Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազանքների այգու երգը»

Մայիս 08,2007 00:00

\"\"Տարիներ առաջ՝ 1973-ին, Խորհրդային Հայաստանի՝ հանրապետական թերթերից մեկը նույնանուն վերնագրով հոդվածում Երեւանի Զեյթուն թաղամասի Գոգոլի փողոցի 5-րդ շենքի բակի մասին գրել է:

«Անհրապույր էր շենքի բակը: Իսկ ինչո՞ւ այն չզարդարել ծառ ու ծաղկով, թփերով: Եվ բակի փոքրիկ բնակիչները փոսեր էին փորում, ծառ տնկում: Բայց ծառերը չէին կանաչում, կարճ ժամանակում չորանում էին. անհող ու քարքարոտ էր բակը… Եվ փոքրիկները ելքը գտան: Նրանք առաջինը դիմեցին հորեղբայր Հարությունին: «Կօգնենք, անպայման կօգնենք»,- ասել էր հորեղբայր Հարությունը: Օգնության ձեռք մեկնեցին նաեւ մյուս մեծահասակները՝ Կարապետ Վիրաբյանը, Արտյուշա Հայրապետյանը, Ռոբերտ Տոնոյանը: Ապագա այգու հիմնադրումն սկսվեց միացյալ ուժերով: Հողակտորը մաքրում էին քարերից, սեւահող բերում եւ հարթեցնում, ցանկապատում… Մեծերի կողքին էին բակի փոքրիկ բնակիչները՝ Աշոտը, Հովհաննեսը, Արաքսյան, Կարինեն, Կամոն: Հանդիսավոր բացումը այսօր է՝ մայիսի մեկին: Այգու տաղավարում հանդես է, երգեր են հնչում, գովքն են անում արդար աշխատանքի, բնության ու գարնան զարթոնքի»:

Այդ օրվանից անցել է 34 տարի: Բակի երեխաները դարձել են հասուն մարդիկ: Իսկ բարեկարգման նախաձեռնողներից մեկը՝ փոքրիկ Աշոտը՝ Ռոբերտ Տոնոյանի որդին, դարձել է անկախ Հայաստանի Հանրապետության առաջատար շինարարական կազմակերպություններից մեկի՝ «Տոնուսի» ստեղծողն ու նախագահը եւ կյանքի է կոչում շինարարական մեծ կառույցներ: Բայց նրա մեջ դեռեւս պահպանվում է մանկության երազանքների իրականացման ձգտումը… եւ 34 տարի անց, մայիսի 6-ին նրա նախաձեռնությամբ մեծ տոնակատարություն է Զեյթունի երբեմնի Դավիթ Անհաղթի անվան, այսօր՝ անվանափոխված «Մեծ շատրվաններ» այգում: Հայաստանի անկախացումից հետո այն ավերվել ու քանդվել էր՝ բնակիչներին զրկելով հանգստի ու հաճելի ժամանցի վայր ունենալու հնարավորությունից: Երկար տարիներ թաղամասի բնակիչները միջոցներ էին փնտրում՝ այն վերանորոգելու համար, բայց՝ ապարդյուն: Եվ Աշոտ Տոնոյանը իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը. համայնքի մարզադպրոցը նորոգելուց հետո, 1,5 մլն դոլարի ներդրում կատարելով, ճարտարապետական նոր ոճով ու մոտեցումներով նա վերանորոգեց ու բարեկարգեց քանդված այգին: Մայիսի 6-ը իսկական տոն էր թաղամասի բնակիչների համար: Այգու հանդիսավոր բացումը սկսվեց Հայրենական մեծ եւ արցախյան պատերազմների ժամանակ համայնքի՝ անհայտ կորած զինվորների հիշատակին նվիրված հուշաքարի բացմամբ: Այնուհետեւ ելույթ ունեցան ու զեյթունցիներին շնորհավորեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ կուսակցության այլ անդամներ, ովքեր իրենց վստահությունը հայտնեցին թիվ 3 ընտրատարածքում իրենց կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու եւ այդ գեղեցիկ նախաձեռնության հեղինակ Աշոտ Տոնոյանի նկատմամբ, համոզմունք հայտնելով, որ նա, լինելով կառուցող եւ ստեղծող մարդ, կարող է լինել բարգավաճ երկիր կառուցողներից մեկը:

Այնուհետեւ սկսվեց միջոցառման համերգային մասը. ելույթ ունեցան հայկական էստրադայի եւ ժողովրդական երգարվեստի սիրված երգիչ-երգչուհիներ, «Տոնուս» համույթը: Միջոցառման մասնակիցների համար առաջին անգամ գործարկվեցին գունեղ շատրվանները: Իսկ ամենահետաքրքիր անակնկալը շքեղ հրավառությունն էր, ինչը տոնակատարությունը դարձրեց անբողջական:

Այսպիսով, Զեյթուն համայնքի հազարավոր բնակիչների համար իրականություն դարձավ իրենց մանկության երազանքների այգին: Իրականություն դարձավ նաեւ մանկության տարիներին իրենց բակի այգին բարեկարգող Աշոտ Տոնոյանի մանկության երազանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել