Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ

Մայիս 08,2007 00:00

\"\"Ներքաղաքական նոր սկանդալը սկսվել է մայիսի 5-ին

Հայաստանում ընտրությունների նախաշեմին ընդդիմության ակտիվացմանը զուգահեռ հետապնդումներ են սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Մայիսի 5-ին նախկին նախարարներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի բնակարաններում խուզարկություն են կատարել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Արդյունքում, ըստ ԱԱԾ հաղորդագրության, հայտնաբերվել են խոշոր չափի գումարներ արտարժույթով։ Ալ. Արզումանյանի բնակարանում խուզարկությամբ առգրավվել է 55 400 ԱՄՆ դոլար, որի ծագման եւ օգտագործման վերաբերյալ վերջինս հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալ: Վ. Շիրխանյանի բնակարանի խուզարկության արդյունքում առգրավվել է 28 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրությունից պարզվում է, որ այդ կառույցի կողմից «ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2007 թ. ապրիլի 24-26-ը ընկած ժամանակահատվածում գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում, այսպես կոչված՝ «Քաղաքացիական անհնազանդության շարժման» նախաձեռնողներ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը համաձայնության են եկել» 2005թ.-ից ֆինանսական զեղծարարությունների համար հետախուզման մեջ գտնվող «ՀՀ նախընտրական շրջանում որոշակի նպատակներ հետապնդող եւ դրանց իրագործման ակնկալիքներ ունեցող ՌԴ քաղաքացի Լեւոն Գրիգորի Մարկոսի հետ՝ իրենց միջոցով կազմակերպելու կասկածելի ծագում ունեցող գումարների ՀՀ տեղափոխումը եւ օրինականացումը»։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն, «մասնավորապես ֆիքսվել է, որ ս/թ. ապրիլի 27-ին Երեւանի «Կոնվերս» բանկ դրածո 9 անձանց անվամբ, բայց փաստացի իրենց համար նախատեսված, Մոսկվայից մաս-մաս փոխանցվել է 180 հազար ԱՄՆ դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Գործը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը»։

Ե՛վ Ալ. Արզումանյանը, ե՛ւ Վ. Շիրխանյանը սույն մեղադրանքները անհեթեթություն են համարում: Ալ. Արզումանյանը երեկ հայտարարեց, թե ինքն ընդհանրապես փոխանցված գումար չի ստացել, առգրավված գումարն իր անձնական խնայողություններն են եղել. «Ես տասը տարիների ընթացքում բազմաթիվ գրքեր եմ հրատարակել, որոնց հոնորարների բոլոր ստացականներն իմ տանն են: Դա իմ ամբողջ ունեցվածքն է՝ ի տարբերություն երկրի առաջին դեմքերի, որոնք մեկ օրվա ընթացքում 2 միլիոն են մսխում խաղատներում, նրանց թիկնապահների քշած ջիպերը երեք այդքան արժեն: Խոսում են փողերի լվացման մասին, կազինոյում 2 մլն օրական մսխելը փող լվալ չի՞, իմ ստացած հոնորարները փող լվա՞լ է»: Ալ. Արզումանյանի մատուցմամբ, տեղի ունեցածը «քաղաքական պատվեր» է: Ըստ նրա, ներկայիս ռեժիմը, որն ամեն կերպ փորձում է վերարտադրվել եւ այդ նպատակով նախատեսում է գնալ աննախադեպ ընտրակեղծիքների, արդեն իսկ փորձում է ստեղծել երկրում վախի մթնոլորտ: «Ոչինչ չի ստացվելու, նրանք չեն կարող մեզ լռեցնել, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մենք համաժողովրդական ցասման կոչ ենք անում»,- ասաց Ալ. Արզումանյանն ու հավելեց, որ եթե իշխանությունը նման քայլերով փորձում է փակել իրենց բերանը, ապա դա նրանց չհաջողվեց. «Մենք պայքարելու ենք, քանի դեռ Հայաստանում իշխանությունը չի ձեւավորվել արդար ընտրությունների միջոցով»:

Ինչպես Ալ. Արզումանյանը, այնպես էլ Վ. Շիրխանյանը չեն հերքում, որ իրենք ապրիլին Մոսկվա են մեկնել նույն ինքնաթիռով: Ալ. Արզումանյանն ասաց, որ ինքը մեկնել էր ՌԴ առաջին նախագահ Ելցինի հուղարկավորությանը, իսկ Վ. Շիրխանյանի մատուցմամբ, ինքը մեկնել էր ընկերների մոտ՝ դստեր հարսանիքի պատրաստության եւ «Շանհայյան ակումբ» հ/կ գրասենյակի վարձակալության համար գումար ստանալու ակնկալիքով, եւ գումար, իրոք, ստացել է: «Գումարն ինձ փոխանցվել է մաս-մաս, մի քանի հոգու անունով՝ աղջկաս, փեսայիս եւ ինձ ծանոթ այլ մարդկանց անունով: Ինչու մաս-մաս, որովհետեւ ուրիշ տարբերակ չկար. Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծված, որ մարդիկ վախենում են մեծ չափի գումարներ ուղարկել, բացի այդ՝ ՌԴ-ում արգելվում է, որ ոչ ՀՀ քաղաքացին այդքան գումար փոխանցի»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Վ. Շիրխանյանը: Նա նաեւ ասաց, որ գումարը ստանալու ժամանակ հենց տեղում արդեն պարզ է եղել, որ գործարքը վերահսկվում է: Հաջորդ օրն եւեթ ԱԱԾ են հրավիրել նախկին նախարարի դստերը, փեսային եւ մյուսներին: «Նույն օրը ես ինքս եմ գնացել ԱԱԾ եւ ասել եմ, որ ես եմ խնդրել, որ գումար փոխանցեն, ստացված գումարն էլ տանն է: Բացատրություն գրեցի եւ 10 ժամ մեզ պահելուց հետո բոլորիս ազատ արձակեցին: Հաջորդ առավոտ եկան խուզարկության, ներկայացրին դատարանի որոշումը: Փնտրում էին զենք-զինամթերք, փող եւ այլն: Քրքրեցին, 28 հազար դոլար առգրավեցին, համակարգիչը, մի 3-4 թղթի կտորներ: Այսօր, որպես վկա, ԱԱԾ ներկայանալու ծանուցագիր են ուղարկել»:

Ինչ վերաբերում է «Անհնազանդություն շարժման» հետ Վ. Շիրխանյանի առնչություններին, որի պատճառով հայրենի ԱԱԾ-ն այդքան անհանգստացել է, ապա նախկին նախարարի ասելով՝ «ես այդ շարժման ղեկավար կազմի անդամ չեմ, թեեւ մասնակցել եմ նրանց նախաձեռնություններին՝ որպես քաղաքացի, եւ էլի մասնակցելու եմ ե՛ւ «Անհնազանդության», ե՛ւ ընդդիմության բոլոր միջոցառումներին, որովհետեւ համարում եմ, որ Հայաստանում իսկապես պետք է ստեղծվի օրենքի իշխանություն եւ ժողովրդի կողմից ձեւավորված օրինական իշխանություն»: Իր եւ Ալ. Արզումանյանի նկատմամբ սկսված հետապնդումները Վ. Շիրխանյանն այսպես մեկնաբանեց. «Սրա նպատակը միանշանակ ե՛ւ հասարակության ակտիվ զանգվածին, ե՛ւ ընդդիմադիրներին ահաբեկելն է, եւ դրանով ընտրությունները հերթական անգամ կեղծելու համար ավելի հարմար պայմաններ ստեղծելը: Պետք է հիշեցնեմ, որ 2003թ. ընտրությունների նախաշեմին էլ նման մի բան եղավ իմ հանդեպ եւ իմ անունը սկսեցին կապել մեկ այլ՝ դարձյալ ինձ քաջ ծանոթ անձնավորության՝ Արբակ Խաչատրյանի անվան հետ: Այո, ես ճանաչում եմ Լեւոն Մարկոսին, նրան շատ հարգում եմ, որովհետեւ նա շատ հայրենասեր տղա է եւ պատերազմի տարիներին ամենասուղ պայմաններում Հայաստանին օգնություն է ցուցաբերել եւ մեր երկրի համար արել է այն, ինչ այս իշխանությունները չէին անի: Չգնահատել նրա արածները՝ ես չեմ կարող, բայց այդ տղային Մոսկվայում ես չեմ տեսել, ցավոք: Լավ կլիներ հանդիպած լինեի»:

Վ. Շիրխանյանը մեզ հետ զրույցում նաեւ արձանագրեց. «Այսօր պարզ է, որ հայաստանյան բանկերն ուղղակիորեն վերահսկվում են ԱԱԾ կողմից եւ այդ բանկերը փաստացի դարձել են ԱԱԾ-ի կառույց: Ով՝ ինչ փոխանցեց, ինչ բերեց, ինչ տվեց: Այդ ամբողջը վերահսկողության տակ է: Դա խայտառակ բան է, բայց միանգամայն բացատրելի է այս իշխանության պարագայում: Այն, ինչը նրանք են անում՝ իշխանությունը բռնազավթածների համար այդ իշխանությունը պահելու լավագույն միջոց է համարվում»:

Ի դեպ, երեկ ԱԱԾ-ում բացատրություններ է տվել «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման խորհրդի անդամ Արարատ Ասրյանը, ԱԱԾ է հրավիրվել նաեւ շարժման ակտիվիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Կարապետյանը՝ «Ագո»: Իսկ այն, որ սկսված հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն՝ ակնհայտ է հե՛նց ԱԱԾի տարածած հաղորդագրությունից, որտեղ շեշտված է «Քաղաքացիական անհնազանդության շարժում» նախաձեռնության անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել