Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 07,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ տասնիններորդ

ԱՐՁԱՆԻՑ ՀԵՏՈ

Ինչքան էլ ասեմ ու կրկնեմ, որ ռեկորդակրի էս ծավալապաշտական նկրտումներս ընդամենն անմեղ կատակներ են, միեւնույն է, չուզողներս ու մանավանդ գրական չուզողներս էս ամենը միանգամայն լուրջ են ընդունելու, եւ, պետք է ասեմ, լուրջ ընդունելու չափազանց լուրջ հիմքեր ունեն, ու էդ լուրջ հիմքերից մեկն էլ էն է, որ յուրաքանչյուր կատակ իր մեջ լրջության ու լրջի միանգամայն երեւելի առկայություն է պարունակում, եւ երկրորդ՝ չուզողներս ու մանավանդ գրական չուզողներս կույր չեն եւ հստակ տեսնում են, որ իսկապե՛ս ընդհուպ մոտեցել եմ Քրիստափորի ու Շոլոխովի ռեկորդներին, եւ ինչքան էլ գրական չուզողներս իրենք իրենց հանգստացնեն՝ մտածելով ու ասելով, թե կարեւորը գրքի որակն է եւ ո՛չ թե ծավալը, միեւնույն է, իրենց հոգիների խորքերում լավ էլ անհանգիստ են, եւ իրենց էս անհանգստությունն էլ է չափազանց բնական, որովհետեւ իրենց ստեղծագործական գերհագեցած ու բուռն կյանքում մեկ կամ երկու անգամ են հաջողացրել հիսուն էջի սահմանն անցնել, եւ սա էլ է միանգամայն բնական, որովհետեւ իրենք բացառապես խելոք ու խելացի բաներ են գրել ու գրում, իսկ հիսուն էջ լիքը խելոք բաներ գրելը, հասկանում եք, էնքան էլ հեշտ գործ չի, եւ եթե իրենք ինձանից առաջ գլխի ընկնեին, որ գրականությունը միայն խելոք ու խելացի բաներ գրելը չի, գուցեեւ ինձանից շուտ հենց իրե՛նք խփեին Քրիստափորի եւ այլոց ռեկորդները:

Էսքանից հետո, երբ հիշում եմ, որ անխելք ու անկապ բաներ գրողների մեջ էլ կան մարդիկ, որոնց համար է՛լ հիսուն էջը ռուբիկոնի պես բան է, անկախ ինձանից սկսում եմ իմ իսկ աչքում կարեւորվել, եւ դրա պատճառը հենց մեր արձակագիրներն են, մանավանդ՝ արձակագիրների նոր սերունդը, եւ ես ջահելները, կարելի է ասել, մեջների խելոքներն են եւ երբ ինձ ուզում են հասկացնել, որ իզուր եմ արձակ սկսել, իրենց մարդասիրական հայացքները վրաս հառելով ասում են՝ «մի օր հաստատ էլի կսկսես պոեզիա գրել. ախր շա՜տ լավ էիր գրում», եւ էլի գոհ եմ՝ որ էդքանն ասում են, որովհետեւ իրենց մեծերն էդ է՛լ չեն ասում, այսինքն՝ ցույց չեն տալիս, թե արձակ սկսելուս մասին որեւէ տեղեկություն ունեն, ու էս ասածս վերաբերում է հատկապես միջին սերնդի հատկապես է՛ն արձակագիրներին, որոնք վերջին տասնհինգ տարիներին որեւէ բան չեն գրել, ավելի ճիշտ՝ գրիչո՛վ չեն գրել, բայց սա չի նշանակում՝ թե համակարգիչով են գրել, այլ միայն՝ հեռուստացույցով ու հիմնականում ԱԼՄ-ով, եւ քանի որ Տիգրան Կարապետիչը սրանց առավոտվա ասածները կեսգիշերին կրկնել է տալիս, սրանք արդեն կրկնակի գրող են դառնում ու առավոտյան արդեն մյուսներիս վերեւից են նայում, ու էս հանգամանքն է՛լ է պատճառ, որ Գրողների միություն համարյա չեմ գնում, որովհետեւ սրանք մշտապես կանգնած են Գրողների տան գլխավոր մուտքի մոտ՝ հենց պահակի տեղում, եւ Գրողների տան պահակի տեղը մշտապես գրաված՝ առավոտից իրիկուն ուրիշ գրող են փնտրում, որ վերեւից նայեն, ու ես, որ էդ հաճույքն իրենց հազվադեպ եմ պատճառում, առաջ կարծում էի, թե՝ էս վերեւից նայելը բանաստեղծների՛ մենաշնորհն ու մասնագիտությունն է, բայց հիմա, երբ արդեն վերջնականապես եմ արձակի անցել, մանրից ու հետզհետե սկսում եմ հասկանալ, որ Գրողների տան խեղճ պահակի տեղին հավակնում են հավասարապես բոլոր ժանրերի ներկայացուցիչները, ընդ որում՝ հատկապես է՛ն ներկայացուցիչները, որոնք վաղուց արդեն որեւէ ժանրով չեն ստեղծագործում, այսինքն՝ որեւէ բան չեն գրում, ընդ որում` չեն գրում ո՛չ թե էն պատճառով, որ չեն կարողանում գրել, եւ ոչ էլ է՛ն պատճառով, որ պահակի էդ հատվածում գրելու հարմարություն չկա, եւ ոչ էլ է՛ն պատճառով, որ գրելու պրոցեսը, փաստորեն, խմելու պրոցեսից ժամանակ է խլում, այլ իրենք վաղուց գրելը դադարեցրել են էն պարզ պատճառով, որ սրանք վաղուց գրած ունեն է՛ն ամենը, ինչ մարդ արարածն ի վիճակի է գրել, եւ սրանց կարդացողն ու հասկացողն էլ սերունդներն են լինելու եւ ոչ թե՝ գրողները, քննադատներն ու ընթերցողները, եւ քննադատներն էլ երբեք սրանց գրածները չեն քննադատում ո՛չ թե էն պատճառով, որ սրանք վաղուց որեւէ բան չեն գրել, այլ է՛ն հասկանալի պատճառով, որ վախենում են քննադատելուց հետո Գրողների տան գլխավոր մուտքի մոտ ռաստ գալ սրանց՝ մանավանդ խմած վիճակներում, որովհետեւ քննադատներն ու բոլորս արդեն վերջնականապես ենք համոզվել, որ պետությունը, իշխանություններն ու Գրողների միության նախագահները մշտապես փոխվում են, իսկ գրողների էդ տեսակը մշտապես կա, կլինի ու կմնա իր տեղում, ավելի ճշգրիտ՝ Գրողների տան պահակի՛ տեղում:

Ինչ վերաբերում է ավագ սերնդի մեր արձակագիրներին, նրանց հետ երբեւէ որեւէ խնդիր չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ, եւ իրենք իրենց հարցազրույցներում մի գլուխ անունս տալիս ու ինձ գովում են, ընդ որում՝ միանգամայն մաքուր սրտով են գովում ու էս անծայրածիր վեպիս մասին էլ փիս բաներ չեն խոսում ո՛չ միայն էն պատճառով, որ էս վեպս չեն կարդացել, այլեւ է՛ն պատճառով, որ արձակիս ու էս վեպիս մասին ընդհանրապես որեւէ տեղեկություն չունեն եւ իրենց հարցազրույցներում շարունակում են ինձ գովել՝ միայն բանաստեղծություններս նկատի ունենալով, ընդ որում՝ Սովետի՛ օրոք գրածս ոտանավորները, որովհետեւ տեղյակ չեն, որ Սովետից հետո էլ եմ ոտանավոր գրել, ու հին գրածներս գովում են, որովհետեւ Սովետի օրոք չափազանց օրինավոր ու օրինակելի բանաստեղծ էի եւ հակասովետական բաներ չէի գրում, եւ հիմա էլ Սովետի դեմ չեմ գրում, որովհետեւ ես ընդհանրապես որեւէ բանի դեմ որեւէ բան չեմ գրում, մանավանդ՝ եթե էդ բանն արդեն գոյություն չունի ու որեւէ վտանգ չի ներկայացնում, մինչդեռ էսօր մեր գրողական շարքերում ինձ պես սովորական ու սովետական էնպիսի գրողներ կան, որ սովետական ժամանակներն էնքան մռայլ ու ահավոր են նկարագրում ու ներկայացնում, որ հավատդ չի գալիս՝ թե էդ ահավոր ժամանակներն անձամբ ապրել ու անձամբ հաղթահարել ես, եւ գրողներ էլ կան, որ իննսունականների սկզբների ցուրտն ու մութն են արհեստավարժորեն ողբերգական հիշում ու ներկայացնում՝ է՛ն աստիճան ահավոր ու ողբերգական, որ ամաչում ես էդ ողբերգությանն, էդ ցրտին ու էդ մութին դիմանալուդ համար, եւ մեջդ ցանկություն է առաջանում՝ վերադառնալ էդ ցուրտ ու մութ տարիներն ու հերոսի մահով ընկնել ո՛չ թե պատերազմի դաշտում, այլ՝ խորը թիկունքի էդ պաղ դեկորների ու արհեստական խրամատների մեջ:

Ինչպես տեսնում եք, ամեն տեսակ գրող էլ կա, այսինքն, ինչքան մարդ՝ էնքան գրող, եւ իմ հիմնական դժբախտությունն էն է, որ մշտապես խաղադրույքներով ու գրելով եմ զբաղված եւ, փաստորեն, ժամանակ չեմ ունենում՝ մտածելու ու ճշտելու, թե ինքս գրողական ո՞ր տեսակին եմ պատկանում, ու առ էսօր միակ ճշտածս էն է, որ ես որեւէ մեկի կամ որեւէ բանի դեմ որեւէ բան չեմ գրում, եւ եթե պնդեք՝ թե էդպիսի բան չի կարող լինել, դրանով ո՛չ թե ինձ հակադրված կլինեք, այլ ընդամենն ինձ բացառություն դարձրած կլինեք, որովհետեւ ես իսկապես որեւէ բանի կամ որեւէ մեկի դեմ որեւէ բան չեմ գրում եւ առաջին հերթին իմ ու ձեր մոտակա անցյալի՛ դեմ որեւէ բան չեմ գրում, եւ եթե համարենք, որ անցյալը ներկայի համեմատությամբ, փաստորեն, մեռյալ է, ապա իմ ու ձեր մոտակա անցյալն իմ ու ձեր ամենաթարմ մեռելն է, որը մեզանից ո՛չ միայն հարգանքի տուրք է պահանջում, այլեւ՝ հարազատի միանգամայն հոգատար վերաբերմունք, որովհետեւ հիշատակի ու հիշողության հարցն էս գլխից ոնց դնես՝ հետագայում էդպես էլ կգնա, մինչդեռ մտավորականի ու գրողի մի տեսակ կա, որը հատկապես մոտակա անցյալն է նախընտրում ոտնատակ տալ եւ միայն ամենահեռավոր անցյալին է խանդաղատանքով վերաբերվում, եւ եթե վերջնական համաձայնության գանք, որ մեր հինունոր անցյալները մեր հինունոր մեռելներն են, ապա մեր ամենաթարմ մեռելներին շարունակաբար ու հետեւողականորեն տրորող մտավորականի ու գրողի էդ տեսակն առնվազն իմ աչքում նմանվում է քուչեքի է՛ն լակոտլուկուտին, որ հատկապես ընկածին են սիրում խփել, եւ ընկածին սովորաբար խփում են նրանք, ովքեր սովորաբար առաջինը չեն խփում ու սկսում են ոտնել միայն է՛ն պահին, երբ ընկածն արդեն միանգամայն հորիզոնական դիրքում է գտնվում, եւ արդեն նույնիսկ առաջի՛ն խփողը խփելու անհրաժեշտությունը չի զգում, ու էս համեմատությունս էլ կոնկրետ որեւէ մեկի դեմ չէ, որովհետեւ էս ամենավերջին խփողներն էլ են ժամանակ առ ժամանակ հանիրավի խփվողի էդ հորիզոնական վիճակներում հայտնվում, ու ժամանակ առ ժամանակ սրանց քիթուբերաններից է՛լ է միանգամայն անտեղի արյուն չռռում էս չարչրկված ու հինավուրց հողին:

Այսինքն, վերստին, ինչքան մարդ՝ էնքան մտավորական, գրող ու մարդկային տեսակ, ու գրողական էս հարուստ տեսականու մեջ վերստին տեղս չեմ գտնում երեւի է՛ն պատճառով, որ ես ոչ թե գրող եմ ու գրում եմ, այլ ընդամենը փորձում եմ չստանձնել վերջինը խփողի դերակատարությունն ու պարտավորությունը, եւ դա է պատճառը, որ մարդիկ էս գրածիս մեջ սովետականի հանդեպ կարոտախտ են հայտնաբերում, մինչդեռ ես է՛ն մարդն եմ, որն իր հոգու խորքում լավ էլ ցնծում էր էն պահին, երբ Հանրապետության հրապարակը Լենինի արձանից մաքրում էին, բայց երբ էդ ահավոր պղինձը գահավիժեց, եւ երբ հհշականներից մեկը բարձրախոսով գոռաց՝ «ճիվաղն այլեւս չկա՛», ցնծությունս մեկից հօդս ցնդեց, եւ երբ հարյուրավորներն սկսեցին քարերով խփել էդ ահավոր ընկածին, չղմշեցի մի քար էլ անձամբ շպրտել եւ, հիշում եմ, հետ-հետ գնալով՝ հայտնվեցի իսկական կոմունիստների մի խմբում ու էդ խմբում էլ տեղս չգտնելով՝ Աբովյանով միայնակ ու դանդաղ բարձրացա, ու մեջս արդեն ո՛չ ցնծություն կար, ո՛չ ցավ, այլ միայն՝ ահավոր ճնշող դատարկություն, եւ չնայած փորձում էի ուրախանալ էդ արձանի առթիվ, բայց ուրախանալս չէր ստացվում, եւ փորձում էի որեւէ բան մտածել, ու մտածելս է՛լ չէր ստացվում, բայց մի քանի անհաջող փորձերիցս հետո մտածելս վերջապես ստացվեց, ու մտածեցի, որ եթե էդ արձանը վիժեցրած ակտիվիստներից լինեի, ուրախանալս լավ էլ կստացվեր, ու էս բանը մտածելով՝ հասա Ազատության հրապարակ, որն էդ պահին դափդատարկ էր, քանի որ՝ բոլորը գնացել էին արձանը հանելու, եւ ընթացքս շարունակելով՝ ճանապարհին հավատացյալ Խորենին տեսա, եւ Խորենն ինձ հարցրեց՝ «էս ո՞ւր», եւ ես ասացի՝ «եսիմ», եւ Խորենն ասաց՝ «ասում են՝ նեռին տապալել են», եւ ես ասացի՝ «հա», եւ Խորենն ասաց՝ «գնանք տենանք», եւ ես ասացի՝ «ես արդեն տեսել եմ», եւ Խորենն ինձ հարցրեց՝ «էդ տապալման պահն անձամբ տեսա՞ր», եւ ես ասացի՝ «հա», եւ Խորենն ասաց՝ «երնե՜կ աչքերիդ» եւ դեմքին իր մանկական ժպիտը ծաղկեցնելով ավելացրեց՝ «վազեմ՝ ես է՛լ տենամ», եւ ես ասացի՝ «առանձնապես տենալու բան չկա», եւ Հավատացյալն ասաց՝ «դու արդեն տեսել ես, դրա համար ես ըտենց ասում» եւ զվարթ թռչկոտելով վազեց դեպ Հրապարակ, ու ես ճանապարհս շարունակելով ու Պրոսպեկտն անցնելով՝ մոտեցա ու նստեցի դափդատարկ «Կազիրոկի» սեղաններից մեկի մոտ, հետո վեր կացա, մոտեցա դախլին, սուրճ պատվիրեցի, ու Ռիփսիկն ինձ տեսնելով՝ սարսափահար հարցրեց՝ «ասում են` էն գյոռնափշտիկին գյոռբագյոռ են արել. ճիշտ ա՞», եւ ես ասացի՝ «հա», եւ Ռիփսիկն ինձ հարցրեց՝ «աչքովդ ե՞ս տեսել, թե՞ լսելով ես ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «աչքովս եմ տեսել», եւ մատուցողուհի Անոն Ռիփսիկին ասաց՝ «Ռիփսիկ տոտա, իմ ասածին չես հավատո՞ւմ, որ Արմենին ես հարցնում», եւ Ռիփսիկն Անոյին ասաց՝ «ա՛յ ախչի, էդ ընենց բան ա, որ մարդ իրա սեփական աչքով էլ տենա՝ կարող ա էլի չհավատա», եւ Անոն ասաց՝ «աչքովս եմ տեսել. ուզում էի ոտս մի քիչ էլ կախ գցեմ, բայց մտածեցի՝ գործից շատ կուշանամ», եւ Ռիփսիկն Անոյին ասաց՝ «որ ըտենց հետաքրքիր խաբար բերիր, դրա համար էլ ուշանալուդ համար վրեդ շատ չխոսացի», եւ Անոն սուրճս ինձ տալով՝ Ռիփսիկին ասաց՝ «էսօր վաբշե հաճախորդ չկա», ու ես սուրճս վերցնելով՝ նստեցի դախլի տակի սեղանի մոտ, եւ Ռիփսիկն Անոյին ասաց՝ «երեւի սաղ գնացել են հրապարակ», եւ Անոն ասաց՝ «բայց ոնց որ էդքան շատ մարդ չկար, չէ՞, Արմեն», եւ ես ասացի՝ «ահագին ժողովուրդ կար», եւ Անոն ասաց՝ «էս օպերայի միտինգների համեմատ եմ ասում», եւ Ռիփսիկն ասաց՝ «ով չըլնի-չըլինի՝ մեր կլենտներն էնտեղ կըլնեն», եւ Անոն ասաց՝ «հա. մեր առաջվա կլենտներից ահագին մարդ տեսա», եւ Ռիփսիկն ասաց՝ «էս սաղ իրանց ձեռի գործն ա», եւ Անոն հարցրեց՝ «ի՞նչն ա իրանց ձեռի գործը», եւ Ռիփսիկն ասաց՝ «էդ արձանը հանելը, հեղափոխությունն ու ամեն ինչը», եւ Անոն ասաց՝ «հա՛. Վանոն էլ էր էնտեղ», եւ Ռիփսիկը հարցրեց՝ «ի՞նչ էր անում», եւ Անոն ասաց՝ «հեչ. իրա էն կեպին գլխին՝ հպարտ-հպարտ ֆռֆռում էր», եւ Ռիփսիկն ասաց՝ «որ իմանայի ըտենց կարեւոր մարդ են դառնալու, վախտին հետները շատ լավ կըլնեի», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «խի վատ ե՞ս էղել», եւ Ռիփսիկն ասաց՝ «չէ. ուղղակի կարող ա մի էրկու կոպիտ խոսք ասած ըլնեմ», եւ Անոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կոպիտ խոսք», եւ Ռիփսիկն ասաց՝ «խոսքի օրինակ եմ ասում», եւ Անոն ասաց՝ «Վանոյի հանդեպ միշտ էլ լավ ենք էղել», եւ Ռիփսիկն ասաց՝ «մյուսների հաշվով եմ ասում», եւ Անոն հարցրեց՝ «ո՞ր մյուսների», եւ Ռիփսիկն ասաց՝ «արդեն շատ ես խորանում» եւ ավելացրեց՝ «հաճախորդները գալիս են, նայի՝ մեկնումեկին հանկարծ չնեղացնես», եւ Անոն զարմացած ասաց՝ «էսքան վախտ ո՞ւմ եմ նեղացրել, որ հիմի նեղացնեմ», եւ Ռիփսիկն ասաց՝ «խառը ժամանակներ են. հիմի հատկապե՛ս պիտի զգուշ ըլնես», եւ Անոն ասաց՝ «Վանոյի հանդեպ միշտ էլ լավ ենք էղել», եւ Ռիփսիկն ասաց՝ «մենակ Վանոյով չի» եւ ավելացրեց՝ «հիմի ամեն մեկը կարա մի օրվա մեջ կարեւոր մարդ դառնա, օրինակ՝ հենց թեկուզ էս մորուքավորները», եւ Ռիփսիկի խոսքի վրա նայեցի ու տեսա, որ սրճարանին են մոտենում նկարիչներ Խաթլամաջյան Սեյրանն ու Հրաչը, եւ Անոն Ռիփսիկին ասաց՝ «էս մորուքավորներն ի՞նչ կապ ունեն. իրանք նկարիչ են», եւ Ռիփսիկն ասաց՝ «հիմի ամենաշատը նկարիչներից ու բանաստեղծներից պիտի զգուշանաս», եւ Անոն ծիծաղեց ու ասաց՝ «որ ասում ես՝ կզգուշանամ, Ռիփսիկ տոտա», եւ Ռիփսիկն ասաց՝ «հես ա՝ մոտենում են», եւ հենց էդ պահին Սեյրանն ու Հրաչը մոտեցան դախլին, եւ երբ իրենց բարեւեցի, Սեյրանը ձեռքս շատ ամուր սեղմելով՝ փաթաթվեց ու համբուրեց ինձ, այնուհետեւ Հրաչը նույնն արեց, եւ Սեյրանն ինձ ասաց՝ «շնորհավորում եմ, Արմեն ջան», եւ Հրաչը նույնպես ասաց՝ «շնորհավորում եմ, Արմեն ջան», եւ երբ հարցրի՝ «ինչի՞ համար», Սեյրանը զարմացած գոռաց՝ «ո՞նց թե՝ ինչի համար», եւ Հրաչը նույնպես զարմացավ ու գոռաց՝ «ո՞նց թե՝ ինչի համար», եւ երբ Սեյրանն իր զարմանքը պարզաբանելով ասաց՝ «հրեշից ազատվեցինք», Հրաչն ասաց՝ «ազատվեցինք հրեշից», եւ ես հարցրի՝ «հրապարակից ե՞ք գալի», եւ Սեյրանն ինձ ասաց՝ «հա. ամոթ քեզ, որ էնտեղ չէիր», եւ Հրաչը կմկմաց ու ասաց՝ «ամոթ քեզ», եւ ես Սեյրանին պատասխանեցի ու ասացի՝ «ես էլ եմ հապարակից գալի», եւ Սեյրանը ոգեւորված ինձ հարցրեց՝ «ամեն ինչ աչքովդ տեսա՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա. ո՞նց չտեսա», եւ Սեյրանն ասաց՝ «մենք էլ տեսանք, բայց տեսածներիս չենք հավատում», եւ Հրաչն ասաց՝ «հավատալու բան չի», եւ ես ասացի՝ «էդ առիթով արժի՛ մի բաժակ բան խմենք», եւ Սեյրանը, որ ընդհանրապես խմող չէր, ոգեւորված ասաց՝ «հա. էս առիթով արժե՛ շամպայն տրաքացնել», եւ Հրաչն ասաց՝ «արժի» եւ դեպի դախլը շրջվելով՝ Անոյին ասաց՝ «մի հատ շամպայն», եւ էդ պահին Սեյրանը Հրաչի թեւից քաշեց ու գոռաց՝ «այսօր ե՛ս եմ հյուրասիրում», եւ Հրաչը Սեյրանին ասաց՝ «ախր ինչի՞, ա՛յ Սեյրան», եւ Սեյրանը խրոխտ ասաց՝ «որովհետեւ այսօր ի՛մ օրն է» եւ Անոյին ասաց՝ «հանկարծ իրենցից փող չվերցնես, Անահիտ», եւ Անոն ասաց՝ «չեմ վերցնի, ընկե՛ր Սեյրան», եւ ես Անոյին ասացի՝ «ընկե՛ր մի ասա, ասա՝ պարոն», եւ Սեյրանն ինձ վրա գոռաց՝ «պարոնը դո՛ւ ես, շունի՛ն մեկը», եւ Հրաչն ականջիս շշնջաց՝ «մոռացել ե՞ս, որ ինքը դաշնակցական ա», եւ ես հիշելով, որ Հրաչն էլ է դաշնակցական, Հրաչին ասացի՝ «կներես, ընկեր Հրաչ», եւ Հրաչն ինձ մեղմ ժպտաց ու ասաց՝ «տարոսը քեզ», եւ Սեյրանը դախլից շամպայնի շիշը վերցրեց ու ասաց՝ «երեք հատ էլ դառը սուրճ, Անահիտ», եւ Անոն Սեյրանին ասաց՝ «Արմենը քաղցր ա խմում», եւ Սեյրանը ծիծաղեց ու ասաց՝ «այսօրվանից նոր ժամանակներ են սկսվում, Անահիտ», եւ Անոն ինձ ասաց՝ «քոնին շաքար կավելացնեմ», եւ ես ասացի՝ «ոչինչ. դառը կխմեմ», եւ Անոն ասաց՝ «ոնց կուզես», եւ Սեյրանը շամպայնը տրաքացնելով՝ ինձ ժպտաց ու ասաց՝ «պիտի դառին վարժվես, որովհետեւ պայքարի ժամանակներ են սկսվում», եւ Հրաչը կրկնեց՝ «պայքարի ժամանակներ են սկսվում», եւ ես ասացի՝ «էլ ի՞նչ պայքար. արձանը հանեցին՝ պրծան», եւ Սեյրանն իր բաժակը մեր բաժակներին խփելով ասաց՝ «մինչեւ դամբարանից չհանենք, չպիտի՛ հանգստանանք», եւ Հրաչն ասաց՝ «հա. դամբարանից է՛լ պիտի շպրտենք», եւ Սեյրանը վերստին իր բաժակը մեր բաժակներին խփեց ու Հրաչին նայելով ասաց՝ «եթե Արմենի պես ձեռքներս ծալած նստենք, ո՞վ պիտի շպրտի», եւ Հրաչն ասաց՝ «ձեռներս ծալած չպիտի նստենք», եւ Սեյրանը նորից իր բաժակը մեր բաժակներին խփեց ու ասաց՝ «շնորհավոր», եւ Հրաչն ու ես ասացինք՝ «շնորհավոր» ու խմեցինք, եւ Սեյրանը բեղերը մաքրելով ասաց՝ «փաստորեն, այսօր ազգային տոն է», եւ Հրաչն ասաց՝ «իսկական ազգային տոն ա», եւ Սեյրանն ասաց՝ «այսօրվա օրը կարմիրո՛վ պիտի օրացույցի մեջ նշվի», եւ Հրաչն ասաց՝ «անպայման կարմիրով», եւ ես զարմացած ասացի՝ «կարմիրը կոմունիստների՛ գույնն ա», եւ Սեյրանն ասաց՝ «կոմունիստների կարմիրից բացի՝ ուրիշ կարմիր ա՛լ կա», եւ Հրաչն ասաց` «ուրիշ կարմիր է՛լ կա», եւ Սեյրանն ասաց՝ «կարմիրի հազար ու մի նրբերանգներ կան», եւ Հրաչն ասաց՝ «հազար տեսակ նրբերանգներ կան», եւ Սեյրանը Հրաչին ասաց՝ «իզուր ես բացատրում. Արմենը նկարչություն չի հասկանում», եւ մինչ Հրաչը կմտածեր ինչ ասեր, ես Սեյրանին ասացի՝ «քո նկարածները լավ էլ հասկանում եմ», եւ Սեյրանն ասաց՝ «որովհետեւ ես շատ պարզ եմ նկարում», եւ Հրաչն ինձ նայեց, հետո նայեց Սեյրանին, ժպտաց ու ասաց՝ «ինքը շատ պարզ ա նկարում», եւ Սեյրանը Հրաչին ասաց՝ «իզուր ես բացատրում. ինքը նկարչություն չի հասկանում», եւ ես ասացի՝ «որ չեմ հասկանում, ո՞նց եմ քո նկարները հավանում», եւ Սեյրանն ասաց՝ «իմ նկարները որ հավանեիր, ուրիշներինը չէիր հավանի», եւ Հրաչն ինձ ասաց՝ «որ իրա նկարները հավանեիր, ուրիշներինը չէիր հավանի», եւ ես Սեյրանին հարցրի՝ «ի՞նչ ուրիշներ», եւ Սեյրանն ասաց՝ «անուններով չխոսենք», եւ Հրաչն ասաց՝ «անունները հեչ կարեւոր չեն», եւ Սեյրանն ասաց՝ «մանավանդ որ՝ էսօրվանից էդ անունները գոյություն չունեն», եւ Հրաչն ասաց՝ «էսօրվանից իրանք գոյություն չունեն», եւ ես հարցրի՝ «խի՞ հենց էսօրվանից», եւ Սեյրանը հաղթական ասաց՝ «էդ արձանը որ գցեցինք, էդ բոլոր անունները միանգամից օդ ցնդեցին», եւ Հրաչն ասաց՝ «հա. միանգամից օդ ցնդեցին», եւ Սեյրանն ասաց՝ «դժվարն արձանի հարցն էր. արդեն էդ արձանը որ գցել ենք, նկարչության ու մնացած բոլոր հարցերն իրենք իրենց կլուծվեն», եւ Հրաչն ասաց՝ «կարեւորն էն ա, որ արձանն արդեն գցել ենք», եւ ես հարցրի՝ «էդ արձանը ՀՀՇ-ն չի գցե՞լ», եւ Սեյրանը քահ-քահ ծիծաղեց եւ ինձ ասաց՝ «էդ ՀՀՇ-ն այսբերգի ընդամենը երեւացո՛ղ մասն է, ա՛յ խելոք», եւ Հրաչը նույնպես ծիծաղեց եւ Սեյրանին նայելով ասաց՝ «Արմենը մենակ էրեւացող մասն ա տենում», եւ Սեյրանն ասաց՝ «մենակ Արմենը չի», եւ Հրաչն ինձ նայեց ու ասաց՝ «մենակ դու չես», եւ Սեյրանը մեր բաժակները լցրեց ու ասաց՝ «շուտով բոլորի աչքերը կբացվեն», եւ Հրաչն ինձ ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «շուտով բոլորիդ աչքերը կբացվեն», եւ Սեյրանն իր բաժակը մեր բաժակներին խփեց ու ասաց՝ «մեկ անգամ ա՛լ իրար շնորհավորենք», եւ Հրաչն ասաց՝ «հա՛. շնորհավորենք», եւ ես իմ բաժակն իրենց բաժակներին խփելով ասացի՝ «շնորհավոր», եւ երեքս էլ խմեցինք, եւ Սեյրանը խմիչքից ու ուրախությունից կասկարմիր էր, եւ Սեյրանն ինձ նայելով՝ Հրաչին ասաց՝ «հեչ պարտադիր չի, որ բոլորն ամեն ինչ իմանան», եւ Հրաչն ասաց՝ «հեչ պարտադիր չի», եւ Սեյրանն ավելի մանրամասնեց ու Հրաչին ասաց՝ «պարտադիր չի, որ Արմենն ու բոլորն իմանան, որ արձանը հանողը կուսակցությունն է», եւ Հրաչն ասաց՝ «հեչ պարտադիր չի», եւ ես Սեյրանին հարցրի՝ «ի՞նչ կուսակցություն», եւ Սեյրանը քմծիծաղ տվեց ու ասաց՝ «ընդամենը մեկ կուսակցություն գոյություն ունի», եւ Հրաչն ասաց՝ «հա. ընդամենը մի կուսակցություն կա», ու Սեյրանն ասաց՝ «մնացածներն արբանյակնե՛ր են», ու ես ոչինչ չասացի, որովհետեւ ինձ համար պարզից էլ պարզ էր, որ խոսքը դաշնակցության մասին է, եւ Հրաչն ասաց՝ «արբանյակ է՛լ չեն, ա՛յ Սեյրան. դրանցից ի՞նչ արբանյակ», եւ Սեյրանը խիստ տոնով ասաց՝ «արբանյակնե՛ր են. դրանք բոլորն ալ մեր հակառակորդներին թյուրիմացության մեջ գցելու համար են ստեղծված», եւ Հրաչն ասաց՝ «հա. էդ գործը լավ էլ անում են», եւ Սեյրանը հարցրեց՝ «ի՞նչ գործ», եւ Հրաչը պատասխանեց ու ասաց՝ «մեր հակառակորդներին թյուրիմացության մեջ գցելու գործը», եւ Սեյրանը նորից մեր բաժակները լցրեց ու ասաց՝ «այսօր շատ կարեւոր օր է», եւ Հրաչն ասաց՝ «շատ կարեւոր օր ա», եւ Սեյրանն ասաց՝ «ես կասեի՝ պատմական օր է», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու որ խմում ես, էդ արդեն պատմական իրադարձություն ա», եւ Սեյրանը քահ-քահ ծիծաղեց ու ասաց՝ «փաստորեն, այսօր երկու պատմական իրադարձություն ենք նշում», եւ ես ասացի՝ «հա. մեկ արձանի հանելը, մեկ էլ՝ խմելդ», եւ Սեյրանը ժպտաց ու ասաց՝ «ժամանակին լավ էլ խմում էի», եւ Հրաչն ինձ ասաց՝ «մի ժամանակ Սեյրանը շատ ուժեղ խմող էր», եւ Սեյրանը խիստ տոնով Հրաչին ասաց՝ «բայց երբեք հարբեցող չեմ եղել», եւ Հրաչն ինձ ասաց՝ «հարբեցող չի էղել», եւ ես ասացի՝ «մի վախտ Սեյրանը ծխում է՛լ էր», եւ Սեյրանն ասաց՝ «երկուսն ալ միաժամանակ թարգեցի», եւ Հրաչն ասաց՝ «մի օրում համ խմելը թարգեց, համ էլ՝ ծխելը», եւ ես Հրաչին ասացի՝ «էն վախտ դուք իրար չէիք ճանաչում. ո՞նց ես իրա թարգելը հիշում», եւ Սեյրանն ինձ ասաց՝ «պատմել եմ», եւ Հրաչն ինձ ասաց՝ «պատմել ա», եւ Սեյրանն ասաց՝ «եթե խմելն ու ծխելը չթարգեի, այս պանծալի օրվան դժվար թե հասնեի», եւ ես հարցրի՝ «ինչի՞», եւ ինքն ասաց՝ «սիրտս շատ վատ էր», եւ Հրաչն ինձ նայեց ու ասաց՝ «սիրտը շատ վատ էր», եւ ես ծիծաղս չկարողացա զսպել եւ ծիծաղելով Հրաչին ասացի՝ «դո՞ւ ինչ գիտես, որ սիրտը շատ վատ էր», եւ Սեյրանը քահ-քահ ծիծաղեց ու ասաց՝ «պատմել եմ», եւ Հրաչն ինքն է՛լ ծիծաղեց ու ասաց՝ «պատմել ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել