Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ի՞նչ տղամարդ եք»

Մայիս 09,2007 00:00

«Օրինաց երկրի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված է թիվ 11 ընտրատարածքում, որտեղ մրցակցում է իր նախկին կուսակցի՝ Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) եւ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ:

Հեղինե Բիշարյանը վկայեց, թե թիվ 11 ընտրատարածքում արվել են ճնշումների փորձեր. «3 օր առաջ Շենգավիթում հանդիպման ժամանակ որոշ թաղային հեղինակություններ փորձեցին խոչընդոտել մեզ: ՎԱԶ 2106 մակնիշի 12 ԼԼ 419 պետհամարանիշի մեքենայով ուղղակի քշում էին մարդկանց վրա եւ խանգարում հանդիպման ընթացքը: Իսկ Շենգավիթ համայնքի «Գեւորգ Չաուշ» համատիրության նախագահ Հասմիկ Ղազարյանը, որը միաժամանակ թիվ 11/04 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն է, բազմիցս սպառնացել է քաղաքացուհի Տիրուն Համբարձումյանին եւ անգամ վկաների ներկայությամբ հարվածել նրան: Բացի այդ, ընտրողների ահազանգերի համաձայն, նույն Հասմիկ Ղազարյանը առաջարկում է գումար՝ պայմանով, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող թեկնածու Գրիգորի Մարգարյանի օգտին նախապես քվեարկած քվեաթերթիկները կգցեն քվեատուփ՝ դուրս բերելով մաքուր քվեաթերթիկները: Նաեւ նույն համատիրության տարածքի շենքերի պատերից պատռում են ՕԵԿ-ի եւ իմ քարոզչական տպագիր նյութերը: Այս փաստերով թող իրավապահները զբաղվեն, իսկ հաթաթա տվող այդ չակերտավոր տղամարդկանց մի բան կասեմ՝ ամոթ է եւ դատապարտելի: Բա դուք ի՞նչ տղամարդ եք, եթե ճղճիմ մեթոդներ եք փորձում օգտագործել կին մրցակցի դեմ: Ի վերջո, հո աշխարհի վե՞րջը չի, չէ՞ որ պատասխան պիտի տաք»:

Այս ամենով հանդերձ՝ Հեղինե Բիշարյանը շատ բարձր է գնահատում մայիսի 12-ին իր եւ ՕԵԿ-ի հաղթելու հնարավորությունը. «ՕԵԿ-ն այսօր առավել քան մարտունակ է: Մարդիկ զայրացել են այն ամենի կապակցությամբ, ինչ արվում է մեր դեմ: Սա մեզ էլ ավելի է միավորել ու համախմբել, եւ մենք հաղթելու ենք: Ուզում եմ զգուշացնել, որ եթե եղան կեղծիքներ՝ դուրս ենք գալու պայքարի՝ հանուն օրենքի ու արդարության, հանուն արժանապատիվ կյանքի, հանուն ազատության եւ առաջընթացի: Եվ հասնելու ենք նրան, որ բոլոր կեղծարարները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել