Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ»

Մայիս 08,2007 00:00

\"\"Այսպես է բացատրում իր մասնակցությունը ընտրություններին թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մնացական Մնացականյանը:

Մնացական Մնացականյանը բացարձակ առավելությամբ երկու անգամ Թալինի քաղաքապետ է ընտրվել: Այս տարի էլ թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը: Նրա խոսքերով՝ սրա հիմնական պատճառն այն է, որ իրենց տարածաշրջանի նախորդ պատգամավորը՝ ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը վատ է աշխատում. «Եթե նա լավ աշխատեր, ես չէի էլ մտածի իմ թեկնածությունը առաջադրել, սա կարիերայի հարց չէ: Ես իմ մրցակցին չեմ ճանաչել, նա է ընդհանուր ծանոթների միջոցով ինձ հետ կապ հաստատել: Մենք էլ նրան աջակցել ենք, քանի որ համարել ենք մեր հող ու ջրի մարդ: Մտածում էինք ունենալ մի արժանավոր մարդ, ով Ազգային ժողովում կներկայացնի մեր տարածաշրջանի խնդիրները: Բայց նա մեր սպասելիքները չարդարացրեց, անպատասխանատու գտնվեց: Մեր բնակիչները շատ են փորձել նրա հետ կապվել, իրենց խնդիրները ներկայացնել, բայց նա իրեն փնտրողներին ասել է՝ ով ուզում է ինձ տեսնել, թող գա «Մաքս գրուպ»՝ իմ օֆիս: Որքան ես տեղյակ եմ, պատգամավորներին օֆիսներում չեն փնտրում, նա պետք է մեր տարածաշրջանում գրասենյակ ունենա կամ մարդկանց հետ հանդիպելու սահմանված ժամանակացույց: Նրա հետ ես էլ եմ փորձել խոսել եւ խորհուրդ եմ տվել, որ ժողովրդի հետ կապը պահի, սակայն նա ոչինչ էլ չարեց»: Մ. Մնացականյանը հաշվի առնելով նախորդ պատգամավորի գործունեությունը, հավանության արժանացրեց «Պատգամավորին ետ կանչելու մասին» օրենքի նախագիծը. «Եթե անցնեմ խորհրդարան, ես առաջինն եմ այդ օրենքի համար դրական քվեարկելու»: Այն հարցին, թե արդյոք ժողովուրդը չի՞ մեղադրի իրեն, որ նախորդ պատգամավորին աջակցել է, պարոն Մնացականյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ քվեարկողն ու աջակցողը մեղավոր չեն, մեղավորը նա է, ով խոստացել ու չի կատարել իր խոստումը»: Նա ասաց նաեւ, որ տարածաշրջանի բնակիչները բոլոր թեկնածուներին ճանաչում են եւ կքվեարկեն իրենց խղճին համապատասխան. «Թալինցիները չեն սիրում, երբ իրենց խաբում են: Կարծում եմ՝ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի: Ես շփվել եմ թիվ 15 ընտրատարածքի բնակիչների հետ եւ այդ սեւ PR-ը, որ իմ դեմ են անում, իր նպատակին չի ծառայի: Խաչիկ Մանուկյանը ժողովրդին խնդրում է իրեն տան եւս 4 տարի, այնինչ՝ հիմա 5 տարի ժամանակով են ընտրվում»: Մ. Մնացականյանի խոսքերով՝ երբ վարչապետն այցելել է իրենց տարածաշրջան, իր հետ է եղել նաեւ Խաչիկ Մանուկյանը. «Հավաքին ներկա բնակիչները վարչապետին բողոքել են, թե որտեղի՞ց եք գտել այս մարդուն, իրենք 4 տարի է նրա երեսը չեն տեսել»:

Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետ եղած ժամանակահատվածում իր կատարած աշխատանքների մասին չցանկացավ շատ խոսել, միայն ասաց, որ փորձել է ու փորձում է անել ամենալավը Թալինի եւ ընտրատարածքի մնացած 76 համայնքների համար: Իսկ հետագա անելիքները, ըստ նրա, շատ են. «Անելիքներ դեռ կան, պրոբլեմները շատ են: Ճիշտ է՝ մեր քաղաքի մանկապարտեզներն ու դպրոցները վերանորոգված են ու ջեռուցվում են, երաժշտական դպրոցն էլ է ջեռուցվում, սակայն միայն Թալին քաղաքով չի ամեն ինչ ավարտվում: Այս ամենին հասել ենք մի քանի բարերարների աջակցությամբ. ասֆալտապատվել են հիմնականում դպրոցների ու մանկապարտեզների ճանապարհները, վերանորոգվել է մեր քաղաքի ջրամբարը: Ունենք նորակառույց սպորտդպրոց՝ 3 դահլիճներով, բայց դեռ աշխատատեղերի խնդիր ունենք, քիչ են, որի պատճառով Թալինի 7600 բնակչից 2000-ը մեկնել է արտագնա աշխատանքի»: Պարոն Մնացականյանը համոզված է, որ պետք է պետականորեն մշակվի գյուղերին աջակցելու ծրագիր: Ըստ Մ. Մնացականյանի, գյուղերին պետք է յուրահատուկ մոտեցում, առաջնահերթ պետք է հարկային դաշտում փոփոխություններ մտցվեն. «Գործարարները մայրաքաղաքում եւ գյուղերում նույն հաստատագրված հարկն են մուծում, այդ պատճառով ոչ մի գործարար էլ չի գալիս գյուղում աշխատելու: Պետք է հարկային արտոնություններ տալ նրանց, որ գան գյուղերում էլ իրենց բիզնեսը ընդլայնեն: Դպրոցների պահպանության համար պետությունը գումարներ է տալիս, այդ գումարը աշխատակիցները կարող են իրենց նպատակներին էլ ծառայեցնել, ստացվում է, որ ավելի քիչ երեխա ունեցող դպրոցներն ավելի մեծ գումար են ստանում, իսկ ով ասաց, որ ծանրաբեռնված դպրոցի աշխատողը քիչ գումար պիտի ստանա: Այս ամենի համար պետք են ընդհանուր գլոբալ ծրագրեր, որոնք պետք է սկսել հենց Ազգային ժողովից»: Պարոն Մնացականյանը նշեց նաեւ, որ նախալեռնային եւ սահմանային գոտիներում ոռոգման ջրի խնդիր էլ կա, բացի այդ, ամեն ինչ թողնված է բնության քմահաճույքին. «Ունենք 1200 հեկտար վարելահող, որի միայն կեսն է մշակվում, սերմացու չունենք եւ գումար էլ չկա, որ գնենք: Եթե պետական աջակցություն լինի, ցածր տոկոսներով վարկեր տրամադրվեն, գյուղացին ապահովագրված կլինի: Գյուղին ու գյուղացուն ոչ թե փրկիչ է պետք, այլ պետական աջակցություն: Հասկանում եմ, որ ես միայնակ ոչինչ չեմ կարող անել, բայց սա չի նշանակում, որ պատրաստվում եմ որեւէ կուսակցության անդամագրվել, այլ լինելու եմ այն կուսակցությունների կողքին, որոնց ծրագրերը համահունչ են իմ ծրագրերի հետ: Ես ինձ համարում եմ ժողովրդի կողքին կանգնած մարդ, ինձ համար առաջնահերթ է ժողովրդի շահը: Ո՛չ արմատական ընդդիմություն եմ, ո՛չ էլ իշխանամետ: Ես կուսակցություն կմտնեմ այն ժամանակ, երբ այսքան կուսակցություններից մի քանիսը կմնան»:

Մ. Մնացականյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ոչ մի խոստում չի տալիս. «Միայն մի բան եմ խոստացել, որ պատգամավոր դառնալուց հետո ժամանակ առ ժամանակ հանդիպելու եմ ժողովրդի հետ: Չեմ ասում, որ անընդհատ հանդիպելու եմ, բայց գոնե տարին երկուսից երեք անգամ կշրջեմ թիվ 15 ընտրատարածքի գյուղերով ու քաղաքներով»: Պարոն Մնացականյանը համոզված է, որ իրենց տարածաշրջանում ընտրություններն ակտիվ են անցնելու, քանի որ մարդիկ նորության են սպասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել