Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՐՎԱԾՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՆԵՐԱՌԵԼ

Մայիս 09,2007 00:00

\"\"«Պետական կարիքների» զոհ դարձած մի խումբ բնակիչներ չնայած ՀՀ քաղաքացի են, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեն կարող մասնակցել:

Պատճառն այն է, որ նրանց անուններն այս օրերին ընտրացուցակներում ներառված չեն: Բուզանդի 15 հասցեի բնակիչներ Աշոտ Պողոսյանը, Սուսաննա Կարաջյանը, Տիգրան եւ Մարինե Պողոսյանները, Զոհրաբ եւ Գեղանուշ Վահանյանները, Անահիտ Մարտիրոսյանը, Կիմա Մկրտչյանը, Բուզանդի 17 հասցեի բնակիչներ Աստղիկ Հովհաննիսյանը, Եզնիկ Կողբացու 28 հասցեից՝ Իրինա Եդիգարյանը, Ինեսա Սարգսյանը, Էմմա Աղաջանյանը՝ բացի այն, որ կորցրել են իրենց բնակարանները, այժմ էլ զրկված են ընտրելու իրավունքից: Նրանց չեն ընդգրկել թիվ 9/16, 9/18, 10/26 ընտրատեղամասերի ընտրացուցակներում: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի ներկայացմամբ, իրականում ընտրացուցակներից դուրս մնացած իրացման գոտու բնակիչների թիվն ավելի մեծ է: Ըստ Ս. Բաղդասարյանի, շատերին վտարելուց հետո, առանց տեղյակ պահելու, բնակհաշվառումից հանել են: Նկատենք, որ ընտրացուցակներից հիմնականում դուրս են մնացել այն մարդկանց անունները, որոնք իրենց տարածքներն իրացրած սեփականատիրոջ հետ պայմանագիրը չեն ստորագրել եւ բնակարանները լքել են իրենց կամքին հակառակ: Իսկ նրանք, ովքեր սեփականատիրոջ հետ համաձայնության են եկել եւ գրանցումից կամովի դուրս են եկել՝ չգիտես ինչպես, հայտնվել են նախկին բնակավայրի ընտրատեղամասի ցուցակներում:

Օրինակ՝ Արթուր եւ Վաղարշակ Մինասյանները, Արմեն եւ Կարեն Արշակյանները թեեւ գրանցումից դուրս են եկել, բայց, ըստ ցուցակների, պետք է ընտրեն իրենց նախկին՝ թիվ 10/16 ընտրատարածքում:

«Իշխանությունները ամեն օր հայտարարում են, թե արդար ընտրություններ են լինելու, բայց դրանք միայն դատարկ խոսքեր են: Իրենց կամքով ում ուզում են՝ ներառում են ընտրացուցակներում, ում ուզում են՝ հանում են»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին իրացման գոտու բնակիչները: Հ/կ-ի նախագահ Ս. Բաղդասարյանին վրդովեցնում է այն, որ ինքն էլ դատարանի որոշումով վտարված է եւ սեփականատիրոջ հետ պայմանագիր չի կնքել, սակայն իր անունը ցուցակներում կա. «Եթե օրենքով են շարժվում, դե թող իմ անունն էլ չլիներ, ինչու են խտրականություն դնում: Ինձ նման վտարված է նաեւ Զոհրաբ Վահանյանը, որը նույնպես հրաժարվել է սեփականատիրոջ հետ պայմանագիրը կնքել, բայց նրա անունը ցուցակից բացակայում է»: Ընտրելու իրենց իրավունքը վերականգնելու համար իրացման գոտու բնակիչները «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի միջոցով ապրիլի 26-ին դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Հ/կ-ի նախագահի ներկայացմամբ, նամակին գրավոր պատասխանելու փոխարեն՝ ոստիկանության աշխատակից ոմն Մինասյան զանգով է պատասխանել ու հայտնել, որ վարչությունը շատ զբաղված է, եւ ժամանակ չունի հ/կ-ի հարցերին գրավոր պատասխանել: Ս. Բաղդասարյանի ներկայացմամբ, ոստիկանությունից վստահեցրել են, որ հ/կ-ի ներկայացրած տվյալները կքննեն եւ եթե անճշտություններ գտնեն՝ կուղղեն եւ մայիսի 10-ին նոր ընտրացուցակներ կփակցնեն: Սակայն ցուցակներից դուրս մնացած քաղաքացիները վստահ չեն, որ վերջնական ցուցակներում իրենց անունները կլինեն: Իսկ ընտրությունից երկու օր առաջ իրենց անունները կրկին ընտրացուցակներում չհայտնաբերելու դեպքում ժամանակ էլ չեն ունենա իրավասու մարմիններին դիմելու եւ ընտրելու իրավունքը վերականգնելու:

Տեղական իշխանություններից հույսը կտրելով՝ հ/կ-ն դիմել է մի շարք միջազգային կառույցների: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը խոստացել է հանդիպել եւ հ/կ-ի նախագահի հետ խնդիրը քննարկել:

Խնդրի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը պարզաբանեց. «Անկախ նրանից, թե որեւէ տարածքում գրանցում ունեն, թե ոչ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ բնակվում են ՀՀ-ում, իրենց դիմումի համաձայն նրանց տրամադրվում է պայմանական գրանցում, որով կարող են մասնակցել ընտրություններին»: Ինչ վերաբերում է իրացման գոտու բնակիչների այն դժգոհությանը, որ իրենց նախկին բնակավայրի գրանցումից հանում են առանց որեւէ օրենքի հղում անելու, տիկին Զաքարյանը պատասխանեց. «Իրացման գոտու բնակիչներին բնակության վայրի հաշվառումից հանում են կառավարության անձնագրային համակարգի կանոնադրություն հաստատելու մասին որոշումով՝ սեփականատիրոջ դիմումի համաձայն»:

Մինչդեռ հ/կ-ի նախագահի խոսքերով, եթե Սահմանադրական դատարանը կառավարության՝ վտարումների վերաբերյալ որոշումը ճանաչել է հակասահմանադրական, ապա դրանից բխող ցանկացած որոշում նույնպես պետք է չեղյալ համարվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել