Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի՞ կապ չունեն

Մայիս 08,2007 00:00

\"\"ԲՀԿ նախագահը հերքում է իր կապը միջադեպի հետ

Մայիսի 3-ին, ժ. 22:00-ի սահմաններում, «STOP» ռոք ակումբում դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Տեղի ունեցածի կապակցությամբ մայիսի 5-ին նա դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին ու ստացել դատաբժշկի ուղեգիր: Թե ովքեր են եղել իրեն ծեծողները` Շ. Պետրոսյանն, իհարկե, ոստիկանությունում ասել է՝ մատնանշելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամներին: Նրա պատմելով, հիշյալ ակումբում ինքն ասել է, թե՝ «ինչո՞ւ ակումբի պատին չեն փակցնում Դոդի Գագոյի լուսանկարը, քանի որ դա կմեծացնի ակումբի այցելուների թիվը»: Դա ակնհայտորեն դուր չի եկել հարեւան սեղանի մոտ նստած երկու երիտասարդների, որոնք սկսել են լեզվակռիվ տալ Շ. Պետրոսյանի հետ՝ «պարոն Ծառուկյանին Դոդի Գագո չասես»: Հետո նրանցից մեկը բջջայինով զանգահարել է ինչ-որ տեղ, հեռախոսը փոխանցել Պետրոսյանին, ինչ-որ մեկն էլ հեռախոսի այն կողմից ներկայացել է որպես «Ծառուկյանի Էդո» եւ Շ. Պետրոսյանին հրահանգել է մնալ տեղում, որովհետեւ իրենք հիմա գալիս են եւ Պետրոսյանն իր ասածների համար պետք է պատասխան տա: Քիչ անց եկել է սափրագլուխների «պատժիչ» խումբը, Շ. Պետրոսյանին տղայի ներկայությամբ ծեծելով մտցրել ջիպ ավտոմեքենան ու տարել անհայտ ուղղությամբ՝ մեքենայում մոտ երկու ժամ ծեծի ենթարկելով՝ մինչեւ գիտակցությունը կորցնելու աստիճանի, ու մեքենայից դուրս նետել արդեն Ջրաշխարհի ճանապարհին: «Ծառուկյանի Էդոն», Շ. Պետրոսյանի ասելով, Ծառուկյանի թիկնազորի պետն է, եւ նրա ու մյուս սափրագլուխների լուսանկարները կան կուսակցության կայքէջում: «Ես բոլորին ճանաչեցի: Վկաները հարցաքննվել եւ նկարագրել են նրանց, ես էլ եմ նկարագրել, որքան կարողացել եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Շ. Պետրոսյանը: Նա չպնդեց, բայց կարծիք հայտնեց, որ թեեւ իրեն ծեծի ենթարկելու կազմակերպիչները հայտնի են, բայց իրավապահներն այդ հանցագործությունը չեն բացահայտի կամ «կբացահայտեն, երբ դրա համար ավելի նպաստավոր պայմաններ լինեն»: ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը երեկ հայտարարել է. «Իրեն հետ հարց է ունեցել արտասահմանցի, որի հետ ինքը [Պետրոսյանը] իրեն շատ լկտի է պահել: Կարող եք հիմա համապատասխան օրգաններից այդ պատասխանը ստանալ: Արտասահմանցի հայ է եղել, ինձ հետ կապ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել