավանդ այն պայմաններում, երբ «Օրինաց երկիրը» նաեւ ցանկանում է «նվազեցնել հարկերը եւ տուրքերը՝ հենվելով միջազգային փորձի վրա», արտոնություններ տրամադրել նոր գործարկված ձեռնարկություններին եւ մինչեւ 2 տարի ժամկետով ազատել որոշակի հարկերից, «զարգացման լայն հնարավորություն ունեցող, սակայն հարկային պարտքերով ծանրաբեռնված եւ ճնշված ձեռնարկությունների ապառքները որպես բյուջետային վարկ» ձեւակերպել, իջեցնել ոռոգման ջրի սակագինը եւ այլն:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը իր մի քանի ելույթներում քննադատեց ՕԵԿ-ին՝ առանց այդ կուսակցության անունը տալու: Քննադատությունը վերաբերում էր «ուսման վարձերի վճարման նպատակով երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրում՝ 30-40 տարի մարման ժամկետով», եւ սահմանամերձ բնակավայրերում «գործարարության խթանման նպատակով արտոնյալ հարկերի սահմանում եւ արտոնյալ վարկային քաղաքականության իրականացում» դրույթներին: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանի գրեթե 2/3-ը սահմանամերձ բնակավայրեր են, ուրեմն, ո՞վ է ոչ արտոնյալ պայմաններով վճարելու հարկերը:

Սակայն այս քննադատությունը եզակի դեպքերից է: Իրականում արդեն ավարտվող այս քարոզարշավն առանձնահատուկ էր նրանով, որ գրեթե իսպառ էին բացակայում ծրագրերի շուրջ բանավեճերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել