Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊՐԵՆՔ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՉԱՄԱՉԵՆՔ ՄԵՐ ԱՐԱԾԻ ՈՒ ՉԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ»

Մայիս 08,2007 00:00

Այս է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վերսանդ Հակոբյանի նախընտրական կարգախոսը:

Թեեւ նրան ճանաչող մարդիկ կհավաստեն, որ սա միայն նախընտրական խոսք չէ, իր ապրած տարիների ընթացքում Վերսանդ Հակոբյանը առաջնորդվել է հենց այդ կարգախոսով՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ իր շրջապատի հետ ունեցած մարդկային հարաբերություններին: Եվ սա բարձր է գնահատվում իրեն ճանաչողների կողմից: Ասվածի վառ ապացույցն է, որ այսօր Վերսանդ Հակոբյանին իր առաջադրված ընտրատարածքում վստահում եւ հավատում է ընտրողների մի ստվար զանգված: Դա նկատելի է նրա՝ ընտրողների հետ ունեցած հանդիպումների ժամանակ: Հանդիպումներ, որոնք անցնում են լեփ- լեցուն դահլիճներում եւ հրապարակներում, զուգորդվում երկարատեւ ծափերով ու ողջույններով:

Քաղավիացիայի եւ օդային տրանսպորտի գծով բարձրագույն կրթություն ստանալով նախկին ԽՍՀՄ-ի առաջատար բուհերում, Վերսանդ Հակոբյանը իր աշխատանքային գործունեությունն սկսել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում եւ այսօր էլ շարունակում է իր աշխատանքը օդային տրանսպորտի ոլորտում՝ 2002-ից մինչ օրս «Հայկական միջազգային ավիաուղիներ» ՓԲԸ տնօրենն է: Դրան զուգահեռ՝ նա կայացած գործարար է եւ ստեղծել է շուրջ 2500 աշխատատեղ, իրականացրել մի շարք բարեգործական ծրագրեր: Սակայն այսօր երկրի տնտեսական ոլորտում տեսնելով բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են օրենսդրական հրատապ լուծումներ, անհրաժեշտ է համարում մասնակից լինել դրանց բարեփոխմանն ու կատարելագործմանը՝ հնարավորություն ստանալով նպաստել շուկայական հարաբերությունների զարգացմանը, ազատականացմանը եւ, ամենակարեւորը՝ երկրի բարգավաճմանը: Հարցին, թե որոնք են երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ խնդիրները, պարոն Հակոբյանը պատասխանում է. «Ֆինանսավարկային քաղաքականությունը պետք է այնպես վարել, որ հասարակության լայն մասսաների համար հասանելի լինեն ցածր տոկոսադրույքով վարկային ծրագրերը: Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ: Ազատ եւ հավասար գործարար պայմանների ստեղծումը միայն կարող է նպաստել միջին խավի զարգացմանը: Այս ամենի արդյունքում կբարելավվի երկրի տնտեսությունը եւ բնակչության սոցիալական իրավիճակը»:

Լինելով գործարար, նա հիմնականում առնչվել է տնտեսական ոլորտի հետ ու այսօր բավականին լավ է պատկերացնում հարկային, մաքսային օրենսդրությունը, նաեւ շատ խնդիրներ՝ կապված տնտեսության տարբեր ճյուղերի կառավարման հետ: Անմիջական եւ պարբերաբար շփվելով այդ խնդիրներին՝ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ներդնել դրանց կատարելագործման ու զարգացման համար: Ցանկությունը մեկն է՝ օգտակար լինել մարդկանց: Նպաստել իրավական եւ ժողովրդավարական պետության կայացմանը, շուկայական հարաբերությունների զարգացմանը, ազատ գործարար միջավայրի, տնտեսական մրցակցության ապահովմանը: Իսկ պատգամավոր դառնալը, առաջին հերթին, համարում է պարտավորություն ժողովրդի առջեւ: Իսկ երկրի բարգավաճման հարցում առաջնահերթը համարում է խոսքից գործին անցնելը: Ըստ Վերսանդ Հակոբյանի, Հայաստանում աշխատանքներ դեռ շատ կան՝ դատաիրավական եւ մարդու իրավունքների ապահովման ոլորտներում: «Այսօր մեր երկիրը շատ անելիքներ ունի իրավական եւ ժողովրդավարական պետություն դառնալու համար, Հայաստանի քաղաքացին իր հայրենիքում պետք է իրեն պաշտպանված ու ապահով զգա: Դրանց հասնելու համար պետք է բացառվեն պետական ծառայողների կամայականությունները, դատական համակարգը պետք է դառնա անաչառ, անկախ ու թափանցիկ».- ասում է Վերսանդ Հակոբյանը: Թեկնածուն զգալի անելիքներ է տեսնում նաեւ կոնկրետ թիվ 12 ընտրատարածքում, որոնք իրականացնելու է գրասենյակի միջոցով: Այն միջնորդ կհանդիսանա ընտրողների եւ պատգամավորի միջեւ, որտեղ կաշխատեն փաստաբաններ, տնտեսագետներ եւ սոցիալական ոլորտի մասնագետներ: Բնակչության դիմումները եւ առաջարկները լուծում կստանան կամ անձնական կապերի ու հնարավորությունների միջոցով, կամ՝ անհրաժեշտության դեպքում, կբարձրացվեն խորհրդարանում: Նա վստահ է, որ «Բարգավաճ Հայաստան» հզոր կուսակցության հետ, որին անդամագրված է ինքը, վստահաբար լուծելու են երկրի առջեւ ծառացած շատ խնդիրներ: Թեկնածուն քաղաքական բոլոր լուծումների առանցքում տեսնում է հավատի ու բարոյականության առկայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել