Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ծրագրի

Մայիս 08,2007 00:00

Այդպես է մասնակցում ՄԱԿ-ն այս ընտրություններին

Միավորված աշխատանքային կուսակցությունը խիստ սակավ քարոզչական նյութեր ունի: Դրանցից է բուկլետը, որում մի քանի մեջբերումներ են ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի ելույթներից: Ասենք, նշված է, որ Հայաստանն այսօր «կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդիրների առջեւ: Մեզ համար որպես առաջնային եւ թիվ 1 խնդիր է համարվում հասնել նրան, որ ՀՀ-ում երեխա ունենալը դառնա ձեռնտու»: Կամ՝ մեջբերված է 2006-ի սեպտեմբերին Կապանում նրա ունեցած ելույթից. «Մեր կուսակցության դիրքորոշումը համընկնում է խրամատների այն տեղակայմանը, որն ունենք այսօր»: Խոսքը թերեւս ԼՂ խնդրի մասին է:

Սակայն երբ փորձեցինք ավելի մանրամասն ծանոթանալ ՄԱԿ-ի ծրագրային հիմնադրույթներին, պարզեցինք, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններին ՄԱԿ-ը մասնակցում է առանց նախընտրական ծրագրի: Եվ հետագայում եւս ԱԺ-ում խմբակցություն ունենալու դեպքում մտադիր են առաջնորդվել միայն կուսակցության ծրագրով:

ՄԱԿ-ը նախընտրական խոստումներ չի տվել ոչ միայն գրավոր, այլ նաեւ հանդիպումների ընթացքում էլ կուսակցության գործիչները չեն տալիս նման խոստումներ: Անցած շաբաթ Վարդենիսում հանդիպման ժամանակ այս հանգամանքը նկատեց ներկաներից մեկը: «Մենք խոստումներ չենք տալիս, ինչ-որ կարող ենք՝ անում ենք,- պատասխանեց Գուրգեն Արսենյանը:- Խոստում տալիս են օտարին: Դուք օտար չեք, որ մենք ձեզ խոստում տանք, քանի որ այն, ինչ անում ենք՝ անում ենք ձեր եւ մեր համար»:

Այնուամենայնիվ, 2003-ին մասնակցելով ընտրություններին՝ ՄԱԿ-ը տվել էր խոստումներ: Եվ ինչպես մայիսի 5-ին Վանաձորում հանդիպման ժամանակ նշել է Գուրգեն Արսենյանը՝ անցած ընտրություններից առաջ իրենց տված խոստումները կատարել են 80-85 տոկոսով: Հիշեցնենք այն ծրագրային դրույթները, որոնցով ՄԱԿ-ը մասնակցում էր 2003-ի ընտրություններին:

Արտաքին քաղաքականության ոլորտում Միավորված աշխատանքային կուսակցությունը խոստանում էր «Հստակեցնել եւ հաստատել Հայաստանի տեղն ու դերը քաղաքակիրթ երկրների ընտանիքում»: Բավական վիճելի հարց է, թե արդյոք այժմ լուծվե՞լ է այս խնդիրը:

Ծրագրում նշված էր. «Անհրաժեշտ է մշակել գիտության զարգացման հեռանկարային ծրագիր, այդ թվում՝ մասնագետների վերապատրաստում արտասահմանյան ժամանակակից կենտրոններում»: Որքան մեզ է հայտնի՝ նման ծրագիր գոյություն չունի մինչ այսօր:

2003-ին ՄԱԿ-ը խոստանում էր տնտեսական քաղաքականության ոլորտում իրականացնել հետեւյալ փոփոխությունները. «Երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ձեւավորել բարենպաստ հարկային եւ մաքսային քաղաքականություն՝ մրցունակ հայկական արտադրանքը միջազգային շուկա արտահանողների համար: Ստեղծել ազատ շուկայական հարաբերություններին հարիր ֆինանսավարկային համակարգ, առաջնային համարել արդյունաբերության այն ճյուղերը, որոնց զարգացումն ինքնին կնպաստի մյուս ճյուղերի եւ տնտեսական ենթակառույցների զարգացմանը: Աջակցել շուկայական տնտեսությանը ճկունություն եւ դինամիզմ հաղորդող փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, խրախուսել այդ ոլորտում ֆինանսական ներդրումներ կատարող եւ վարկեր տրամադրող կառույցների գործունեությունը»: Եվ դարձյալ խիստ վիճելի եւ գնահատման հարց է, թե ՄԱԿ-ին որքանո՞վ է հաջողվել խոցել այս թիրախները:

Գուրգեն Արսենյանը դարձյալ Վանաձորում իր ունեցած ելույթում հիշեցրել էր, թե իրենք, այնուամենայնիվ, մեծամասնություն չէին կազմել խորհրդարանում, ուստի չէին կարող կատարել իրենց բոլոր խոստումները:

Հ. Գ. Մի խոստում ՄԱԿ-ի ղեկավարն այժմ, այնուամենայնիվ, տալիս է, թե 2007-ի ընտրություններից հետո՝ աշնանը, իրենց կուսակցության քաղխորհրդի անդամներն այցելելու են այն համայնքները, ուր չեն գնացել քարոզարշավի փուլում, «որ չմտածեն, թե գնում ենք միայն իրենց ձայների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել