Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳՈՂԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԴՆԵՆՔ»

Մայիս 08,2007 00:00

\"\"Դավիթաշենում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը

ՀԺԿ-ն կիրակի օրը հանդիպեց Երեւանի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ: Հանդիպման եկածները բավականին երկար հերթ էի կանգնել՝ ՀԺԿ նախագահի ստորագրությունը ստանալու համար: ՀԺԿ նախընտրական բուկլետների վրա ստորագրելուց բացի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նաեւ երկար եւ հանգամանալից ելույթ ունեցավ. «Ինձ ամեն տեղ նույն բանն են ասում՝ էլի քեզ ենք ընտրելու եւ էլի մեր քվեները գողանալու են, ո՞նց կլինի: Ես էլ պատասխանում եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել՝ ճիշտ է, գողացել են, բայց մենք այնքան պետք է պայքարենք, որ էս գողերին մեր երկրից մաքրենք»: «Այո՜»,- արձագանքեցին հրապարակում հավաքվածները: Որպես «մաքրելու» առաջին քայլ՝ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ պետք է մասնակցել ընտրություններին, քվեարկել, եւ եթե ընտրությունների արդյունքները նենգափոխվեն՝ «Դուրս ենք գալու պայքարի»:

Որպես այս ընտրությունների առանձնահատկություն, Ստեփան Դեմիրճյանը նշեց իշխանական որոշ ուժերի կողմից բաժանվող ընտրակաշառքները, երեսպաշտությունն ու ցինիզմը եւ հորդորեց ընտրողներին՝ մերժել «այս կլանային համակարգը, մերժել սուտը եւ կեղծիքը, մերժել ընտրակաշառքը, ձեր ձայնը գնելով՝ գնում են ձեր արժանապատվությունը»: Նկատեց, որ այս իշխանությունները ինչքան խոսում են կոռուպցիայից, այնքան կոռուպցիան մեծանում է. «Ո՞նց կարող է մի իշխանություն պայքարել կոռուպցիայի դեմ, երբ ինքը պարտական է քրեական տարրերին, կեղծարարներին: Մենք դա կարող ենք անել, որովհետեւ ոչ մեկին պարտական չենք, մենք կաշկանդված չենք, մենք պարտական ենք միայն ձեզ՝ ժողովրդին, ձեր վստահությանը»: Հավաքվածները հավանություն տալով՝ ծափահարում էին: ՀԺԿ անդամ Ռուզաննա Խաչատրյանը հայտարարեց. «13 թիվը բոլորիս համար լինելու է երջանիկ թիվ, իսկ այս իշխանությունների համար՝ իսկապես լինելու է սեւ թիվ: Քվեարկելու ենք 13-ի համար (ՀԺԿ-ն կուսակցությունների ցուցակում 13-րդն է- Մ. Ե.) եւ նոր Հայաստան ենք կառուցելու բոլորս միասին»: «Ապրես, ապրես»,- արձագանքեցին դավիթաշենցիք: ՀԺԿ-ընտրողներ հանդիպման ժամանակ թույլ տվեցին ընտրողներին մոտենալ բարձրախոսին եւ ելույթ ունենալ, ինչը ոչ բոլոր կուսակցություններն են թույլ տալիս իրենց հանդիպումների ժամանակ: Ի դեպ, ՀԺԿ-ի հետ հանդիպման ընթացքում չկային նախօրոք պատրաստված ելույթներ՝ «մեծարգո», «հարգարժան» կամ այս կարգի այլ շողոքորթ բառերով սկսվող: Փոխարենը կար քննադատություն՝ այդ «մեծարգոների» հասցեին. «Գալիս են էստեղ կանգնում եւ գոռում են՝ «Քեզ համար, Դավիթաշեն», որ գոռացին՝ ի՞նչ, մեր վիճակը դրանից փոխվե՞ց, տո լավ էլ կվերցնենք դրանց տված 1000, 5000 կամ 6 հազար դրամը, կվերցնենք եւ կընտրենք ՀԺԿ-ին, էս մարդուն»: Հասկանալի է, որ մատնացույց արեց Ստեփան Դեմիրճյանին:

Թիվ 5 ընտրատարածքում ՀԺԿ-ն սատարում է մեծամասնականով առաջադրված ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին, ով իր հերթին հայտարարեց. «Իշխանությունների կողմից վարած քաղաքականությունը մեր երկիրը հասցրել է կործանման, մենք արտաքին քաղաքականության մեջ տանուլ ենք տվել ամենակարեւոր հարցը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Երկրում 2-3 անգամ ծնելիությունը նորմայից ցածր է, մենք ետընթաց ենք ապրում, ազգը կործանվում է: Կարող եք շաբաթներով քայլել փողոցներում եւ հղի կին չտեսնել, երիտասարդները չեն ամուսնանում, երեխա չեն ունենում, ծերունիները չեն կարողանում ապրել: Իսկ ո՞վ է ասել, որ էս երկրի համար 30-40 տարի աշխատած մարդը պետք է ընդամենը 7 կամ 10 հազար դրամ թոշակ ստանա»: Եզրակացությունը մեկն էր՝ չկա հավատ վաղվա օրվա հանդեպ, եւ որպեսզի այս ամենը փոխվի եւ ազգը նորմալ կյանքով ապրի, հարկավոր է, որ այս իշխանությունները գնան: Պատգամավորության թեկնածուն դավիթաշենցիներին ասաց նաեւ. «Ակնկալում եմ ձեր ձայները եւ ակնկալում եմ, որ ձեզ հետ միասին կկառուցենք նոր Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել