Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսուցանվի «գովազդ» մասնագիտություն

Մայիս 08,2007 00:00

Ռուս-հայկական համալսարանի սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետում շուտով կգործի գովազդի բաժին:

«Ցանկացած գործ գիտական հիմքեր պիտի ունենա: Գովազդն էլ է գիտություն, այն էլ լուրջ գիտություն»,- կարծում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետի դեկան, Տուրիզմի միջազգային ակադեմիայի իսկական անդամ Նինա Կեւորկովան: Նրա նախաձեռնությամբ 2007-2008 ուսումնական տարվանից սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետում կբացվի նոր բաժին՝ «գովազդ» անվանմամբ: Այստեղ դասավանդվելիք մասնագիտական առարկաների ծրագրերը, կադրային պոտենցիալը նախապես ուղարկվել է ՌԴ Առեւտրատնտեսագիտական պետական համալսարանին կից ուսումնամեթոդական միավորում, որտեղից ստացվել է դրական եզրակացություն, եւ ՌԴ դաշնությունը համալսարանին հատկացրել է 10 պետպատվերով տեղ:

«Մեր ֆակուլտետում նախկինում էլ ուսումնասիրում էինք մեր երկրի գովազդային դաշտը, բայց միայն սպասարկման եւ տուրիզմի ասպեկտով: Իսկ երբ Հայաստանը որոշեց լրջորեն զբաղվել երկրի գովազդով, սկսեցինք հետազոտել, թե ինչպես է դա արվում, քանի որ տուրիզմի զարգացման համար կարեւոր է ստեղծել երկրի ճիշտ կերպար, լոգո, այն ներկայացնելու ճիշտ գույներ: Երբեմն թվում է՝ մեզ բոլորը գիտեն, սակայն արտերկրում շատերը չեն էլ տարբերում Վրաստանը Հայաստանից, նույնիսկ չգիտեն՝ քրիստոնյա՞ ենք, թե՞ ոչ»,- նկատեց Ն. Կեւորկովան:

Նա տեղեկացրեց, որ իրենց բուհի գովազդի բաժին ընդունվելու համար դիմորդները պիտի հանձնեն թելադրություն՝ ռուսաց լեզվից, թեստ՝ օտար լեզվից, ընտրողաբար՝ մաթեմատիկա, հայոց պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից որեւէ մեկը: Քանի որ Սլավոնական համալսարանն աշխատում է Ռուսաստանի պետական ստանդարտներով, «Առավոտին» հետաքրքրեց, արդյո՞ք «գովազդ» մասնագիտության գծով ծրագրեր կազմելիս մասնագետները հաշվի են առել նաեւ մեր երկրի գովազդային շուկայի յուրահատկությունները: «Անշուշտ, քանի որ գովազդը լայն հասկացություն է. այն ե՛ւ հաղորդակցութան միջոց է, ե՛ւ լուրջ դաստիարակչական ազդեցություն ունի հատկապես երիտասարդների վրա»,- պատասխանեց Ն. Կեւորկովան: «Գովազդ» մասնագիտությունն ունի 24 մասնագիտացում՝ գովազդային մարքեթինգ, ռեժիսուրա, դիզայն, հաճախորդների հետ աշխատանք, շոու-բիզնեսի գովազդ եւ այլն: «Հետաքրքիր է հատկապես «արտ-տնօրենի» մասնագիտացումը: Մենք ունենք բարձրարժեք արվեստ, որը պետք է գրագետ մատուցել աշխարհին: Իսկ դրա համար այսպիսի մասնագետներ են անհրաժեշտ»,- նշեց Ն. Կեւորկովան:

Դասավանդվող առարկաների շարքում է նաեւ շատերին ոչ հայտնի «մերչենդայզինգ» (թարգմանաբար՝ առեւտուր, վաճառականություն) առարկան: «Խանութում ապրանքների դասավորությունը, գունավորումը, սրահի լուսավորությունը մեծ նշանակություն կարող է ունենալ։ Հենց այսպիսի հարցեր էլ ուսումնասիրում է այս գիտությունը, որը զարգացած է արեւմտյան եւ ռուսական գովազդային դաշտում»,- ասաց դեկանը:

Սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետի դեկան Նինա Կեւորկովային խնդրեցինք նաեւ ամփոփել Հայաստանի գովազդային դաշտում կատարած իրենց հետազոտությունների արդյունքները. «Ցավոք, Հայաստանում գովազդով հիմնականում պատահական մարդիկ են զբաղվում՝ ոչ մասնագետներ… Այսօր, չգիտես ինչու, տեղական գովազդներում հայ կինը միշտ անզուսպ եւ պահանջկոտ էակ է ներկայացվում, իսկ ամուսինը՝ ընկճվածի ու տհասի մեկը: Դա, կարծում եմ, հարիր չէ մեր ազգին եւ ունի բացասական դաստիարակչական ազդեցություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Օքսանա Թովմասյան says:

    Բարև ձեզ կներեք մի հարց տամ։ Ինչ առարկաներ են պետք; որ ընդունվենք «գովազդ» բաժնում

Պատասխանել