Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշումներ ՕԵԿ-ի հանդեպ

Մայիս 08,2007 00:00

Դրանց մասին վկայում է «Օրինաց երկրի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանը

Հեղինե Բիշարյանն ասաց, թե նախընտրական քարոզարշավն անցնում է «ընդհանուր առմամբ՝ նորմալ, եթե հաշվի չառնենք այն խոչընդոտները եւ դժվարությունները, որոնք հարուցվում են «Օրինաց երկրի» առջեւ, եւ այն եթերային անհավասարությունը, որ կա այսօր: Մեր հանդիպումները գրեթե չեն լուսաբանում «Հ2», «Կենտրոն», «Շանթ», «ԱԼՄ» հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը, այն դեպքում, երբ նրանց եթերը հեղեղված է ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի, իշխանական կուսակցությունների հանդիպումների քարոզչությամբ: Սա «Ընտրական օրենսգրքի» կանոնների կոպիտ խախտում է, եւ մենք բողոքով դիմել ենք ԿԸՀ»: Մայիսի 6-ին ՕԵԿ-ը հանրահավաք անցկացրեց Մատենադարանի մոտ: Եվ չնայած այն չէր ուղեկցվում համերգով՝ hավաքվել էին, ՕԵԿ գնահատականով՝ շուրջ 20 հազար հոգի: ՕԵԿ փոխնախագահը տարօրինակ գնահատեց այն, որ հանրահավաքին ներկա չէր Հ1-ի թղթակիցը. «Ի դեպ, «Հայլուրն» արդեն 4-րդ օրն է, ինչ չի լուսաբանում մեր միջոցառումները: Ներկա չէր նաեւ որեւէ այլ էլեկտրոնային ԶԼՄ: Փոխարենը ներկա էին «Ֆրանսպրեսի», «Ինտերֆաքսի», գերմանական եւ ավստրիական լրատվամիջոցների թղթակիցներ եւ ԵԱՀԿ դիտորդներ»:
Հեղինե Բիշարյանը շարունակեց փաստերի թվարկումը. «Ընտրություններից հաշված օրեր առաջ կառավարությունը մեզնից պահանջել է ազատել «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի խմբագրության տարածքը, այն դեպքում, երբ մենք այն զբաղեցնում ենք ավելի քան 10 տարի: Սա ուղղակի հերթական ճնշումն է, որը դատապարտում ենք: Հատուկ ծառայություններն այս օրերին ամենուր կրնկակոխ հետեւում եւ ձայնագրում են մեր բոլոր ելույթները, փոխանակ պատասխանատվության կանչեն «Ընտրական օրենսգրքով» եւ «Քրեական օրենսգրքով» արգելված՝ պարարտանյութերի եւ ալյուրի բաժանման համար՝ Գավառում, Մարտունիում եւ Վայոց Ձորում: Արդեն ցուցակներ են կազմում ու փողեր խոստանում Ապարանում, Աշտարակում եւ Վանաձորում: Մարդիկ հանդիպումների ժամանակ մեզ հստակ ասում են, որ մայիսի 10-11-ին ընտրակաշառքներ են բաժանելու ՀՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԲՀԿ-ն, քանի որ ոմանց արդեն ցուցակագրել են: Քանի որ այս երկրում լսում ու ձայնագրում են բոլորին՝ ինձ թվում է, որ ամենափոքրիկ ցանկության դեպքում անգամ հնարավոր կլիներ ոչ միայն կանխարգելել, այլ նաեւ պատժել 3-5 տարի ազատազրկում նախատեսող այս արարքի համար»:
Մեկնաբանելով ՕԵԿ նախկին փոխնախագահ Գագիկ Ասլանյանի երեկ տարածած հայտարարությունը՝ իր նախկին կուսակցության հետ այլեւս ճանապարհ չանցնելու մասին՝ տիկին Բիշարյանն ասաց. «Գագիկ Ասլանյանը մեկն է մեր կուսակցության 110 հազար անդամներից: Եվ մենք վաղուց գիտեինք նրա այդ մտադրությունների մասին, ավելին՝ դեռ ամիսներ առաջ «Առավոտը» գրել էր այդ մասին: Չեմ ցանկանում պիտակավորել նրան, չնայած այնքա՜ն բան կա ասելու: Սակայն նշեմ առնվազն 3 պատճառ:
Պատճառ 1-ին՝ Գագիկ Ասլանյանը չընդգրկվեց մեր համամասնական ցուցակում եւ խիստ նեղսրտեց:
Պատճառ 2-րդ՝ օրերս մենք նրա եղբորն ազատեցինք Թալինի ընտրատարածքային հանձնաժողովի անդամի պարտականությունից, քանի որ մեր տեղերի մի մասը տվել էր ՀՀԿ-ին: Ունենք գրավոր բողոքներ ու փաստեր եւ այժմ քննարկում ենք դրանք իրավապահ մարմիններին փոխանցելու խնդիրը, սակայն կուսակցության նախագահը դեմ է այս մոտեցմանը:
Պատճառ 3-րդ՝ ԺԴԿ-ն շուրջ 4 տարի առաջ լուծարվել եւ միացել է ՕԵԿ-ին, եւ թե ինչու է Գագիկ Ասլանյանն ընտրություններից մի քանի օր առաջ նման հայտարարություն անում՝ նույնպես պարզ է: Չար լեզուներն ասում են, որ իշխանություններն աթոռ են խոստացել ՀԺԿ-ից՝ ԺԴԿ, ԺԴԿ-ից՝ ՕԵԿ գնացող այս պարոնին: Բոլոր դեպքերում, այս քայլից պատվերի «հոտ է հնչում», որը պատիվ չի բերում նրան, որն իր նախկին շեֆերից մեկի խորհրդով որոշել է իբր մեզ «վատություն» անել: Այն շեֆերի, որոնց գովերգում էր 2 տարի առաջ, երբ նշանակեցինք տարածքային կառավարման փոխնախարար, իսկ 1 տարի առաջ՝ անասելի հայհոյում: Մեկնաբանություններն արդեն ավելորդ են: Ինչպես դիպուկ նշեց նախկին ԺԴԿ անդամ եւ ներկայումս ՕԵԿ աշխատակազմի ղեկավար Մելս Մարկոսյանը՝ կատարվածն ուղղակի դավաճանություն է»:

Հ. Գ. Հեղինե Բիշարյանը դիմել է համապատասխան մարմիններին, Շենգավիթի ընտրատարածքում, ուր ինքն առաջադրված է մեծամասնական ընտրակարգով՝ կատարվածի կապակցությամբ: Այս մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել