«Լավ համամասնական ցուցակ կլիներ»,- տեսնելով երեկվա «կլոր սեղանին» մասնակցող ընդդիմադիր գործիչների ներկայացուցչական կազմը՝ ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Երեկ «Նոր ժամանակները» գործընկեր կուսակցություններին եւ իրավապաշտպաններին հրավիրել էր «կլոր սեղանի»՝ վերջին օրերին իրականացվող քաղաքական հետապնդումների թեման քննարկելու համար: Հիշեցնենք, որ այդ հետապնդումների թիրախ են դարձել ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը, նաեւ հրապարակախոս, «Ձոն Պազոլինիի» գրքի հեղինակ Արտյոմ Խաչատրյանը: Վերջիններիս բնակարաններում ԱԱԾ-ն մայիսի 5-ին խուզարկություններ էր իրականացրել՝ ՀՀ Քր. օր.-ի 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»: Այս մեղադրանքով կասկածյալի կարգավիճակով երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է Ալ. Արզումանյանը: Վ. Շիրխանյանը երեկ ԱԱԾ էր հրավիրվել հարցաքննության նպատակով: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ առայժմ ազատության մեջ է, թեեւ չի բացառում իր ձերբակալությունը եւս: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանին, ապա նա երեկ «կլոր սեղանի» քննարկման ժամանակ ասաց, որ բացի իր բնակարանի խուզարկությունից, ինքը նույն օրը նաեւ հարցաքննվել է ԱԱԾ-ում, իր ասելով՝ «ինչ-որ լվացքի գործով»: Քննարկմանը երեկ մասնակցում էին ՀԺԿ, ԱՄ, «Հայրենիք ու պատիվ», ԱԻՄ, ՀՀՇ, ՕԵԿ, ԱԺՄ եւ «Ժառանգություն» կուսակցությունների, նաեւ «Իմպիչմենտ» դաշինքի ու «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդները:
Քաղաքական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները համակարծիք էին՝ ընդդիմադիր գործիչների հետապնդումները կապված են ոչ այնքան ընտրությունների, որքան հետընտրական գործընթացների եւ ընդդիմության ու ժողովրդի հնարավոր համախմբման, բողոքի ալիք բարձրացնելու հետ: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ընդդիմադիրներին առաջադրված մեղադրանքները անհեթեթություն համարելուց եւ դա փաստարկելուց զատ՝ ասաց. «Այս ամենում կա մի փաստ, որը մեր դուրը հեչ չեկավ՝ անկախ ամեն ինչից: Պարոն Արզումանյանի տուն ներխուժել էին այն պահին, երբ տանը եղել էր նրա 10-ամյա որդին՝ միայնակ: ԱԱԾ աշխատակիցները խաբեությամբ ստիպել էին երեխային դուռը բացել, չնայած այն բանին, որ Ալ. Արզումանյանը խնդրել էր սպասել իր եւ կնոջ գալուն: ԱԱԾ աշխատակիցները չէին սպասել»: Այսօրինակ բիրտ մեթոդները Ա. Կարապետյանի գնահատմամբ, վախի մթնոլորտ սերմանելու ապարդյուն փորձեր են: Նա նաեւ արձանագրեց, որ «ՀՀ-ում, որպես կանոն, ընտրությունների ժամանակ ինչ-որ փողեր են հայտնվում, ինչ-որ մարդիկ են ձերբակալվում, եւ անպայմանորեն ասվում է՝ Արեւմուտքն ուզում է մեր երկրում գունավոր հեղափոխություն անել: Այսինքն՝ փողերը միշտ ռուսական ծագման են, իսկ գունավոր հեղափոխություն անողն Արեւմուտքն է: Անհեթեթ է»:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ նախ արձանագրեց. «Ցանկացած մարդ, ով մեղավոր է՝ պետք է դատվի: Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց նկատմամբ քրգործ հարուցվում է շատ լուրջ փաստարկների առկայության դեպքում, որովհետեւ հակառակ դեպքում դա չի հասկացվի: Որեւէ երկրի ԱԳ նախկին նախարարի դեմ քրգործի հարուցումը միջազգային սկանդալ է, ուստի՝ նրա դեմ քրգործ հարուցելու համար ծանրակշիռ փաստարկներ պետք է ունենալ: Ես այդ փաստարկներն այստեղ չեմ տեսնում»: Վ. Մանուկյանը փորձեց վերլուծել՝ ինչո՞ւ թիրախ դարձավ Ալ. Արզումանյանը. «Որովհետեւ իշխանություններն ասում են՝ եկեք խաղացեք մեր խաղը: Նրանք, ովքեր իրենց հետ խաղի մեջ են մտնում՝ նրանց նկատմամբ այսպիսի հետապնդումներ չեն իրականացվում: Ալիկն այդ խաղը չխաղաց, գնաց ուրիշ ճանապարհով: Դա իրենց համար վտանգավոր է»: ԱԺՄ նախագահի ասելով, ՀՀ-ում եւս մի 1937թ.-ից խուսափելու համար հասարակությունը չպետք է թույլ տա, որ իշխանություններն անեն իրենց ուզածը: Նա առաջարկեց ստեղծել հասարակական մարմին, որը կվերահսկի այսօրինակ գործընթացները:
«Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամ Կարապետ Ռուբինյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը «քաղաքական հետապնդում է» եւ կապված չէ ընտրությունների հետ. «Իմ խորին համոզմամբ, իրենք իրենց ներքին շուկան արդեն ավարտել են եւ ԱԺ-ում բաշխել են տեղերը: Իշխանությունների անհանգստությունը կապված է հետընտրական գործընթացների հետ»: Նա նաեւ ասաց, որ Ալ. Արզումանյանի ձերբակալությունը ԱԱԾ-ն հիմնավորել է հետեւյալ կերպ՝ «մենք կանչել ենք, դուք չեք ներկայացել, մեր առաջին հանդիպումից հետո կլոր սեղաններ եք անում». «Սա այն դեպքում, երբ որեւէ գրավոր ծանուցում չի եղել, իսկ կլոր սեղանը վաղուց էր նախատեսված»: Կ. Ռուբինյանն ասաց, որ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե ստեղծելու պահը հասունացել է. «Մենք արդեն ունենք քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումների ենթարկվողներ, ու արժե արագ նման մի մարմին ստեղծել»:
Քննարկման ժամանակ նաեւ առաջարկ եղավ՝ մայիսի 11-ին ընդդիմության համատեղ հանրահավաք կազմակերպել, բնականաբար, ոչ թե քարոզարշավ անելու, այլ այս դեպքերին արձագանքելու համար: Առաջարկի հեղինակի ասելով, դա միաժամանակ ինդիկատոր կլինի, թե ընդդիմությունը հետընտրական պրոցեսներ սկսելու համար որքան ռեսուրս ունի: Առաջարկի մասին քննարկման մասնակիցները խոստացան մտածել: Թերեւս այսօր ընդդիմությունը հանդես կգա քաղաքական հետապնդումները դատապարտող հայտարարությամբ: