Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆ ԱՆՁՆԱՏՈՒՐ ԵՂԱՎ ԳԱՎԱԹԱԿՐԻՆ

Մայիս 08,2007 00:00

\"\"Մայիսի 4-6-ը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող ու աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջեւ արագ շախմատի մրցամարտն ավարտվեց հայ գրոսմայստերի փայլուն հաղթանակով:

Արոնյանի այս հաջողությունը պատմական է մի քանի առումներով: Նախ, Կրամնիկը աշխարհի թագակիր լինելով դասական շախմատում՝ անցած տարի բուլղարացի Վեսելին Տոպալովից չեմպիոնի կոչումը խլելու համար հարկադրված եղավ իր առավելությունը հաստատել հենց արագ շախմատի կանոններով: Երկրորդ, ռուսաստանցին, որպես կանոն, արագ շախմատում հավասարը չի ունենում աշխարհի հզորագույն գրոսմայստերների մասնակցությամբ անցկացվող միջազգային ամենաբարձրակարգ մրցաշարերում, որի համար նրան այստեղ էլ կարելի է աշխարհի չեմպիոն համարել:

Մեկնարկային պարտիայում պարտվելուց հետո Հայաստանի լավագույն մարզիկը նույն օրը վերականգնեց հավասարակշռությունը: Այնուհետեւ, հաջորդ օրը, Լեւոնը երկու հիասքանչ հաղթանակ տարավ՝ Կրամնիկին գցելով ծայրաստիճան ծանր կացության մեջ: Ամբողջ մրցամարտը գոնե տանուլ չտալու համար Կրամնիկից պահանջվում էր եզրափակիչ երկու պարտիաներում, ինչ գնով էլ լինի, երկու միավոր վաստակել: Սակայն Արոնյանը, հանդես գալով մեծ վերելքով, անասելի ծանր պայքարում ահեղ մրցակցին զրկեց հաղթանակի բոլոր հույսերից ու եւս երկու ոչ-ոքի անելով՝ վերջնական համոզիչ հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

Մրցամարտն անչափ մեծ հետաքրքրություն էր առաջացրել ոչ միայն հայաստանցի մարզասերների շրջանում: Դահլիճում շախմատասերներն զբաղեցնում էին նաեւ աստիճանները, բազմամարդ էին նաեւ ճեմասրահները, որտեղ տեղադրված մոնիտորներն ակնթարթորեն «արձանագրում» էին կատարված բոլոր քայլերը: Իսկ մամուլի կենտրոնում տեղեկացրին, որ «Online» ռեժիմով պայքարին հետեւում ու իրենց հիացմունքն են արտահայտում այնպիսի հանրահայտ շախմատիստներ, ինչպիսին է Ամերիկայի չեմպիոն Գաաթա Կամսկին:

Շախմատի պատմության մեջ այս մրցամարտի ունեցած նշանակության մասին մենք չէ, որ պիտի ասենք: Ճանաչված մասնագետների գնահատմամբ՝ ստեղծագործական առումով այն զգալիորեն հարստացրեց շախմատի թե թեորիան եւ թե պրակտիկան: Բայց, կարծում ենք, «Առավոտի» ընթերցողներին ավելի հետաքրքիր կլինի իմանալ, թե պարտիաների ավարտից հետո հրավիրված բրիֆինգներում իրենց խաղն ինչպես էին գնահատում իրենք՝ գլխավոր գործող անձինք, եւ, որպես մրցակիցների, ինչպես են գնահատում միմյանց:

Վլադիմիր Կրամնիկ. «Դժվար է ասել, թե աշխարհի թագի իմ պաշտպանության ժամանակ ով կլինի իմ մրցակիցը: Ինձ համար միեւնույն է, թե ում հետ կխաղամ: Ցանկացած դեպքում մրցակիցս ուժեղ շախմատիստ է լինելու: Եվ դա է կարեւորը: Ես չեմ բացառում, որ հավակնորդների ցուցակում լինի նաեւ Լեւոնի անունը»:

«Իմ մարզական կարիերայում չեմ հիշում, որ երեք անընդմեջ պարտություն կրած լինեմ (այս խոսքերը Կրամնիկն ասաց մայիսի 5-ին Արոնյանից կրած երկու պարտություններից հետո: Նա տանուլ էր տվել նաեւ նախորդ օրվա երկրորդ պարտիայում): Երրորդ պարտիայի սկզբում առանձնակի առավելություն չունեի: Բայց մի պահ կոպիտ սխալ թույլ տվեցի, որից հետո իրադրությունը փրկել այլեւս անհնար էր: Չորրորդում ուզում էի ետ բերել կորսվածը, դրա համար էլ ռիսկային տարբերակ ընտրեցի: Սակայն երեք-չորս քայլից հետո պարզ դարձավ, որ պարտիան տանուլ եմ տվել: Այդ ժամանակ սկսեցի խաղալ արդեն հանդիսականի համար: Այսօր ուղեղս չէր աշխատում: Եթե հինգ պարտիա խաղայինք, Արոնյանը բոլորում էլ կհաղթեր»:

«Թեեւ ես էլ իմ շանսերն ունեի, Լեւոնն արժանի հաղթանակ տարավ, որովհետեւ վճռորոշ պահերին ավելի թարմ ու ճշգրիտ էր, քան ես: Արոնյանն, անկասկած, աշխարհում արագ շախմատի ուժեղագույն վարպետներից է: Գիտակցում էի, որ որքան ժամանակը պակասեր, այնքան վատ էր լինելու ինձ համար: Ինձ թվում է՝ մրցամարտն անչափ հետաքրքիր ստացվեց: Ես չեմ հիշում այսքան լարված ու հետաքրքիր պարտիաներ, որոնց ելքը խելահեղ պայքարում վճռվում է վերջին վայրկյաններին: Ես հասկանում էի, որ Լեւոնը խաղալու է հարազատ տանիքի տակ, որ մրցախաղին ներկայացել է հավաքներից: Ինչ վերաբերում է ինձ, իմ լավագույն կողմերը ցուցադրել չկարողացա: Դրանում դեր խաղաց Լեկոյի հետ օրերս անցկացրած մրցամարտից հոգնածությունս: Հիմա պետք է հանգստանամ: Հետո կնախապատրաստվեմ Դորտմունդի գերմրցաշարին, այնուհետեւ՝ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Բայց նաեւ դեմ չէի լինի Արոնյանի հետ ռեւանշ մրցամարտ անցկացնել»:

Լեւոն Արոնյան. «Ինձ համար ինչ-որ առումով Վլադիմիր Կրամնիկին հաղթելը նվաճում է: Վլադիմիրի խաղն ինձ միշտ էլ դուր է եկել: Նա շախմատի մեծ վարպետ է: Ճիշտ է, Կրամնիկն էլ ունենում է վերելքի ու անկումների պահեր, բայց երբ նա մարզավիճակի գագաթնակետին է, գրեթե անպարտելի է: Այս առումով ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել իմ հայրենակիցներին: Ինչ վերաբերում է այս մրցամարտից հետո հավակնորդների մրցաշարում նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ իմ մրցամարտին, ասեմ, որ նրա տարիքում բարձրակարգ գրոսմայստերներն աճում են շատ արագ: Կրամնիկի հետ մրցամարտն ինձ համար եւ լավ նախավարժանք էր, եւ մրցափորձի կուտակման հարուստ պաշար: Չգիտեմ, թե Կարլսենին որքանով կարող եմ զարմացնել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ նա ինձ հաստատ չի զարմացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել